o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.07.2016 12:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աղվեսն իր պոչին վկա է բերում: Դրա վկայությունը զարմանալիորեն ի ցույց աշխարհի դրեց քաղաքական խեղկատակ, «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ ԳԱՐԵԳԻՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆԸ: Նա տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Դիմում եմ Հայաստանի պատկան մարմիններին` անմիջապես բացատրություն տալ «Գալա» հեռուստատեսության կողմից ռուսական Ալֆա ջոկատի վերաբերյալ տրված հաղորդագրության վերաբերյալ: Պաշտոնական լռության եւ նրա հետեւանքների ողջ պատասխանատվությունը ընկնում է գործող իշխանության ու անձամբ Սերժ Սարգսյանի վրա»: Իսկ այդ «տեղեկատվությունը» նույն ԳԱԼԱ-ին տվել էին Չուգասզյանի ահաբեկիչ ընկերները (ով գիտի, միգուցե ենթականե՞րը): Սակայն այդ կերպարի համար աղվեսի հետ համեմատությունն էլ շատ է: Հիշենք, թե ժամանակին ինչպես էր նրան անվանել Ռուբեն Հայրապետյանը` «Քոչարյանի շնիկ»: Այնպես որ, Չուգասզյանն ավելի լավ է «բացատրություններ» ուզի Քոչարյանից, առավել եւս, որ ըստ քաղաքական փորձագետների` ԳԱԼԱ կուսակցությունն էլ է քոչարյանական քաղաքական նախագիծ:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մարդ-կուսակցություն ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, որը ժամանակին հայտնի էր «Նուռ» մականունով, դեմքի ամենալուրջ արտահայտությամբ հանդգնում է խորհուրդ տալ երկրի նախագահին. «Նա պետք է հրաժարական տա, ուրիշ լուծում ես չեմ պատկերացնում, տղաները հանձնվող չեն, իսկ գրոհի դեպքում արյունահեղություն կլինի»: Սակայն շարունակությունը արդեն ոչ միայն զարմանալի է, այլեւ ծիծաղելի. «Այս ամենը հետեւանք է իշխանությունների վարած քաղաքականության ու բոլոր ձախողումների: Հետեւանք է նրա, որ ընտրությունների ինստիտուտը չի աշխատում, իշխանությունը ինքն է արտահայտվում, որ ինչքան ուզեն` էնքան տոկոս կխփեն...»: Տեսեք ով է «տոկոս խփելու» մասին խոսում` մարդ, որը ընտրությունից ընտրություն հազիվ կարողանում էր իր տնեցիների քվեները ստանալ: 

Այն, ինչ տեսա այս օրերին, ինձ բերեց զարմանալի մի եզրակացության` որ ոչ մի պարագայում չէի կամենա ՈՍՏԻԿԱՆ դառնալ: Մեր անդորրը, կարգ ու կանոնը, անվտանգությունը ապահովող այդ տղաների գլխին ինչեր ասես, որ չի եկել: Զզվանքից սիրտս խառնում էր, երբ տեսա տեսանյութը, թե ինչպես որոշ վիժվածքներ ոստիկանների հետեւից քարերով են ընկել: Զզվելի էին համացանցը ողողած նյութերը, որոնք ոստիկանի նկատմամբ անսահման ատելություն էին քարոզում: Ու վերջապես նույն Էրեբունիում անչափ լարված, ծանր ու վտանգավոր ծառայություն տանող ոստիկաններին, պարզվում է, հաց ու ջուր տվող չի եղել: Դե ինչ ասես, զարմանալով հանդերձ, չեմ կարող չհորդորել իշխանությանը` այդ տղաների պայմաններն ու կարգավիճակը գոնե մի քիչ բարելավեք:

Այս օրերին ինձ զարմացնում էր եւ մտավորականների «փափկամազիկ» վերաբերմունքը ահաբեկչական խմբին: Գրեթե բոլորը ձգտում էին իրենց խոսքով հանկարծ «վատամարդ» դուրս չգալ: Իսկ ահա արձակագիր ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԸ ինձ հաճելիորեն զարմացրեց շիտակ, տղամարդավարի խոսքով, որով գնահատեց հանցախմբին. «Նրանց գործողություններն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել, քան դավաճանություն, դավաճանություն պետությանը, ժողովրդին: Սա իրապես մեր թշնամի Ադրբեջանի համար ողջունելի քայլ է, ասես այդ պետության անունից են գործում: Ադրբեջանը կերազեր ապակայունացնել Հայաստանի ներքին կյանքը: Իսկ նրանք շատ հանգիստ իրականացրին դա: Նման քայլի գնալուց առաջ պետք է Ժիրայր Սէֆիլյանի թիմը մտածեր, որ մեր գլխին դամոկլյան սրի պես պատերազմն է կախված, զերծ մնար «վեհ» մղումների նման դրսեւորումից, որը մեր պետությանն ուղղված հարված է թիկունքից: Մյուս կողմից` սա մեսիջ է` ուղղված Ադրբեջանին, որ Հայաստանում հնարավոր է ահաբեկչություններ իրագործել: Տեսեք, թե ում են ոգեւորում իրենց ազգի փրկիչներ հորջորջողները»:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА