ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բա՛վ է, Հայաստանին հեղափոխություն պետք չէ, այն ցավոտ է լինում»

11.09.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Բա՛վ է, Հայաստանին հեղափոխություն պետք չէ, այն ցավոտ է լինում»

Կայացավ սպասված ու երկար քննարկված Փաշինյան-Պուտին հանդիպումը: ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, «բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի»: Իսկ հանդիպումից հետո էլ Ն. Փաշինյանը հերթական անգամ ինքն իրեն հակասեց` շեշտելով, թե որեւէ խնդիր չկա, ավելին` հարաբերությունները փայլուն են: Եվ ուրեմն` երեք հեռախոսազանգ եւ երեք հանդիպում Վլադիմիր Վլադիմիրիչի հետ. այս հանգամանքը հաջորդ հրապարակային ելույթի ժամանակ Փաշինյանը անպայման կմտցնի իր երկրպագուների աչքը: Իսկ ճռճռան խոսքերից անդին, այդպես էլ հայտնի չէ, թե ՀՀ եւ ՌԴ նախագահները ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված աղմուկի, ռուս-ադրբեջանական ջերմացող հարաբերությունների, հայաստանյան ռուսաֆոբ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մի շարք այլ խնդիրների մասին ինչ դիրքորոշման են հանգել: Այդուհանդերձ, թե ինչ հետեւանքներ կունենա ստեղծված իրավիճակը, «Իրավունքը» հետաքրքրվեց Մոսկվայի պետական համալսարանի ՌԴ արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, քաղաքագետ, իսլամագետ, արեւելագետ ԱԼԵՔՍԵՅ ՄԱԼԱՇԵՆԿՈՅԻ տեսակետը:

«Զուգադիպությունների» քանակը հուշում են վտանգավոր զարգացումների մասին

«ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼԻՆԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԲԱՅՑ...»

- Կարծում եմ` հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը խոսել են ամեն ինչի մասին, առհասարակ ընդլայնված քննարկում է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ: Վ. Պուտինը պետք է հասկանար, թե ինչ նոր ուղղություններ են վերցրել Հայաստանում, Ն. Փաշինյանն էլ պետք է բացատրեր, թե որտեղ են այդ ուղղությունների խորացման կարմիր գծերը: Ինձ անընդհատ հարց են տալիս, թե ինչի կհանգեցնի այս ամենը, եւ ինչ տեղի կունենա վաղը չէ մյուս օրը, ես չգիտեմ: Բայց գտնում եմ, որ հիմա անցումային շրջան է, ոչ սովորական մի իրավիճակ` ե՛ւ այն էլիտայի համար, որոնք հայտնվել են իշխանության մեջ, ե՛ւ հայ հասարակության համար: Կարծում եմ` առաջիկա երեք-չորս ամիսներին կհստակեցվեն հիմնական ուղղությունները: Համենայնդեպս, միանշանակ է, որ Հայաստանը մնալու է բազմավեկտոր երկիր:

– Պարոն Մալաշենկո, ինչպե՞ս կգնահատեք հայ-ռուսական հարաբերությունների ներկա իրավիճակը:

– Ինչ-որ խնդիրներ կլինեն Ռուսաստանի հետ, բայց ոչ այնպիսին, որ մենք բաժանվենք իրարից: Կլինի hակասություն, կլինի քննադատություն, սակայն սկզբունքայնորեն այդ հարաբերություններում ոչինչ չի փոխվի: Թե ինչ միտումներ կլինեն հետագայում, օրինակ, հաջորդ տարի, դժվար է ասել: Կապրենք կտեսնենք: Հայաստանն այն պետությունն է, որին Ռուսաստանը հոգեբանորեն ընկալում է որպես յուրայինի, այնտեղ հեռվում մենք ասում ենք` ժողովուրդ, ախր մերոնք են... Թեպետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված խնդիր կա, խնդիր կա` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության հետ կապված, բայց դրանք Ռուսաստանը պետք է դիտարկի որպես Հայաստանի ներքին գործ: Իսկ երբ, ի հակադրություն սրա, Ռուսաստանը սկսում է խոսել զենքի վաճառքի մասին, հավանաբար, այդքան էլ ճիշտ քայլ չէ, չնայած` հասկանալի է: Ռուսաստանը մտահոգ է, իրեն շատերը թողեցին, նույնիսկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն է իրեն մի տեսակ պահում:

«ԻՀԱՐԿԵ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ՎԵԿՏՈՐՆ ՈՒԺԵՂԱՆԱԼՈՒ Է»

– Այն, որ առանց ՀԱՊԿ գործընկներին տեղեկացնելու, Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ մեղադրանք առաջադրեց, ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին, ըստ Ձեզ, այն դեռ իր հետեւանքները կունենա՞:

– Սա, իհարկե, Ռուսաստանին նյարդայնացնում է, որովհետեւ ՀԱՊԿ-ը Ռուսաստանի համար «սուրբ կով» է, բայց բոլորը շատ լավ հասկանում են, որ Հայաստանը մնալու է այդ միության կազմում: Ուղղակի, Հայաստանին պետք է մի քիչ վախեցնել, սարսափեցնել, քանի որ Կրեմլում չեն էլ կարող պատկերացնել, թե ինչպես Հայաստանը կարող է դուրս գալ Ռուսաստանի ազդեցությունից: Մինչդեռ կան մարդիկ, որ մտածում են Եվրոպայի մասին եւ ընդհանրապես` օրինակ, եթե Գյումրիում մեր ռուսական ռազմաբազան է տեղակայված, այնտեղ կանգնած է նաեւ Շառլ Ազնավուրի արձանը: Այնպես որ, Հայաստանում միշտ իր ներկայությունը կունենա թե՛ Ռուսաստանը, թե՛ Ֆրանսիան եւ մյուսները:

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Լիբանան

– Կարծում եք, որ Հայաստանը կարո՞ղ է ինչ-որ մի պահի փոխել իր արտաքին քաղաքականությունը դեպի Եվրամիություն:

– Արդեն ասացի, որ Հայաստանը կվարի բազմավեկտոր քաղաքականություն: Բայց, իհարկե, եվրոպական վեկտորն ուժեղանալու է: Իսկ Ռուսաստանի խնդիրն է, որ պահպանի եւ ուժեղացնի այնտեղ ռուսական վեկտորը:

«ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ»

– Անդրադառնանք նաեւ Արցախյան հիմնախնդրին. ինչպես գիտեք, դեռ չի կայացել ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպում: Ըստ Ձեզ` խնդրի լուծմանը միտված ի՞նչ փոփոխություններ են հնարավոր առաջիկայում:

– Արցախյան հիմնախնդիրն իմ թոռներն էլ կտեսնեն: Կարծում եմ` սա հավերժ կոնֆլիկտ է, որը լուծում չունի: Այն կամաց-կամաց շարունակվելու է, եւ փիլիսոփայորեն ասած` շուտով չի լուծվելու, այլ մնալու է սերունդներին: Այն այսօր անլուծելի է, յուրաքանչյուր լուծում պատերազմ է, իսկ պատերազմ ոչ ոք չի ուզում` անկախ ամեն ինչից: Այո, կլինի փոխհրաձգություն, ինչ-որ մեկին կսպանեն, կլինի լարվածություն, ուղղաթիռ կխոցեն, բայց պատերազմ չի լինի:

– Ի դեպ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ վերադարձել է քաղաքականություն: Հավանական համարո՞ւմ եք, որ Հայաստանում նրա գլխավորությամբ մի նոր շրջադարձ կլինի:

– Չգիտեմ, բայց կարծում եմ` բա՛վ է, Հայաստանին հեղափոխություն պետք չէ, այն ցավոտ է լինում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА