ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՆՉ ԱՆԵՆՔ, ԹՈՂ ՄԻ ՔԻՉ ԷԼ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ԼԻՆԻ, ՀԵՏՈ ԿԱՆՑՆԻ...»

19.09.2018 20:45 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ԻՆՉ ԱՆԵՆՔ, ԹՈՂ ՄԻ ՔԻՉ ԷԼ ԼԱՐՎԱԾ ՄԹՆՈԼՈՐՏ ԼԻՆԻ, ՀԵՏՈ ԿԱՆՑՆԻ...»

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը վերածվեց մենամարտի`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ «Իմ քայլը» դաշինքի միջեւ, որոնք երեւանյան հարթակներում միմյանց քարկոծում են, իսկ կառավարությունում` կիսում իշխանական աթոռները: Այս եւ նախընտրական մի շարք հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ նախագահի տեղակալ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:

«Չեմ մասնակցել հեղափոխությանը, որ շուտ-շուտ հայտնվեմ ասֆալտի վրա»

 

«ԱՅՆՊԵՍ ՉԷ, ՈՐ «ԱՍՖԱԼՏԻՆ ՓՌԵԼԸ» ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ն Է ՈՒ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ՎԵՐՋԱՆԱԼՈՒ Է»

– Պարոն Մելքումյան, ինչպե՞ս կգնահատեք նախընտրական քարոզարշավի ընթացքը, հատկապես, որ այն կամաց-կամաց լարված փուլ է թեւակոխում:

– Նախ ասեմ, որ անձամբ ես խախտումներ չեմ նկատել քարոզարշավի հետ կապված: Կարծում եմ` սա այն ընտրությունը պետք է լինի, որ ցույց կտա, որ հեղափոխության արդյունքում կամ հետեւանքով կունենանք մի նոր իրավիճակ: Միայն պետք է ասեմ, որ քաղաքական ուժերի միջեւ եղած  պայմանավորվածությունը, թե իրար նկատմամբ պետք է այս մրցակցային փուլում հարգալից վերաբերմունք դրսեւորել, շատ ավելի կոռեկտ լինել, որոշ առումով մի փոքր խախտվեց: Տեսաք, թե սոցցանցերում ինչպիսի խայտառակ  գնահատականներ, անձնական վիրավորանքներ էին հնչում, որոնք անընկալելի եւ անընդունելի են: Եվ, իհարկե, մենք դրանց արձագանքեցինք համարժեք ձեւով: Կարծում եմ` մեր արձագանքներից հետո` այն պետք է շարունակություն չունենա, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:

– Դուք նշում եք, որ ամեն ինչ իր տեղը կընկնի, եւ քարոզարշավը կվերադառնա իր քաղաքակիրթ հունին, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ հայտարարում է, որ մարդկանց ոչ միայն ասֆալտին պետք է փռել, այլ նաեւ պատեպատ տալ: Ի վերջո, այս հռետորաբանությամբ` հնարավո՞ր է, որ ամեն ինչ իր տեղը գցել:

– Սա էլ պետք է քաղաքակիրթ մշակույթ դարձնենք, որ պարտադիր չէ ինչ որ ասվում է, արձագանքել: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես այդ հայտարարությանը, չեմ կարծում, թե այն կապված է Երեւանի ավագանու ընտրությունների հետ:

– Բայց «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ է նման հայտարարություն արել վարչապետը...

– Հասկանալի է, բայց կառավարությունն իր գործն անում է: Այսինքն` այնպես չէ, որ «ասֆալտին փռելը» մինչեւ սեպտեմբերի 23-ն է ու դրանից հետո վերջանալու է: Մենք այդ կերպ չենք դիտարկում: Կառավարությանը տեսանելի է, թե ինչ ռիսկեր կան եւ պետական կառավարման համակարգի արդյունավետ աշխատանքի համար ինչ գործիքներ այս պահին պետք է գործադրել: Այդ ռիսկերի առումով կարծում եմ, որ վարչապետն ամենաինֆորմացված անձը պետք է լինի, եւ նա իր գործիքները կիրառում է: Այլ հարց է, որ ժամանակ առ ժամանակ հանրությանը պետք է ներկայացնել, թե այս փուլում արված գործողություններն ինչ արդյունք տվեցին, եւ տեսնենք շարունակում ենք այդպես, թե` բավարար է: Այնպես որ, ես ասվածը ընտրությունների հետ բացարձակ չեմ կապում:

«Պետք է քայլեր ձեռնարկենք, որ ատելությունը եւ բարոյալքումը չդառնա ընտրական կարեւորագույն մեխանիզմ»

 

«ՀԱՐԹԱԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է` ՄԻՆՉԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ն Է»

– Ամեն դեպքում, փոխադարձ հնչեցված, մեղմ ասած, խիստ քննադատություններից հետո` չե՞ք կարծում, որ ԲՀԿ-ն առնվազն պետք է վերանայեր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» հետ կառավարությունում մնալու հարցը:

– Մենք խորհրդարանում էլ ենք հաճախակի տարբեր տիպի քննադատություններ եւ քաղաքական գնահատականներ հնչեցնում: Ընտրական գործընթացի մրցակցային որակներ ցույց տալը գլոբալ առումով պետք է չազդի այդ ամենի վրա: Դու պետք է էլի մրցակից լինես, բայց այն թշնամանքի չվերածվի: Դրա համար էլ հորդորում ենք լինել մրցակցային հարաբերությունների տիրույթում, ինչը չի նշանակում, որ թշնամանում ենք: Այո, մենք մասնակցում ենք կառավարության աշխատանքին, ունենք նախարարներ, մարզպետներ եւ այլն: Լայն առումով իրականացնում ենք կառավարության գործունեության մի մասը: Ընտրական գործընթացը ենթադրում է իրեն հարիր մրցակցային որոշակի հարաբերություններ, ի՞նչ անենք, թող մի քիչ էլ լարված մթնոլորտ լինի, հետո կանցնի, դրանով չի փլվի աշխարհը:

– Այսքանից հետո` այս իշխանությանը Դուք ընդդիմությո՞ւն եք, այլընտրա՞նք եք, թե՞...

– Եթե մասնակցում ենք կառավարության գործունեությանը, նշանակում է ընդդիմություն չենք, իշխանության մաս ենք կազմում:

– Անկախ նրանից, թե քարոզարշավի հարթակներում ինչեր են հնչում «Իմ քայլը» դաշինքի կողմից Ձեր հասցեին եւ հակառակը, Ձեզ դեռ իշխանության մա՞ս եք համարում:

– Արդեն ասացի` հարթակների կյանքը կարճ է` մինչեւ սեպտեմբերի 23-ն է, դրանից հետո նորից կյանքը վերադառնալու է իր բնականոն հունի մեջ: Բա ի՞նչ անենք, մրցակցությունն ինչպե՞ս լինի, իրար ժպտա՞նք մրցակցության ժամանակ: Ամեն մեկը պետք է իր ծրագիրը ներկայացնելու համար ցույց տա այն առավելությունները: Ընդ որում` ոչ թե խնդիրը միայն ծրագրեր ներկայացնելն է, այլ այդ ծրագրերն իրականացնելու համար պայման ու հնարավորություն ունենալը: Կարծում ենք` ԲՀԿ-ն իր լիդերով, ռեսուրսներ հայթայթելու իր վստահության քվեով ինքնանպատակ մի ծրագիր չի ներկայացրել, այլ այն իրականացնելու մեծ ռեսուրս ունի, որի ապացույցներից մեկն այն տասնյակներով խոշորագույն քաղաքների քաղաքապետների ներկայությունն էր, որ օրեր առաջ եղան մեզ մոտ ու ներդրումային փաթեթների հուշագիր ստորագրեցին: Այսինքն` մենք պատրաստ ենք, եթե քաղաքի բյուջեում գումարը չի հերիքում, հայթայթել այլ ռեսուրսներ` ամենակարեւոր խնդիրները լուծելու համար:

«Խորհրդարանական ընտրությունը մանկապատանեկան սպարտակիադա չէ, որ ով երբ ուզի, որոշի անել»

 

«ԿԵՂՏՈՏ «ՊՐԻՈՄՆԵՐ» ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՍՏԱՑԱՆ»

– Իսկ այդ ծրագրերը կիրականացվե՞ն այն դեպքում, եթե ԲՀԿ-ն ոչ թե մեծամասնություն կազմի Երեւանի ավագանիում, այլ պարզապես իր ներկայացվածությունն ունենա:

– Այդ հարցի պատասխանը պետք է թողնենք ընտրությունից հետո, որովհետեւ սա լրիվ պայմանավորված է, թե ինչ տիպի քաղաքական պայմանավորվածություններ ենք ունենալու: Չեմ ուզում փակագծեր բացել` կլինի կոլաիցիա, թե` ոչ, ինչ կարգավիճակում կլինենք ավագանիում: Բոլորը կախված է ընտրություների արդյունքից բխող տրամաբանությամբ:

– Դուք նշեցիք, որ առկա քաղաքական լարվածությունը մինչեւ սեպտեմբերի 23-ն է, հետո վերադառնալու եք բնականոն աշխատանքի: Կարելի՞ է ենթադրել, որ Երեւանի ավագանիում հայտնվելու դեպքում հնարավոր է «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի միջեւ կոալիցիա կազմվի:

– Սպասենք ընտրությունների արդյունքներին, նախօրոք եղանակի կանխատեսումներ, միշտ ասել եմ, որ չեմ սիրում: Կրկնում եմ` ավագանիում կլինի կոալիցիա, թե` ոչ, կյանքը ցույց կտա:

– Փաստորեն, մտածո՞ւմ եք նաեւ ավագանիում կոալիցիա կազմելու մասին, երբ այսօր տարբեր մակարդակներով  վիրավորանքներ են հնչեցվում Ձեր քաղաքական թիմի հասցեին:

– Մենք պետք է սովորենք, որ մրցակցային պայքար իրականացնելը նաեւ ոչ ստանդարտ իրավիճակներ է ծնում եւ ձեւավորում, եւ պետք չէ անընդհատ ազդվել, որ այսինչը այսպես ասաց, այնինչը` այնպես: Մենք կարող ենք համարժեք արձագանքել: Պետք է առանձնացնել երկու բան` այն, ինչ ասվում է, անձնական կարծիք է, թե քաղաքական ուժի պաշտոնական տեսակետն է: Կարծում եմ, որ պաշտոնական կարծիքներ չեն հայտնվել: Այնպես չէ, որ քաղաքական ուժերը նստել են, քննարկել իրենց խորհուրդներում, ղեկավար մարմիններում ու որոշել են հայտնել այդպիսի կարծիք: Տարբեր «պրիոմներ», տարբեր ձեւի գործիքներ կարող են օգտագործել, որպեսզի դիվիդիենտներ շահեն, իրար հակադարձեն: Բայց մենք իհարկե, կողմնակից ենք, որ առանց ցեխ շպրտելու, մարդկային հարաբերություններ լինեն: Պետք է մարդկային մի որոշակի նշաձողից ներքեւ չիջնես ու չանցնես անձնական վիրավորանքների: Մինչդեռ մեր քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հասցեին սոցիալական ցանցերում կեղտոտ «պրիոմներ» են իրականացվում, ինչն անընդունելի է, եւ դրա պատասխանը ստացան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА