o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԱՅՆՊԻՍԻ ԲՆԱԳԱՎԱՌ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՎԵԼ ՆԵՐԴՐՈՂԻ»

19.09.2018 21:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԿԱ ԱՅՆՊԻՍԻ ԲՆԱԳԱՎԱՌ,  ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԳՐԱՎԵԼ ՆԵՐԴՐՈՂԻ»

Ինչպես հայտնի է, Հայաստանում նկատվում է ներդրումների լուրջ անկում՝ խոստացված թռիչքի փոխարեն: Արդյոք դա վերաբերո՞ւմ է նաեւ այն ոլորտներին, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, որը գործող կառավարությունը ներկայացրել էր իր առաջնահերթությունների ցանկում: Ներդրումների անկմանը եւ դրանց պատճառներին մեզ հետ զրույցում անդրադարձավ ՀՊՏՀ պրոռեկտոր, տնտեսագետ ԳԱԳԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ:

«ԹԵ՛ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ, ԹԵ՛ ՏԵՂԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ ՄԵԾ ՌԻՍԿԵՐ ԵՆ ԱՌԿԱ»

- Հայաստանում ինովացիոն զարգացումը՝ գիտատեխնիկական այսօրվա պոտենցիալով, չունի այն ներուժը, որով կկարողանա գրավել ներդրողներին: Ավելին, այսօր Հայաստանում չկա այնպիսի բնագավառ, որը կարող է գրավել ներդրողին: Հարցը միայն փող դնելը չէ, ներդրողը պետք է հասկանա, թե որտեղ պետք է այդ փողը ներդնի եւ ինչ շահույթներ կարող է ստանալ: Պետք է ազգային նորաստեղծ ինովացիոն համակարգ լինի` համալսարաններ, հետազոտական կառույցներ, արտադրություն, որի արդյունքում ներդրողը կգրավվի: Այսինքն, հենց այնպես գումարները չեն ներհոսի, գումարները հոսում են այնտեղ, որտեղ նաեւ գիտելիք է ստեղծվում: Մինչդեռ հիմա գիտելիքի ստեղծման վիճակը Հայաստանում, ցավոք, շատ վատ է: Եթե միայն բուհական ընդունելությունների տվյալները ուսումնասիրեք, ապա կտեսնեք, որ բնագիտական առարկաների մասով հետաքրքրությունները նվազած են, առանձին մասնագիտությունների գծով անգամ ֆակուլտետներ են փակվում: Մինչդեռ տեխնոլոգիաները հենց այդ գիտությունների հիման վրա են ստեղծվում: Այսինքն, մենք ունենք խնդիրներ ե՛ւ մարդկային կապիտալի տեսանկյունից, ե՛ւ միջավայրի տեսանկյունից, ինչը չի կարող գրավել ներդրողին:

Ինչ վերաբերում է թանկացումներին եւ ժողովրդին, նոր Հայաստանից հույսերին, մեր զրուցակիցը այսպես պատասխանեց.

- Ես կարող եմ գյուղատնտեսական ապրանքների մասով ասել, որ կլիմայական պայմանների պատճառով, օրինակ, պոմիդորի թփերը այրվել էին, նույնը ձմերուկի մասով: Այսինքն, տարին նպաստավոր չի եղել, իսկ բերքի քչության պատճառով բնական էր, որ գինը կբարձրանար: Այնպես որ, իշխանափոխությունը ոչ մի կապ չունի կլիմայի հետ: Հետո` կա շատ կարեւոր մի հանգամանք. ժողովրդի մշակութային մակարդակը անկում է ապրում, արժեհամակարգի անկում ենք ապրում: Կրթությունը, գիտությունը մղվել են հետին պլան, երիտասարդների մի հոծ զանգված առանձնապես դրդապատճառներ չունի սովորելու: Երիտասարդները չեն մնում գիտության մեջ, սրանք վտանգավոր միտումներ են, որոնք, ցավոք, խորանում են: Նախկինում գիտնականը, ուսուցիչը շատ մեծ համբավ ուներ, արժեք էր ներկայացնում, իսկ այսօր... Ա՛յ, սա է ցավալին ու մտահոգիչը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА