ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

18.09.2018 23:10 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Լեւոն Արոնյանը, ում կարիերայում բավականին հաջող փուլ է, այս անգամ էլ հաջողության է հասել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Champions Showdown» շախամատային մրցաշարում, որն անցկացվում էր Ֆիշերի կանոններով: Հայկական շախմատի առաջատարին վիճակահանությամբ բաժին էր հասել կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգեսը, որին նա հաղթեց մեծ առավելությամբ՝ 17.5:8.5: Անցկացվեց արագ խաղի վեց պարտիա միավորների կրկնակի հաշվարկով եւ կայծակնային խաղի 14 պարտիա: Արագ շախմատում Լեւոն Արոնյանը հաղթել է 9:3 հաշվով, իսկ կայծակնային խաղում՝ 8.5:5.5:

Тata Steel Chess India. Արոնյանը գրավել է 3-րդ տեղը կայծակնային շախմատի մրցաշարում

Մյուս դիմակայություններում աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովը 11.5:14.5 հաշվով պարտվել է բուլղարացի Վեսելին Տոպալովին, ամերիկացի Հիկարու Նակամուրան հաղթել է ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին՝ 14:12, ամերիկացի Ուեսլի Սոն ուժեղ էր հոլանդացի Անիշ Գիրիից՝ 15.5:10.5, ամերիկացի Սեմ Շենքլենդը պարտվել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 8.5:17.5: Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: Հաղթողները ստացել են 30 հազարական դոլար, պարտվողները՝ 20 հազարական: Թուրքիայում էլ ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որի շրջանակներում թեեւ Հայաստանի ներկայացուցիչները պայքարում էին մրցանակային տեղերի համար ու ընդհանուր առմամբ լավ հանդես եկան` բարդ մրցակցություն ցույց տալով, բայց ի վերջո մեդալային պայքարում զիջեցին: Տղաների պայքարում լավագույնը գրոսմայստեր Արամ Հակոբյանն էր, որը 7,5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Նույնքան միավորով գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը, մեկ միավոր պակաս վաստակած գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն էլ 32-րդն է: Միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը 5,5 միավորով 76-րդն է: Աղջիկների առաջնության մեր միակ մասնակիցը՝ կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, 15-րդն է՝ 7 միավորով: Արդեն օրեր անց` սեպտեմբերի 24-ին Բաթումում կմեկնարկի շախմատի 43-րդ համաշխարհային օլիմպիադան: Տղամարդկանց մրցաշարին մասնակցելու է 179 թիմ, կանանց մրցաշարին՝ 146: Երկու մրցաշարերում էլ յուրաքանչյուր թիմ բաղկացած է լինելու չորս հիմնական եւ մեկ պահեստային շախմատիստից: Հայաստանը օլիմպիադային մասնակցելու է երկու մրցաշարերում էլ: Թեեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիան դեռ պաշտոնապես չի հրապարակել հավաքականների կազմերը, սակայն օլիմպիադայի պաշտոնական կայքում նշված է, որ տղամարդկանց մրցաշարում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն` Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը: Կանանց մրցապայքարում էլ կներգրավվեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան ու Սիրանուշ Ղուկասյանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА