ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ ԿՅԱՆՔ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿԴԱՌՆԱՐ 90 ՏԱՐԵԿԱՆ

11.09.2018 21:45 ՄՇԱԿՈՒՅԹ
ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԱԾ ԿՅԱՆՔ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԸ ԿԴԱՌՆԱՐ 90 ՏԱՐԵԿԱՆ

2018-ին կլրանար մեր երկրի ազգային խորհրդանիշը դարձած «Մայր Հայաստան» հուշարձանի հեղինակ Արա Հարությունյանի 90-ամյակը: Ականավոր քանդակագործ-մոնումենտալիստ, գծանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ եւ ՌԴ Գեղարվեստի ակադեմիայի անդամ, պրոֆեսոր Արա Հարությունյանը ողջ կյանքում ապրել եւ ստեղծագործել է Երեւանում: Անգնահատելի է Արա Հարությունյանի ստեղծագործական հսկայական ժառանգությունը: Նա հեղինակ է 40-ից ավել հուշարձանների, հուշակոթողների եւ հուշահամալիրների, որոնք զարդարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ռուսաստանի եւ շատ այլ երկրների քաղաքների փողոցները, հրապարակներն ու զբոսայգիները: Հեղինակել է նաեւ հաստոցային քանդակներ եւ վիրտուոզ գծանկարներ:

«Ինչո՞ւ ես կարծում, որ իշխանավոր կամ պաշտոնյա փոխելով` ավելի լավ ես ապրելու»

Արա Հարությունյանի ստեղծագործություններում ներկայացված են Հայաստանի պատմամշակութային զարգացման հիմնական փուլերը` սկսած դիցաբանությունից, հայ ժողովրդի ծագման մասին հնագույն առասպելներից եւ ավարտած իր անկախության ու ինքնության պահպանման համար մղած հայ ժողովրդի հերոսական պայքարով: Հարությունյանի աշխատանքները ձեւավորում են ազգային ինքնագիտակցություն, կրում են մեր երկրի մշակութային կոդը եւ ազգային շունչ են հաղորդում մեր շրջապատին: Այդպիսիք են Երեւանի հյուսիսային մուտքի մատույցներում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» կոմպոզիցիան, հնագույն Ուրարտու պետության պատմությունը ներկայացնող Էրեբունի թանգարանի քանդակային ձեւավորումը, միջնադարյան Հայաստանը մարմնավորող Գեղարդի վանքի ճանապարհին տեղադրված «Առյուծը»: Գ.Սունդուկյանի անվան թատրոնի քանդակագործական անսամբլը ներկայացնում է հայ թատրոնի 2000-ամյա պատմությունը` հին ժամանակներից մինչեւ մեր օրերը: Հենց քաղաքի սրտում է տեղադրված մեծ աշուղ-պոետ Սայաթ-Նովային նվիրված աղբյուր-հուշարձանը, որն իրավամբ կարելի է համարել երեւանցիների ամենասիրած քանդակներից մեկը: Երեւանի Կոնսերվատորիայի կից այգում է գտնվում է մեծն Կոմիտասի արձանը: Հայ մշակույթի գործիչների երեւանյան պանթեոնում Կոմիտասի հրաշալի մահարձանը նույնպես քանդակագործի աշխատանքն է` ստեղծված ուսանողական տարիներին: Հարությունյանը մեծ հայրենասեր էր, նա երազում էր տեսնել Հայաստանը որպես անկախ եւ ուժեղ պետություն: Նա հաճախ էր կրկնում, որ իր գործերի վրա աշխատելիս առաջին հերթին ձգտում է ամրապնդել հայ ժողովրդի հավատն ու տոկունությունը, ներարկել հաղթողի մարտական ոգին: Նրա խոսքերը լիովին շունչ առան Սարդարապատի հոյակապ հուշահամալիրում, 89-րդ Թամանյան դիվիզիայի մարտիկներին (Սեւաստոպոլ) եւ Մուսա-լեռան պաշտպաններին նվիրված հուշարձաններում, եւ, անշուշտ` «Մայր Հայաստանում», առանց որի անհնար է պատկերացնել Երեւանի համայնապատկերը: Ա. Հարությունյանը նաեւ սյուժետային հարթաքանդակների հիմնադիրն է Հայաստանում: Երեւանի Գինու գործարանի ճակատն են զարդարում բարու հաղթանակը արտացոլող ժողովրդական լեգենդ «Պայքար առյուծի հետ» եւ «Աղվեսներ» առակի հարթաքանդակները: Հայ ժողովրդի ստեղծարար աշխատանքի ձգտումն իր արտացոլումն է գտել Երեւանի հարավային մուտքը զարդարող «Արծիվ շինարար» կոմպոզիցիայում: Ա. Հարությունյանը հաճախ է իր աշխատանքներում պատկերել ուժ եւ անպարտելիություն խորհրդանշող հպարտ արծիվների:  Հարությունյանի արվեստը կարեւոր դերակատարություն է ունեցել միջազգային կապերի հաստատման եւ ամրապնդման գործում: Հիշատակման արժանի են Երեւան եւ Կարարա քույր քաղաքների բարեկամությունը խորհրդանշող աղբյուր-հուշարձանները Երեւանում եւ իտալական Marina di Carrara քաղաքում: 1965թ. սպիտակ մարմարի արդյունահանման եւ մշակման կենտրոն հանդիսացող իտալական Կարարա քաղաքում անցկացվեց քանդագակործության միջազգային բիենալե: Խորհրդային պատվիրակության կազմում էր նաեւ Արա Հարությունյանը, ով ներկայացրել էր իր «Պատանեկություն» գործը: Կարարայում նա այցելեց մարմարի արդյունահանման հայտնի քարհանքը, որտեղ նկատեց տպավորիչ չափերի անավարտ աշխատանք` Հիսուս Քրիստոսի գլուխն ու ձեռքերը: Պարզվեց, որ նախատեսված էր կարարյան մարմարից ստեղծել Հիսուսի հսկայական արձանը, բայց պատվիրատուն դադարեցրել էր ֆինանսավորումը, իսկ հեղինակը հրաժարվել էր շարունակել աշխատանքը եւ հեռացել էր Կարարայից: Հայաստան վերադառնալով` Հարությունյանն առաջարկեց Երեւանի վարչակազմի ղեկավարին` շարունակել բարեկամական հարաբերությունները Իտալիայի հետ եւ, ի նշան բարեկամության` Կարարայից Երեւան տեղափոխել հսկայական մարմարե ձեռքերը: Պետք է նշել, որ ողջ ցանկությամբ հանդերձ, խորհրդային պատվիրակությունը, գաղափարախոսական նկատառումներից ելնելով, չէր կարող որպես նվեր ընդունել Քրիստոսի գլուխը. չէ՞ որ ԽՍՀՄ-ը որդեգրել էր մարտնչող աթեիզմի գաղափարախոսությունը: Քաղաքապետը սատարեց եւ ընթացք տվեց վարպետի առաջարկին, եւ իրականություն դարձավ «Կարարայի ձեռքերի» տեղափոխումը Երեւան: Այն տեղադրվեց Երեւանի կենտրոնական զբոսայգիներից մեկում: Իր հերթին, ի նշան բարեկամության, ՀԽՍՀ-ը Իտալիային նվիրեց Ա. Հարությունյանի ստեղծած «Երեւան եւ Կարարա. քույր-քաղաքներ» հուշարձան-աղբյուրը: Այն տեղադրվեց Կարարայում 1967թ.: Կարմիր տուֆից պատրաստված հուշարձանն իրենից ներկայացնում է միջնադարյան խաչքար հիշեցնող կոթող: 1978-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների խնդրանքով Հարությունյանը կերտեց Ֆրանսիայի հակաֆաշիստական Դիմադրության ղեկավար Միսակ Մանուշյանի արձանը, որը տեղադրված է Փարիզի Իվրի արվարձանում: 1988 թվականին խորհրդային պատվիրակության կազմում Ա.Հարությունյանը մեկնեց Սինգապուր, Մալազիա եւ Ֆիլիպիններ: Պետք է նշել, որ ԽՍՀՄ-ի եւ Ֆիլիպինների դիվանագիտական հարաբերությունները բավական բարդ փուլում էին: Ֆիլիպիններում ԽՍՀՄ դեսպանության կազմակերպած ընդունելության ժամանակ քանդակագործը բարձրաձայնեց Ֆիլիպինների նախագահ Կորասոն Ակինոյին պատկերելու իր երազանքը: Հաջորդ օրն իսկ նրան հրավիրեցին Մալականյան պալատ: Ակինոյին Հարությունյանը քանդակեց բառացիորեն մեկ սեանսի ընթացքում: Ընդ որում, կղզում կավի բացակայության պատճառով, կազմությամբ համարժեք նյութ էին տրամադրել, որը վարպետը տքնաջանորեն մշակում էր իր ձեռքերով: ԽՍՀՄ-ի կողմից դիմաքանդակը նվիրվեց Կորասոնին: ԽՍՀՄ-ի եւ Ֆիլիպինների միջեւ դիվանագիտական հարաբերությունները բարելավվեցին, կարելի է ասել` Ա.Հարությունյանի թեթեւ ու տաղանդավոր ձեռքով:  Կորասոն Ակինոյի կերպարի վառ ու խորն արտահայտչականությամբ ստեղծած դիմաքանդակի համար 1988-ին Ա.Հարությունյանն արժանացավ «Ժողովուրդների բարեկամության» շքանշանին: Քչերը գիտեն, որ Երեւան-Սեւան մայրուղում տեղադրված չքնաղ հայուհուն մարմնավորող «Արշալույս» պատկերաքանդակի լուսանկարը ժամանակին հայտնվել էր հանրահայտ Vogue UK ամսագրի էջերում: 1975թ.-ին ականավոր լուսանկարիչ Նորման Պարկինսոնի ղեկավարած ստեղծագործական խումբն առաջին անգամ լինելով ԽՍՀՄ-ում` այցելում է նաեւ Հայաստան: Բրիտանական արքայական ընտանիքի պաշտոնական լուսանկարիչ Նորման Պարկինսոնին, ով նաեւ բազմաթիվ աշխահահռչակ մարդկանց է լուսանկարել (Մարգարեթ Թետչերին, «Բիթլզ» խմբին), ապշեցնում է Արա Հարությունյանի հանճարեղ գործը: Նա անմիջապես հրահանգում է բրիտանական հայտնի մոդել Ջերի Հոլին բարձրանալ «Արշալույս» քանդակի պատվանդանին եւ հիասքանչ լուսանկար է ստանում: Մինչ օրս այդ լուսանկարը համարվում է Vogue UK ամսագրի հավաքածուի լավագույն նմուշներից մեկը: Հայտնի է «Փառք աշխատանքին» հրապարակում տեղադրված Բանվորի արձանի տխուր ճակատագիրը, որը բարբարոսաբար ապամոնտաժվեց 1997 թ-ին: Մինչ օրս ապարդյուն փորձեր ենք ձեռնարկում մասնատված կտորների գտնվելու վայրն ու վիճակն իմանալու համար: Հարությունյանը գծանկարի փայլուն վարպետ էր, նրա գծանկարները խորն են եւ բազմաբնույթ: Վարպետի գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում` Տրետյակովյան Պետական պատկերասրահում, Արեւելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, Վանաձորի Կերպարվեստի թանգարանում, մասնավոր հավաքածուներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Անգլիա եւ այլն: Ա. Հարությունյանի հայրենասիրությամբ համակված ստեղծագործությունները մարդկանց մեջ արթնացնում են անսահման հպարտություն սեփական երկրի հանդեպ եւ իրենց կենսահաստատուն իմաստով հանդիսանում են ազգային բարձր արժեք: Անչափ հետաքրքիր եւ բովանդակալից էր քանդակագործի կյանքը` հագեցած բազմազան իրադարձություններով եւ հանդիպումներով ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան երկրներում:  Մի առիթով Արա Հարությունյանը հրաշալի խոսքեր էր նվիրել իր նկարիչ ընկերոջը, որոնք հավասարապես կարելի է օգտագործել հենց իր ապրած կյանքը բնորոշելու համար. «Նա իր երկրի արեւի ու քարի երգիչն էր: Մարդ, ով այդքան բան արեց մեր ժողովրդի համար` ծնվել էր ոչ թե կյանքի բարիքներից օգտվելու, այլ ստեղծելու համար, իր ողջ ուժն ու եռանդը, ողջ ստեղծագործական տաղանդը մարդկանց նվիրաբերելու համար»:

Կնշվի «Մեծամորի» թանգարանի  հիմնադիր Կորյուն Մկրտչյանի 90-ամյակը

ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА