ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ` հայր եւ դուստր Երկանյանների կատարմամբ 

14.09.2018 15:01 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ` հայր եւ դուստր Երկանյանների կատարմամբ 

Հայր եւ դուստր՝ մեկ բեմում. Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 13-ին անցկացվեց հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: «Դաշնամուրային զուգանվագ» խորագրով համերգային երեկոյին հանդես եկան Սեդրակ և Կամիլա Երկանյանները (դաշնամուր): Հայր եւ դուստր Երկանյանները ունկդրին ներկայացրին Բախի, Պուլենկի, Աշճյանի, Գուլքասյան-Ռաբեի ստեղծագործությունները:

«Պարում ենք Նոյի երկրում». Մեկնարկում է «Մշակութային դեսպան» ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը

Ընդ որում, երեկոն բացառիկ էր երկու հանգամանքով: Նախ՝ այն հարուստ էր բազմաթիվ ստեղծագործությունների պրեմիերաներով: Առաջին անգամ Հայաստանում հնչեցին մի շարք ինքնատիպ գործեր, որոնցից, օրինակ, Բախի  Բրանդենբուրգյան 4-րդ կոնցերտը հենց Սեդրակ Երկանյանն է փոխադրել դաշնամուրի համար: Բացի այդ, հայր եւ դուստր Երկանյաններն առաջին անգամ էին հանդես գալիս համերգով, ներկայացնում այսպիսի մեծակտավ ծրագիր:

«Հայրիկիս՝ Սեդրակ Երկանյանի հետ շատ հաճելի է հանդես գալ: Չկա ոչ մի խոչընդոտ, ոչ մի դժվարություն: Հենց նա է երաժշտության նկատմամբ սեր սերմանել իմ մեջ, եղել է իմ առաջին ուսուցիչը: Շատ բաներ եմ սովորել իրենից: Այսօր բախտ ունեմ ներկայանալու իր հետ նույն բեմում: Անցյալ տարի հայրիկս համերգով Բեյրութում էր, մի փոքրիկ ելույթ ունեցանք միասին, բայց մեծ համերգով առաջին անգամ հանդես եկանք Երեւանում»,-նշում է Կամիլա Երկանյանը:

«Տաղարանն»  ակտիվ գործունեություն է ծավալում Կամերային երաժշտության ազգային կենտրոնում, սեպտեմբերի 27-ին էլ հանդես է գալու Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված համերգով:

Նշենք, որ «Տաղարան»-ը ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու եւ հանրահռչակելու հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА