o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱՐԳԻՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԻԿՈԼԸ ՊԱՐՏՎԵՑ, ԻՍԿ Ո՞Վ ՀԱՂԹԵՑ

25.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԿԱՐԳԻՆ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ  ՆԻԿՈԼԸ ՊԱՐՏՎԵՑ, ԻՍԿ Ո՞Վ ՀԱՂԹԵՑ

Այն, որ ծաղրածու Հայկ Մարությանը հաղթեց Երեւանի ավագանու ընտրություններում` ակնհայտից ակնհայտ է: Սակայն հաղթեց զրո սեփական եւ 100 տոկոս Նիկոլ Փաշինյանի քվեներով: Նույն արդյունքն էր լինելու, եթե նրա փոխարեն լիներ ցանկացած ոք, անգամ` որեւէ առարկա կամ կենդանի, ասենք` հռչակավոր Չալոն: Թե ինչի կհանգեցնի «կարգին» ընտրությունների արդյունքում Կարգին Հայկոյի քաղաքապետությունը` առանձին, մեծ եւ բավականին տխուր թեմա է: Սակայն այժմ հարցին անդրադառնանք ավելի գլոբալ` ընդհանուր համապետական քաղաքականության շրջանակներում:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ՀԱՂԹԱՆԱԿ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՈՒՄ

Ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող երեւանցիների 43 տոկոսը: Անշուշտ, այդ մասնակիցներից 81 տոկոսի քվե ստանալը քաղաքապետ դառնալու համար անվիճելի արդյունք է: Սակայն երեւանցիները գրեթե չեն լսել քաղաքապետացուի խոսքը, ծրագրերը եւ այլ` ՏԻՄ ընտրություններին բնորոշ բաները, փոխարենը գործնականում ամեն օր ունկնդրել են վարչապետի ելույթը: Այսինքն` 294 հազար քվեն իրականում ստացել է ոչ թե Հայկոն, այլ` Նիկոլը, ընդամենը հանգամանքների բերումով, Հայկոյի բախտն է բերել: Իսկ Նիկոլի համար այդ ցուցանիշը ոչ թե հաղթանակ է, այլ` պարտություն: Ամեն ինչ սեւի ու սպիտակի բաժանելով, ՏԻՄ ընտրությունները անչափ քաղաքականացնելով` նա մշտապես շեշտում էր, որ դա ոչ թե մայրաքաղաքային ընտրություն է, այլ անձամբ իրեն եւ իր հեղափոխությանը վստահություն կամ անվստահություն հայտնելու քվեարկություն: Այսինքն` վստահության հանրաքվե: Ժողվարչապետը, ձգտելով ժողովրդական մանդատ ստանալ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, ինքը դրեց, ըստ էության, շատ բարձր նշաձող` Երեւանի 845 հազար ընտրողներից ստանալ շուրջ 425 հազար կամ ավելի քվեներ: Այդ խնդիրը նա, չնայած իր գործադրած հսկայական ջանքերին եւ մայրաքաղաքը ծայրահեղորեն բեւեռացնելու, չկարողացավ լուծել` ստանալով մայրաքաղաքի ընտրողների ընդամենը 1/3-ի քվեն: Իսկ դա ժողովրդի անունից հանդես գալու մանդատի համար քիչ է: Իսկ եթե անդրադառնանք մարզերին, ապա իշխանափոխությունից հետո ոչ քիչ թվով համայնքներում եղել են ընտրություններ, սակայն ՔՊ կուսակցությունը գեթ մեկ գյուղապետի պաշտոն ձեռք չբերեց: Այսինքն` երկրի մասշտաբներով, արդեն ոչ թե ընտրողների 1/3-ի, այլ լավագույն դեպքում 25 տոկոսի վստահությունը կա հեղափոխության եւ իր առաջնորդի հանդեպ: Կարելի է ասել, որ տվյալ դեպքում հաղթեցին ընտրությունը բոյկոտածները, գումարած` բոլոր նրանց, ովքեր, մասնակցելով հանդերձ, «Իմ քայլը» դաշինքին եւ վերջինիս ընտրարշավը վարող Նիկոլին դեմ են քվեարկել: Եթե օգտագործենք նիկոլահայկոյական բառապաշարը, կստացվի, որ երեւանցիների 2/3-ը «սեւ» են: Ընտրությանը, այն էլ` այդպիսի գերքաղաքականացված ընտրությանը այդպիսի ցածր մասնակցությունը Նիկոլ Փաշինյանն իր առաջին տված գնահատականով բացատրեց նրանով, թե «Գազելները» չկային: Ինչին ի պատասխան ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իրավացիորեն նկատեց, որ մի՞թե «Գազելներն» ու ամբողջ հեղափոխական էյֆորիան նույն ազդեցությունն ունեն: Եվ իրոք, 2017-ին ավագանու ընտրություններին մասնակցում էր 40 տոկոս, որը ներկայացված էր ընդամենը երեք քաղաքական ուժով, մաքուր ՏԻՄ ընտրություն էր, իսկ այս անգամ, թեեւ սուպերքաղաքականացված էր, կային 12 մասնակից քաղաքական ուժեր, եւ առաջին խոշոր հետհեղափոխական ընտրությունն էր, դրան հավելվեց մասնակցության ընդամենը լրացուցիչ երեք տոկոս: Մի տեսակ շատ թույլիկ ցուցանիշ է «համաժողովրդական թավշյա հեղափոխության» համար: Իսկ թե ինչու ԲՀԿ-ն, «Լույսը», ՀՅԴ-ն, մնացյալ մասնակիցները այդպիսի ցածր տոկոսներ ստացան, դա էլ էր հասկանալի: Գործնականում ոչ մի մասնակից Նիկոլ Փաշինյանի վարչախմբին ընդդիմադիր չէր: Դե իսկ, եթե մասնակցում են Նիկոլի կառավարությունում ներկայացված ԲՀԿ-ն, «Լույսը» եւ ՀՅԴ-ն, ապա ընտրողը գերադասում է ձայնը տալ վերջիններիս «շեֆին»` Նիկոլին, այլ ոչ թե Նիկոլի թիմակիցներին:

 

«ՎԵՐԱԴԱՐՁ» ԴԵՊԻ «ԽՍՀՄ»

Հիշատակելով ԽՍՀՄ-ը, ամենեւին էլ նկատի չունենք 15 հանրապետություններից բաղկացած գերտերությունը, այլ սոսկ այդ տերության ընտրական համակարգը: Երեւանի ավագանու ընտրություններին որեւէ ընդդիմադիր ուժի չմասնակցելը բերեց նրան, որ ունեցանք գործնականում միակուսակցական ընտրություն: Իսկ բացի ՔՊ-ից, մյուսների մասնակցությունը ավելի շուտ նման է սոցճամբարի որոշ երկրներում այդտեղի Կոմունիստական կուսակցությունների արբանյակ կուսակցությունների մասնակցությանը: Արդյունքում ունենք այն, որ բոլոր մասնակիցները ճանաչեցին այդ ընտրությունների արդյունքները, դրանք անվանեցին ազատ, արդար եւ թափանցիկ, եւ բոլոր կողմերից գովերգեր են հնչում, թե այդ ինչ լավ եւ անթերի ընտրություններ են` առանց բողոքների, առանց խախտումների, եւ այլն, եւ այլն: ԽՍՀՄ-ում ապրածները կհիշեն, որ այդտեղ էլ ընտրություններից հետո ոչ ոք չէր բողոքում, բայց բոլորը հիանում էին կոմունիստների եւ անկուսակցականների անխախտ դաշինքի հաղթանակով եւ սովետական ժողովրդի ոչ պակաս անխախտ միասնությամբ: Ճիշտ է, առայժմ «համեստ» 81 տոկոսն է, որը կսազի ցանկացած դիկտատորական ռեժիմի, բայց այսպիսի արագ տեմպերով սովետական 99,9 տոկոս ցուցանիշը այնքան էլ անմատչելի չէ: Դրդապատճառներն էլ, թե ինչու բողոքող չկա, եւ խախտումներ չեն արձանագրվում, բավականին նման են խորհրդային իրականության դրդապատճառներին: Այն է` վախը` դեմ արտահայտվելու, իսկ «սխալ» քվեարկելու վախն էլ բավականին գործուն ապահովման միջոց ուներ: Նախ` վարչապետի ամենօրյա սպառնալիքները, որ սեւ հակահեղափոխականներին կպառկեցնեն ասֆալտին, կտան պատերով, կջախջախեն եւ այլն, գումարած նաեւ` ռեալ քվեն հսկելու տեխնոլոգիան: Նիկոլի հիշատակած «Գազելների» չլինելը կոմպենսացվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցում սեփական քվեարկած քվեաթերթիկի լուսանկարը հրապարակելով: Հիմա, այսպես կոչված` «տասովշչիկը» կարիք չունի «Գազելի» ներսում կամ մգեցված ապակիներով ահարկու ավտոմեքենայից, կամ ցուցադրաբար տեղամասի մատույցներում շրջելով անել իր գործը, այլ համակարգչի մոտ սոցցանցերում կամ էլեկտրոնային փոստի միջոցով հանգիստ հաշվառել լուսանկարված քվեաթերթիկները` իրենց տերերի տվյալներով հանդերձ: Իհարկե, միայն ամենամիամիտները բացեիբաց Ֆեյսբուքում հրապարակեցին քվեաթերթիկները, մեծամասնությունն, անշուշտ, միայն շատ սահմանափակ թվով մարդկանց մատչելի փակ խմբերում է դա հրապարակել: Բայց այդ միամիտներն էլ, կարծես թե, պլստացին, քանզի ընտրության պարտված մասնակիցները չեն բողոքի իրավապահներին, ու, միգուցե, իրավապահները այդ միամիտներին սեփական նախաձեռնությամբ դարձնեն «փող կլպելու» աղբյուր: Բայց դա արդեն մանր ու անհետաքրքիր դետալներ են:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

ԵՐԿՐՈՒՄ ԻՐԱՎԻՃԱ՞Կ Է ՓՈԽՎԵԼ

Երեւանի ընտրատեղամասերը փակվելուց անմիջապես հետո Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են ոչ թե 2019-ի մայիս-հունիս ամիսներին (ինչպես մշտապես պնդում էին հեղափոխականները), այլ` մինչեւ այս տարվա վերջ: Այնուհետ այդ արտահերթ ընտրություններն արագացնելու մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը. «Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաեւ տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը»: Իհարկե, բոլոր եփած հավերը ծիծաղից մեռան, լսելով, որ նոր Ընտրական օրենսգիրք չունենալով եւ պետբյուջե չհաստատելով` ԱԺ-ն պետք է ցրվի եւ արտահերթ ընտրություններ անցկացնեն, որպեսզի տնտեսությունը շահի, բայց կարեւորը թավշակրոնների շտապողականության բուն պատճառն է: Իրենց համար ակնհայտ է, որ հանրային վստահության բավարար պաշար չունեն, եւ իրենք էլ լավ գիտեն, թե 294 հազար քվեների որ մասը ինչ եղանակներով է կորզվել: Ու դրանց համար առավել քան պարզ է, որ այս ձմեռը նրանք քաղաքական առումով չեն վերապրելու, եւ 2019-ի գարնանը նրանց վարկանիշը արդեն պիտանի չի լինելու ո՛չ բնությանը, ո՛չ մարդկությանը: Ուստի նրանց մնում է հասնել շատ շտապ արտահերթ ընտրությունների, կամ բանակցելով ԱԺ խմբակցությունների հետ, կամ կիրառելով ուժային ճնշումներ: Ի վերջո, Բորիս Ելցինը ժամանակին թնդանոթով կրակեց Ռուսաստանի խորհրդարանի վրա...

Իսկ ինչ վերաբերում է բանակցություններին, ապա խորհրդարանական ուժերը պատրաստ են բանակցելու, բայց ինչի՞ շուրջ: ՀՀԿ-ն ստուգապես չի տեսնում ռեալ պատճառ, թե ինչու ԱԺ-ն չպետք է աշխատի մինչեւ 2022 թվականը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսպիսի հռետորական բանաձեւ է հնչեցնում. «Հուսամ, այս նախաձեռնության ձեւական պատրվակն է միայն Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշվող օրակարգային հարցը, այն է` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման իր ցանկությունը, որովհետեւ նման կոնսուլտացիաների, հանդիպումների ընթացքում կողմերը պետք է ազատ լինեն` քաղաքական օրակարգ ձեւավորելու»: Բայց միաժամանակ նա զգուշացնում է. «Հատկապես տարակուսելի է ժողովրդավարական երկիր կառուցող իշխանությունների համար ուժի տեսակետից խոսելու ցանկությունը: Սա նույնպես ընկալելի չէ, եւ ՀՀ օրենսդիր մարմնի վրա ճնշումներ գործադրելու շեշտադրումներ այդ քաղաքական կոնսուլտացիաները չպետք է ունենան, հակառակ պարագայում, ավելի լավ է` դրանք տեղի չունենան»: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի ընտրություններին, ապա. «Վստահաբար կարող ենք ասել` ՏԻՄ ընտրությունները ստացվել են, վստահության հանրաքվեն` ոչ»:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Խոշոր հաշվով, ինչպես իրավամբ նկատում է Էդուարդ Շարմազանովը, Երեւանի ընտրությունները սեփական վստահության հանրաքվեի վերածելով` Նիկոլ Փաշինյանն ընկավ իր իսկ ծուղակը: Այսինքն` ակնհայտ է, որ նա ժողովրդի անունից խոսելու մանդատ չունի, հետեւաբար այն, ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիսին, հակասահմանադրական հեղաշրջում է եւ իշխանության ապօրինի բռնազավթում: Սահմանադրական դատարանն ունի բոլոր հիմքերը` ճանաչելու Փաշինյանի իշխանության հակասահմանադրականությունը, հետեւաբար` ԱԺ խմբակցությունները, խոշոր հաշվով, նրա հետ բանակցելիք ունեն ընդամենը անցնցում, սահուն, որոշակի երաշխիքներով երկրի ղեկը լքելու վերաբերյալ: Հակառակ պարագայում խոսքը ուժային գրոհի մասին է, որի հետեւանքները անկանխատեսելի են երկու կողմի համար էլ: Ու անգամ, եթե ուժային ճնշմամբ` ընդհուպ ելցինյան մեթոդներով, ստացվի էլ պարտադրանքը, եւ հաստատվի Փաշինյանի դիկտատուրա, կամ ինչպես ասում է Շարմազանովը` Փաշինյանի անձի պաշտամունքի ռեժիմ, մեր երկիրը պարզապես չունի ռեսուրսներ` դիկտատուրա պահելու ավելին, քան մի քանի ամիս: Ուղղակի, այդ ամիսների ընթացքում կարող է Հայաստանի Հանրապետությունը պրծնել որպես այդպիսին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА