ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԱՐԱՐԸ ՉԳԻՏԻ՞, ԹԵ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

14.09.2018 22:30 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԸ ՉԳԻՏԻ՞, ԹԵ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՈՆԿՐԵՏ ԻՆՉ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

«Իրավունքը» անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որը վերաբերում էր ատոմակայանում ավել հաստիքներին: Մասնավորապես, վարչապետը նշել էր. «Ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք հավելյալ աշխատողներ են: Այդ հաստիքների անհրաժեշտությունը չկա: Բայց այդ մարդիկ կան, աշխատավարձ են ստանում, եւ սա էլեկտրաէներգիայի սակագնի վրա 3 մլրդ դրամի կշիռ ունի»:

Ատոմակայանի 60-ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել

Որքա՞ն աշխատող ունի ատոմակայանը, որ կարողանում է 500 հավելյալ հաստիք էլ պահել, փորձեցինք պարզել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՑ, ով նկատեց.

- Այս պահին ուսումնասիրությունները սկսվել են, իմ կողմից ստորագրվել է համապատասխան հրաման, ստեղծվել է ատեստացիոն հանձնաժողով: Գործընթացի ավարտին կտեսնենք, թե ինչպիսի կրճատումներ են անհրաժեշտ, եւ որքան ավել հաստիքներ ունենք:

- Այսինքն՝ դեռ հայտնի չէ՞ ավել հաստիքներ կան, թե՝ ոչ: Բայց չէ՞ որ վարչապետը կոնկրետ թվեր էր հնչեցնում:

- Վարչապետը չի ասել, որ 500 ավել հաստիք կա (պահո, նախարարն անգամ տեղյակ չէ՞, թե վարչապետն ինչ է հայտարարում նախարարությանը վերաբերող ոլորտի կարեւորագույն ձեռնարկության մասին: խորհուրդ կտայի՝ նորից կարդալ վարչապետի խոսքը- Հեղ.): Այ՛ո, կան հաստիքներ, կամ ավելի ճիշտ՝ աշխատակիցներ, որոնց վերաբերյալ կարելի էր կայացնել այլ որոշում եւ այլ որոշման արդյունքում պատվիրակել որոշակի աշխատանքներ, որի արդյունքում կունենայինք համապատասխան կրճատումներ:

- Պարոն Գրիգորյան, որքա՞ն աշխատակից ունի Հայկական ատոմային էլեկտրակայանը:

- Այս պահին ատոմակայանում աշխատում է շուրջ 1800 աշխատակից: Այսքանը կարող եմ ասել:

- Անդրադառնանք մեկ այլ կարեւորագույն հարցի՝ խոշոր մետաղական հանքերի ստուգումներին: Ի վերջո, ի՞նչ է պարզվել ստուգումների արդյունքում, եւ որքա՞ն մետաղական հանքեր կան առհասարակ ՀՀ-ում այս պահին շահագործվող:

- Մենք ունենք ՀՀ-ում շահագործման թույլտվության որոշում ստացած 27 մետաղական հանքավայրեր եւ 29 որոշում՝ ուսումնասիրությունների մասով: Իսկ ստուգումներ այս պահին էլ ընթանում են: Ավելին ասել չեմ կարող:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА