o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստով քրգործ հարուցված չէ

14.09.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ինչու արդարադատության իրականացմանը խոչընդոտելու փաստով քրգործ հարուցված չէ

Պատգամավորների նախաձեռնությամբ` երեկ ԱԺ հերթական նիստից հետո գումարվեց արտահերթ նիստ: ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը առիթ է դարձել, որպեսզի ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին` արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Սակայն այս նախաձեռնությունը զարմանալիորեն նյարդայնացրել էր ԱԺ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցության որոշ պատգամավորների: Մինչդեռ արդյունքում կողմ քվեարկեց 47 պատգամավոր, դեմ` 18-ը, եւ որոշումն ընդունվեց: Այս մասին զրուցեցինք վերոնշյալ նախագծի հեղինակ, ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:

Վերաքննիչը մերժեց Արմեն Գեւորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը

- Պարոն Կոստանյան, որոշմանը դեմ արտահայտվողների համար հասկանալի չէր, թե ի վերջո, այս որոշմամբ քննիչ հանձնաժողով է ստեղծվո՞ւմ, թե՞ արդեն հանձնաժողովը ստեղծվել էր եւ անդամների քանակն էր հստակեցվում:

– ԱԺ կանոնակարգ օրենքով եւ Սահմանադրությամբ սահմանվում է, որ քննիչ հանձնաժողովը ստեղծվում է իրավունքի ուժով, ոչ թե Ազգային ժողովն է որոշում կայացնում քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Այսինքն` երբ 27 պատգամավոր ստորագրեցին, արդեն հանձնաժողովը համարվում է ստեղծված: Եվ ԱԺ կանոնակարգ-օրենքով արդեն հանձնաժողովի ստեղծումից հետո հրավիրվում է ԱԺ նիստ, որպեսզի խորհրդարանն իր որոշմամբ ընդամենը սահմանի քննիչ հանձնաժողովի անդամների քանակը: Հետեւաբար Ազգային ժողովի այս նիստը նվիրված էր ոչ թե Ազգային ժողովի հետ քննիչ հանձնաժողով ստեղծելուն, այլ քննիչ հանձնաժողովի անդամների թվաքանակը հաստատելուն:

– Ստացվում է, որ ցանկացած հանձնաժողով կարելի է ստեղծել պատգամավորների ստորագրությունների քանակով, մինչդեռ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորները նշում էին, թե ԱԺ կանոնակարգ-օրենքի եւ այլ օրենքների խախտում է նման կերպ հանձնաժողով ստեղծելը: Եվ հետո մատնանշում էին, որ քննիչ հանձնաժողովի կարիք չկա, քանի որ քրեական գործեր են հարուցված:

– Խախտում չկա, սա դիրքորոշումներից մեկն է, որը հայտնեց մի կամ երկու խմբակցություն, ինչը չի նշանակում, որ այդպես է իրականում: Մենք արդեն բավականին ծավալուն քննարկումներ ունեցանք Ազգային ժողովի լիագումար նիստում եւ պարզեցինք ու հայտնեցինք հետեւյալը` հարգելի գործընկերներ, քրեական գործեր հարուցվել է երկու փաստերի կապակցությամբ` հեռախոսային խոսակցությունների եւ հաղորդումների գաղտնիության իրավունքի խախտում եւ պաշտոնական լիազորությունների սահմանն անցնելը, ինչը նախատեսված է քրեական օրենսգրքի 309 հոդվածով: Իսկ քրեական օրենսգրքում գոյություն ունի նաեւ 332 հոդված` արդարադատության իրականացմանը խոչընդոտելը: Դրանով քրեական գործ հարուցված չէ:

– Կարելի՞ է ասել, որ այս հանձնաժողովի ստեղծման կարիքը չէր լինի, եթե համացանցում չհայտնվեր ՀՀ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը:

– Այդ ձայնագրությունն առիթ է հանդիսացել, որ մենք քննարկման առարկա դարձնենք երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը` առնվազն հեռախոսային խոսակցությունների եւ նամակագրության գաղտնիության պաշտպանության տեսակետից: Ի վերջո, այդ ձայնագրության առկայությունն ինքնին կարծում եմ` ցանկացածի մոտ, այդ թվում` ձեզ մոտ կարող է հարց առաջացնել` գուցե ինչ-որ մեկն էլ ի՞նձ է ապօրինի լսում: Մեր խնդիրն է, որպեսզի պարզենք հեռախոսային խոսակցությունները գաղտնիության իրավունքի երաշխավորման աստիճանը: Եվ այդ երաշխավորման գործիքակազմը առնվազն բավարար է, որպեսզի մեր երկրում յուրաքանչյուր անձ, այդ թվում` դուք երաշխավորված լինեք, որ ձեր հեռախոսը որեւիցե մեկն ապօրինի չի լսում: Այսինքն` այս հանձնաժողովի ստեղծման նպատակներից մեկը դա է: Առիթն` այո, ձայնագրությունն է, բայց նպատակը եւ հանձնաժողովի կարգավորման քննարկման առարկան ես արդեն ներկայացրի:

– Ի դեպ, տպավորությունն այնպիսին էր, որ  որոշ պատգամավորներ տեղյակ չէին, որ ստեղծվել է քննիչ հանձնաժողով, եւ նրանց հակադարձումները նաեւ հիմնականում սրան էին վերաբերում: 

– Չգիտեմ` ով էր տեղյակ, ով` ոչ, բայց խնդիրը հետեւյալն է, որ հիմա 27 պատգամավորներ կարող են հավաքվել, ստեղծել հանձնաժողով, որից, օրինակ, ես տեղյակ չլինեմ: Կարող է այդ նախաձեռնող խումբը չգա ինձ առաջարկի, որ ես էլ միանամ այդ նախաձեռնությանը: Այնպես որ, բազմաթիվ քննիչ հանձնաժողովներ, տարբեր պատգամավորական խմբեր կարող են ստեղծել:

– Անդրադառնանք նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի կողմից իր եւ ԱԱԾ պետի համատեղ ասուլիսի ժամանակ արված բացահայտումներին` մարտի 1-ի վերաբերյալ: Մասնավորապես` նա ինչ-որ փաստեր էր ներկայացնում, թե մարտիմեկյան գործողություններում ներգրավված են եղել զինված ուժերը: Ըստ Ձեզ`  սա  նախաքննության մարմնի գաղտնիության սահմանո՞ւմ էր, թե` ոչ:

– Միշտ վերապահումով եմ մոտենում ցանկացած բացահայտմանը, որովհետեւ ինքներս լավ գիտենք, որ այդ բացահայտումները իրենց վերջնական իրավահական գնահատականը ստանում են միայն դատական ակտի առիթով: Ինչու, որովհետեւ հիմա կարող ենք խոսել ցանկացած բացահայտման մասին, բայց վաղը կարող է այդ քրեական գործը կարճվել, կարող է գնա դատարան, դատարանում արդարացվի, դրա համար էլ` ինքնին բացահայտումների փաստին միշտ, որպես կանոն, մոտենում եմ եւ մոտեցել եմ վերապահումով: Այդ մասով գնահատական չեմ տա, իսկ ինչ վերաբերում է  նախաքննության գաղտնիքի հրապարակմանը, նշեմ, որ նախաքննության գաղտնիքի պահպանման պարտականությունը եւ գաղնիքի տարածման հնարավորությունը սահմանվում է քրեական դատավարության օրենսգրքի 201 հոդվածով: Նախաքննության գաղտնիք հանդիսացող հանգամանքները կարող են միայն հասանելի դարձվել, այսինքն` հրապարակվել վարույթ իրականացնող մարմնի` քննիչի եւ դատախազի կողմից: Հիմա կարծում եմ` ինքներդ կարող եք գնահատել ՀՔԾ պետը այդ սուբյեկտների թվում է, թե` ոչ:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 12-րդ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА