ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄԵՆ ԹՓԻ ՏԱԿ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՒԶԱՆԱՎ ՓՆՏՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

12.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՄԵՆ ԹՓԻ ՏԱԿ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՒԶԱՆԱՎ ՓՆՏՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Այս տողերը գրելուց առաջ համացանցի լրահոսում աչքովս ընկավ վերնագիր, որ քրգործ է հարուցվել սեռական բնույթի բռնի գործողությունների առնչությամբ: Մի պահ թվաց, թե խոսքը ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման փաստով հաուցված քրգործի մասին է, բայց, իհարկե, դա վերաբերում էր սովորական կենցաղային հանցագործությանը:

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ԻԶԳՈՅ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ «ԹՓԵՐԻ ՏԱԿ»

Երկուշաբթի Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին հայտարարել էր հետեւյալը. «Կան քաղաքական ուժեր, որոնք իրենց ներկայացնում են որպես հեղափոխության պաշտպան, առաջամարտիկ, եւ այսօր գնացել են, խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ` թե բա տղերք, կլինի՞, դուք էս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ որ հաղթենք քաղաքապետարանի ընտրություններում, ընենց կանենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չունենան, որ դուք մի քանի տարի էլ պատգամավորական մանդատ ունենաք»: Կարճ ասած` ժողվարչապետը եւ յուր թավշակրոնները ամեն թփի տակ հակահեղափոխական դավադրություն սկսեցին փնտրել, ամենայն հավանականությամբ, ահավոր վախենալով ավագանու ընտրություններում ԲՀԿ թիմից: Ինչեւէ, մտքերը, այն էլ բարձրաձայն եւ հրապարակավ հնչեցրած, նյութականանալու հատկություն ունեն: Եվ ահա սեպտեմբերի 11-ին` նյույորքյան զույգ երկնաքերերի կործանման տարելիցին, համացանցում հայտնվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը: Նրանք այդտեղ քննարկում էին Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Միքայել Հարությունյանի ու Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոցների հարցը, այն էլ` դատավորին հանձնարարություն տալու համատեքստում, այն էլ` Նիկոլ ժողվարչապետի կարգադրությամբ: Տրամաբանական կլիներ, որ երկուսն էլ առնվազն հրաժարական տային, բայց փոխարենը ասուլիս հրավիրեցին, ուր հնչեցրին անվարժ արդարացումներ, ինչպես նաեւ հրապարակեցին, ավելի ճիշտ` ձայնագրիչի պես վերարտադրեցին հեղափոխական այն միֆերը, որ մինչ այդ գաղտնալսման փաստի հետքերով հնչել էին Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերում: Սակայն առանձնացնենք չոր փաստացի պահերը, մի կողմ թողնելով հեղափոխական զառանցանքը: Արթուր Վանեցյանն ասաց, որ խոսել են սովորական բջջային կապով, եւ որ Հայաստանում դրա գաղտնալսման հնարավորությունն ունի միայն ԱԱԾ-ն: Միաժամանակ նա բացառեց, որ ԱԱԾ-ի ներսում «առնետ» կամ դավաճան կա, որն այդպիսի բան արած լիներ: Բայց չբացառեց, որ դա արած լինեն  գերտերությունների հատուկ ծառայությունները: Եվ այսպես, ամենահավանականը, թերեւս այն  է, որ գաղտնալսումը գերտերություններից մեկի հատուկ ծառայությունների ձեռքի գործը լինի: Խոշոր հաշվով, Նիկոլ Փաշինյանին պատժելու եւ դատական պատվերների փաստը հրապարակելու դրդապատճառ կարող են ունենալ ինչպես ռուսները, այնպես էլ ամերիկացիները: Ռուսները` չհավատալով Նիկոլի երդումների եւ աղաչանք-պաղատանքների անկեղծությանը, ամերիկացիները` ռուսների գիրկը նետվելու փորձի համար: Իսկ վերադառնալով ասուլիսին` նշենք, որ երկու կարեւորագույն բարձրաստիճան այդ պաշտոնյաները ոչ միայն հնչեցրին «մարդասպանների եւ թալանչիների» մասին բոլոր հեղափոխական միֆերը, թեեւ հենց իրենց ստեղծած քրգործերում հնչող միակ մեղադրանքն այն է, որ սահմանադրական կարգի տապալման փորձ է տեղի ունեցել, այլեւ պարոն Վանեցյանը շատ թափանցիկ ակնարկեց, որ գիտեն, թե իրենց հետ ինչ կպատահի իշխանություն փոխվելու դեպքում: Այսինքն` հրապարակավ հավաստիացրին, որ բոլոր քաղաքական հակառակորդների դեմ քրեական հետապնդում հարուցելու ճանապարհին իրենք նահանջի տեղ չունեն:

ՁԱԽՈՐԴՓԱՆՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՄԱՆ» ՄԵԿՆԱՐԿ

 

ՆԻԿՈԼԻՑ ՄԻԱՅՆ «ԿԱՄՈՒՖԼՅԱ՞ԺՆ» Է ՄՆՈՒՄ

Պարզվում է` ժողվարչապետը վստահ է, որ գաղտնալսումն արել են «հանցավոր ռեժիմի» մարդիկ: Իսկ հիմա վայելեք ֆյուրերի խոսքը, որը, եթե հասու լիներ երջանկահիշատակ Ֆրանց Կաֆկային, ապա նա իր հռչակավոր գործերը կուղարկեր ոչ թե տպարան, այլ` վառարան: «Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը` ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության: Դեռեւս երբ ես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր էի, հրապարակել էի տեղեկություն, որ մեր տեղեկություններով` որոշ օլիգարխներ եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդիկ ձեռք են բերել գաղտնալսման սարքեր եւ, հատուկ ծառայություններին զուգընթաց, ստեղծել են հատուկ ծառայություն պետության մեջ: Այդ բոլոր` չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» եւ «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու եւ ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին եւ զինաթափել բոլորին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Իսկ շարունակությունը էլ ավելի ճոխ էր. «Մեր բաց ձեռքերի հեղափոխությունը շարունակվում է, մենք գործում ենք օրենքով, մեզնից ոչ մեկ ոչ մի բան չի անում, դրա համար մենք ունենք ԱԱԾ եւ ոստիկանություն, եւ ես պահանջում եմ երկու ծառայություններից` 2 ժամվա ընթացքում կարգուկանոն հաստատել ամբողջ հանրապետության տարածքում: Եթե տեսնենք, որ նրանք ի վիճակի չեն դա անել, ժողովուրդ ջան, մենք էլի ձեւերը գիտենք, էն կամուֆլյաժս կհանգնեմ, ժողովուրդ ջան, եւ հատ-հատ, փողոց առ փողոց, տուն առ տուն կարգուկանոն կհաստատենք ՀՀ-ում»: Դե, հարգելի համաքաղաքացիներ, երբ ուզում եք սաստել ձեր անկարգ երեխաներին, մոռացեք «մեշոկ պապիի» մասին, Նիկոլի «կամուֆլյաժն» ավելի արդիական է: Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ապա ե՛ւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ե՛ւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձանագրեցին այն արդեն անհերքելի փաստը, որ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներն իրականացվում են ուղղակիորեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումներով: ՀՀԿ-ն մտադիր է խորհրդարանական հետաքննիչ հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի այդ ամբողջ խայտառակ պատմությունը, եւ որը, ըստ Սահմանադրության` պարտավոր է գլխավորել հենց ընդդիմությունը, այսինքն` տվյալ դեպքում` ՀՀԿ-ն:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԾՆՎԵՑ ՄԻԱՀԵԾԱՆ ՍՈՒԼԹԱՆ-ԲՌՆԱՊԵՏԸ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԼԻԱԶՈՐՎԱԾ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Ժողվարչապետը մանթրայի կամ աղոթքի պես կրկնեց. «Հայաստանի Հանրապետությունում սեւերը ջախջախված են, եւ նրանք այլեւս ոտքի չեն կանգնելու: Ոտքի չեն կանգնելու, ոտքի չեն կանգնելու»:

Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն էլ մանրամասն եւ հանդարտ տոնով հանդես եկավ հայտարարությամբ այն երեւույթի մասին, որը խայտառակեց ռեսպուբլիկան: Մասնավորապես, գրասենյակը փաստում է. «Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել «Մարտի 1-ի» գործը եւ գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել (զրուցակիցների բառապաշարով` «փակել») նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է: Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո եւ իրեն վերեւից թելադրված «դուխով» ապօրինի որոշում է կայացրել: ՀՀ երկրորդ նախագահի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել (կալանք), իսկ այնուհետ` ԱԱԾ պետը (գրավ)»:

Արձանագրելով, որ. «Կատարվածը հանցագործություն է` բարձարաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ», Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նաեւ հայտարարության վերջում հնչեցնում է հետեւյալ հորդորը. «Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կերպով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչական շղարշը եւ թույլ չտալ, որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերածվի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշեւիզմի սկզբունքներով, եւ ուր խրախուսվում են քաղաքական ռեպրեսիաները»:

ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԽՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՀՃՈՒՄ

Դե ինչ, մենք էլ արձանագրենք, որ Հայաստանում բռնապետության որեւէ ռեսուրս չկա, եւ նման է, որ ամբոխապետությունն էլ երկար չի ձգի: Միգուցե, 2019-ը դիմավորենք արդեն դրան հրաժեշտ տված:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА