ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՎԱԳԱՆՈՒ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

07.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՎԱԳԱՆՈՒ ՉԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հիշո՞ւմ եք, թե «հանցավոր ռեժիմի» օրոք ինչպես էին աղմկում ընդդիմադիրները, այդ թվում եւ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե ընտրողների ցուցակները ոչ թե պակասում էին, այլ` ավելանում: Միանգամից մերկապարանոց հայտարարվում էր, թե ընտրակեղծիք անելու համար կեղծ ընտրողների ռեզերվ է ստեղծվում եւ այլն, եւ այլն: Բայց Նոր Հայաստանում դա, չգիտես ինչու, համարվում է միանգամայն նորմալ:

ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ԳԵՐՈՒՀԻՆԵՐԸ»

 

ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԱԽԸ ՍՐՏՆԵՐԻՆ

Ի դեպ, մեկ ուրիշ բանի վրա էլ աներեւակայելի աղմուկ էին բարձրացնում` եթե մեկ հասցեի վրա հայտնաբերում էին գրանցված տասնյակներով եւ հարյուրներով ընտրողներ: Իսկ հիմա բավարարվում են իրենց թավշյա ոստիկանության պարզաբանումով, որ կան պաշտոնական հասցե չունեցող շինություններ, որ գրանցված չեն կադաստրում, որ այդպես է հանրակացարաններում, ծերանոցներում եւ այլն` բոլոր բնակիչները գրանցված են մեկ հասցեում: Հիմա դա համարվում է նորմալ, չէ՞ որ «սեր եւ համերաշխություն» է տիրում, եւ ժողվարչապետի թիմը հո չի՞ զբաղվելու ընտրակեղծիքի ռեսուրս ստեղծելով: Բայց, ճիշտն ասած, այդպիսի մոտեցումն արժանահավատ չենք կարող համարել: Որովհետեւ ՔՊ թեկնածու Հայկ Մարությանի կողմից երեւանցիներին ուղղված հոխորտանքից հետո դժվար է հավատալ, որ նա առանց ընտրակեղծիքի, ձայների մեծամասնություն հավաքի: Ինչքան էլ Նիկոլը մասնակցի նրա ընտրարշավին, նրա համար միտինգներ կազմակերպի, դրանից հո երեւանցիների վիրավորվածությունը չի անհետանա: Համ էլ, այդ ինչո՞ւ հիմա աղմկող չկա վարչապետի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին, պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ նույն տարբերակով Սերժ Սարգսյանը մասնակցեր Տարոն Մարգարյանի ընտրարշավին, ապա ինչպիսի վայնասուն էին բարձրացնելու: Ի դեպ, միայն Հայկոյի հոխորտանքը չէ, որ աշխատում է վախի մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ: Իզուր տեղը չէ, որ դպրոցների ՀՀԿ-ական տնօրենները հիմա, ԶԼՄ-ների հաղորդմամբ, ամեն կերպ խուսափում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի գործառույթը ստանձնելուց: Դե հասկանալի է, եթե հանկարծ զոռբայությամբ Հայկոյին չանցկացնեն քաղաքապետ, ապա այդ նույն տնօրենների վրա միանգամից ընտրակեղծիքի շառ են անելու: Չմոռանանք նաեւ, թե ինչպիսի ճնշում է հրապարակավ գործադրել  տնօրենների եւ մանկավարժների վրա նախարար Արայիկ Հարությունյանը` նրանց ուղղակի տեքստով ասելով, թե հիշեք, ձեր աշակերտները մերժել են Սերժին: Դե, իսկ համացանցում նիկոլականների տեսակետները չկիսող քաղաքացիների ու առավել եւս լրատվամիջոցների դեմ հայհոյանքների եւ սպառնալիքների արշավների չդադարեցման մասին կարծում ենք` ավելորդ է խոսել, թեեւ ԱԺ արտահերթ նիստին ընտրակաշառքի եւ ընտրակեղծիքի քրեական պատիժները խստացնող օրենքի քննարկման ժամանակ խոսվել է համացանցային հալածանքի համար քրեական պատասխանատվության անհրաժեշտության մասին: Դե, բայց հարցը զեկուցող Արդարադատության նախարարությունն էլ այդպիսի լրացումները թողնում է հետագայի վրա: Հասկանալի է` այս ընտրություններին դա իրավանորմ դարձնելը ձեռք չի տալիս: Երեւի թե, համատարած իրենց օրենսդրությունում այդ հալածանքի համար քրեական պատիժ սահմանող նորմեր ունեցող Բրիտանական համագործակցության երկրներում ու նաեւ Մեծ Բրիտանիայում ո՛չ սեր կա, ո՛չ համերաշխություն: Իմիջիայլոց, համացանցային զազրելի ճնշումների ամենաթարմ օրինակը ունեցանք այս հինգշաբթի, երբ համացանցում տեսանյութ հայտնվեց, թե ինչպես զոհված զինվորի մայրը ամոթանք է տալիս վարչապետի օգնականին: Հեղափոխական օգտատերերը, «սիրո եւ համերաշխության» շրջանակներում համացանցում ամենավերջին լուտանքները թափեցին ոչ միայն այդ կնոջ հասցեին, այլեւ անպարկեշտ խոսքեր շռայլեցին նրա զոհված զինվոր զավակի հասցեին...

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԽԺՌԵԼՈ՞Ւ Է ԻՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ

Բայց մի հետաքրքիր բան` ինքը` Նիկոլը, հասցրեց Ֆեյսբուքի ուղիղ եթերում խոսել, թե որ դեպքում կհեռանա իշխանությունից. «Ես ինձ վարչապետի կարգավիճակում համարում եմ ձեր ներկայացուցիչը: Իմ այստեղ լինելը իմաստավորվում է եւ կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով: Ես ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը` հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով որոշողը լինելու եք միայն դուք` ՀՀ քաղաքացիներդ: Ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը: Ես պետք է երաշխավորեմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանում: Այն պահին, երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից, պետք է լինեն այլեւս ինստիտուցիոնալ երաշխիքներ, որ որեւէ մեկին հնարավորություն չեմ տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»: Դե հասկացաք, չէ՞, թե ո՞վ է ժողովուրդը: Հայկ Մարությանը պարզ ասել էր, որ եթե համաձայն չեք իրենց թիմի հետ, ապա դուք ժողովուրդ չեք, դուք ընդամենը սեւեր եք: Դե, չմոռանանք նաեւ անընդհատ ուժգնացող ելույթները` «սաբոտաժի», «հակահեղափոխական դավադրությունների» եւ այլնի մասին: Երեւի թե, Տարոն Մարգարյանն ու ՀՀԿ-ն են մեղավոր, որ քաղաքապետի հրաժարականից հետո մայրաքաղաքի փողոցները վերածվում են գարշահոտ աղբակույտերի, որոնց թարմ նկարները ամեն օր տեսնում ենք լրատվական կայքերի էջերում: Առանձնապես չենք զարմանա, եթե թավշակրոն քարոզիչները սկսեն հեքիաթներ պատմել` իբր ՀՀԿ-ականները Նուբարաշենի աղբանոցում բեռնատարներ են աղբով բարձում եւ բերում-թափում մայրաքաղաքի փողոցներում:

ՀՎԿ-ն հետ չմնաց նախընտրական խախտումներից

ՊՈՊՈՒԼԻԶՄ` ԱՌԱՆՑ ՉԱՓՈՒՍԱՀՄԱՆԻ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իրավամբ նկատել է, որ մեր երկրի հիմնական պրոբլեմը ոչ թե մութ ուժերն են, այլ` բութ ուժերը: Իսկ թե ինչքանով է տարածված բթությունը` կերեւա նրանից, թե դեռ ինչքան ժամանակ կենսունակ կլինի անձի պաշտամունքը, իսկ անիրագործելի խոստումները կընդունվեն հալած յուղի տեղ: Իսկ խոստումները բավականին  շռայլ են հնչում, չնայած նրան, որ դեռ մայիս ամսին հնչեցրած խոստումների առյուծի բաժինը ոչ միայն չի կատարվել, այլ կատարվելուց շատ հեռու է: Հիմա էլ կառավարությունը երկրորդ երեխայի նպաստն է եռապատկում, աշխատավարձի եկամտահարկը վերանայում, եւ պոպուլիզմը հնչում է ամեն քայլափոխի: Իսկ այժմ` թե ինչ է խոսվում ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, նույն այդ աշխատավարձերի եւ նրանց հարկման մասին: «Երկաստիճան համակարգով առաջնորդվելու պարագայում դե ֆակտո 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտները կավելացվեն 500 դրամով, իսկ 150 հազարից ավելի ստացողներինը` 750 դրամով: Սա, կարծում եմ, այնքան էլ լավ արդյունք չէ, ու այն արդյունքը չէ, որին մենք ձգտում ենք»,- ասաց նա, եւ հավելեց. «Հիմա կան մինչեւ 150 հազար ստացողներ, որ հարկվում են 23 տոկոսով, 150-ից 2 միլիոն ստացողներ, որ հարկվում են 28 տոկոսով, եւ 2 միլիոնից ավելի, որ հարկվում են 36 տոկոսով», ուղիղ եթերում ասաց նա: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց  ոչ թե 150 հազար դրամը սահմանել սանդղակի փոփոխության շեմ, այլ 250 հազարը: Այս պարագայում կունենանք եկամտահարկի շոշափելի նվազում: Բա շարունակությո՞ւնը` դա այն դեպքն է, երբ իրոք երանի հավատացողներին: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենց նպատակը չէ, որ 100 կամ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները լինեն աշխատողների կեսը. «Մեր նպատակն է, որ մեր երկրում աշխատավարձ ստացողների կեսից ավելին ստանան 400, 500, 600, 800 հազար դրամ աշխատավարձ»: Դե, Նոր Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիներ, գրպաններդ լայն բացեք, ակնկալելով այդպիսի աշխատավարձեր: Բնականաբար, հարց է ծագում, իսկ ո՞ր փողով պետք է դա արվի, եթե պետբյուջեն, պատկերավոր ասած, ծակ է: Ինչ-որ ձեւով պետբյուջեն համալրելու համար ՊԵԿ-ի կոզբադինները բոլոր տնտեսվարողների կաշին են քերթում, այդ թվում եւ ամենամանրերի: Ու վայ նրան, ում մոտ քջջելով գտնեն մի բան, ինչը կարելի է խախտումանման համարել` կկանգնեցնեն կա՛մ խիստ պատասխանատվության ենթարկվելու, կա՛մ մեծ տուգանքներ մուծելու հեռանկարի առաջ: Եվ փույթ չէ, որ այդպիսի, կներեք արտահայտության համար, վարչարարությունը, իսկ իրականում հարկային տեռորը, միայն կարճատեւ արդյունք կարող են տալ, քանզի ողջամտությունը մարդկանց կհուշի, գումարները հանել որեւէ ապահով տեղ: Կարճատեւ` այս ընտրությունները գլորելու, իսկ հետո Ազգային ժողովի այսօրվա մեծամասնության գլուխն աղալու եւ խորհրդարանը յուրայիններով լցնելուց հետո այդ ամենն արդեն կարեւոր չի լինի: Միայն թե ամրապնդեն սեփական իշխանությունը, այն պահեն բոլոր հնարավոր միջոցներով, իսկ դրանից հետո թեկուզ ջրհեղեղ լինի: Թերեւս ներկայիս թավշակրոն վարչախումբը շատ լավ հասկանում է, որ իշխանությունը կորցնելու դեպքում իրենք դատվելու են հակասահմանադրական ճանապարհով իշխանությունը բռնազավթելու համար: Գումարած դրան` այնքան են ակտիվացել տարբեր «ծիածանագույն» կադրերը, այնքան են սերտաճել վարչախմբի հետ` տարատեսակ քայքայիչ կրոնական կառույցների էմիսարների հետ մեկտեղ, որ այդ ամբողջ, մեղմ ասած, ապազգային, իսկ ավելի ճիշտ` չհայ զանգվածի սրտներն ահ է ընկած: Եվ այդ բոլորի ահի մարմնացումը հիմա խորհրդանշում է Ռոբերտ Քոչարյանը, ում ցուցադրաբար շնորհավորել է Վլադիմիր Պուտինը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА