o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՋՐԻ ՄԱՖԻՈԶՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՆ»

04.09.2018 20:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՋՐԻ ՄԱՖԻՈԶՆԵՐԸ ՄԻ ՔԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՆ»

Թեեւ օրերս ԱԺ-ն ընդունեց Սեւանա լճի օրենքով սահմանված տարեկան 170 մլն խմ ջրի փոխարեն այս տարի 210 մլն խմ ջուր վերցնելու օրինագիծը, սակայն դրա շուրջ վեճերը դեռ չեն հանդարտվում: Մասնավորապես՝ քննարկումների օրակարգում է այն հարցը, թե ի՞նչ նպատակով է ծախսվելու այն մոտ 2 միլիարդ դրամը, որը կստացվի նշված հավելյալ ծավալով ջրի բաց թողնման արդյունքում արտադրվելիք էլեկտրաէներգիայի հաշվին: Ընդ որում, այդ էներգիայի թեման թեժացավ նաեւ շրջանառության մեջ մտած այն լուրերի հաշվին, որ այդ ամենից ուղղակիորեն կօգտվի նաեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանը, ում ընտանիքը, ըստ այդ լուրերի, ունի ՀԷԿ-երի համակարգ:

«Ինչու՞ այն, ինչ ամենուրեք լավ է, մեզ մոտ վատ է». հիդրոտեխնիկ ճարտարագետը փաստեր է ներկայացնում

 

«Ո՞ւմ է պետք էդ ջրառը»

Այսպիսով, ակտիվ շրջանառության մեջ է նաեւ այն հարցը, թե արդյոք հենց այդ էլեկտրաէներգիան չէ՞ հավելյալ ջրի իրական պատճառը: Առավել եւս, որ շատ գյուղացիներ պնդում են, որ այլեւս ջրի կարիք առանձնապես չունեն. այն, ինչ չորացել է, այլեւս «վերակենդանացնել» չի լինի: Համենայնդեպս, մեզ հետ զրույցում «Արարատ» ժողովրդավարական կազմակերպության ղեկավար ՀԵՆՐԻԿ ԱՎԱԳՅԱՆԸ եւս նույն միտքը հայտնեց.

- Ի՞նչ ջրառ, ո՞ւմ է պետք էդ ջրառը: Էս ժամանակ մարդիկ պետք է երրորդ-չորրորդ ջուրը անեին, սակայն մարդ կա, առաջինը թամամ չի արել: Էլ ի՞նչ ջրառ... էս ընթացքում ջրառ իրականացնելը նույն բան է, որ ասես բույս, գնա մեռի, արի՝ սիրեմ: Դե հիմա էդ Ջրպետկոմիտեում գոնե պատկերացնո՞ւմ են, թե ինչ վիճակում են գյուղացիները:

- Լավ, իսկ հնարավոր չէ՞ այդ ոռոգման ջրի խնդիրն առավել արդյունավետ եղանակներով լուծել, որ գյուղացին չկանգներ փաստի առաջ: Առավել եւս, որ Հիդրոմետի տեղեկացմամբ՝ այս ամռանը տեղումների քանակը 150 տոկոսով ավել է եղել նորմայից:

- Ոնց չէր կարելի, շատ հեշտ ու հանգիստ կարելի էր: Բայց կոնկրետ մեր մարզում նշանակված է մի այնպիսի ՋՕ-ի տնօրեն, ով ժողովրդին հասանելիք ջուրը, բառիս բուն իմաստով, խլել էր ժողովրդից: Փակել է ողջ ջրանցքը եւ տարել իր ու իր հովանավորների հողերը ջրելու ուղղությամբ. այդպես ճոխ-ճոխ լավություններ է անում իր հովանավոր նախկին պաշտոնյաներին: Օրինակ, մարզում հայտնի նախկին պաշտոնյաներից մեկի 180 հեկտար «ստվերային» հողն ամբողջ ամառվա ընթացքում ջրվել է գյուղացուց գողացած ջրի հաշվին: Այնտեղից այժմ ընտիր պոմիդոր են քաղում ու թանկ գնով վաճառում: Բա գիտեք էդ ջուրը հենց այնպես օ՞դ ցնդեց,  չէ` տարել են իրենց հողերը ջրելու: Էն աստիճան են լկտիացել, որ բերում են սվառկա են անում խողովակները, որ ժողովուրդը չկարողանա ջուր բացել: Հիմա էլ , որ Այգեստան գյուղի բնակիչները գնացել ջարդել են էդ սվառկա արած խողովակները, որ ջուրը բացեն` ՋՕ-ի տնօրենը տվել է դատի: Այնպես որ, Արարատի մարզում ջրի մաֆիոզները մի քանի նախկին  եւ ներկա պաշտոնյաներ են, որոնց էլ ծառայում է ՋՕ-ի տնօրենն իր աշխատակազմով: Ինչի, Դուք մտածում եք, որ լրացուցիչ ջրառ անելու միտքը ժողովրդին լավություն անելու համա՞ր էր: Կոնկրետ այս անգամ Սեւանից իրականացվելիք լրացուցիչ ջրառը ուղղվելու է Ջրային պետական կոմիտեի նախագահ Գաբայանի ամուսնուն պատկանող երեք ՀԷԿ-երը աշխատացնելուն. միայն միամիտ մարդիկ կարող են հավատալ, որ այն ուղղվելու է գյուղացու այգիները ոռոգման ջրով ապահովելու համար: Նրա ամուսնու ՀԷԿ-ը հենց Սեւանից ջուր բաց թողնող գծի վրա է, Սեւանից վերցվող ջուրն էլի հասնելու է իրենց ՀԷԿ-երին: Նրա եւ մյուսների ՀԷԿ-երը օգտվում են ժողովրդին հասանելիք ջրից, իրենք դրանից հոսանք են ստանում ու 28 դրամով ծախում էլցանցին: Այնպես որ, ժողովրդի համար չէր, որ, այսպես ասած, դոշ տված հասան նրան, որ ջրառ իրականացվի:

 

«Գաբայանի ընտանիքը չունի երեք ՀԷԿ, ունի մեկը»

Փորձեցինք Ջրային պետական կոմիտեի նախագահի մամուլի պատասխանատու ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ պարզել՝ իրոք տիկին Գաբայանի ամուսինը Սեւանի ջրառի հունի վրա երեք ՀԷԿ ունի՞: Սակայն մամուլի խոսնակը հակառակն է պնդում.

- Տիկին Գաբայանի ընտանիքը չունի երեք ՀԷԿ: Ունի մեկը, որի մասին հայտարարել է տիկին Գաբայանը: Ավելին, այն չի գտնվում Սեւանից իրականացվող ջրառի ճանապարհին, վստահեցնում ենք Ձեզ: Եվ մեկ նկատառում եւս. Սեւանից ջուրը բաց չի թողնվում որեւէ մեկի ՀԷԿ-ը կամ անձնական շահը սպասարկելու համար: Դա ոռոգման լրացուցիչ ջրի համար է, եւ հստակ է, թե ջրառը կոնկրետ որ համայնքների, տարածաշրջանների համար է:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА