o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՎՇՅԱ ՖՅՈՒՐԵՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԵՐԸ

04.09.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՎՇՅԱ ՖՅՈՒՐԵՐԻ ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԵՐԸ

Համացանցում կարդալու բան, այսինքն` բուն տեղեկատվություն, համարյա թե չկա: Բոլորը զբաղված են կարգին նախշելով կարգին Հայկոյին: Դե, իհարկե, նրան հասնում է, քանզի երեւանցիներին բաժանեց սեւերի ու սպիտակների եւ հնչեցրեց «մեր դեմ խաղ չկա» բանաձեւը, որի նկատմամբ ՀՀ քաղաքացիները վաղուց արդեն բնազդի մակարդակով թունդ ատելություն ունեն:

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ ՋՐԲԱԺԱՆ ՀԱՅԻ ԵՎ ԱՂԲԻ ՄԻՋԵՎ

 

ԻՆՉԸ ՆԻԿՈԼԻ ՄՏՔԻՆ Է, ԴԱ ՀԱՅԿՈՅԻ ԼԵԶՎԻ՞Ն Է

Անշուշտ, ամենասուր արձագանքներից մեկը պատկանում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին, ով միանգամից արձանագրեց, որ ՔՊ թեկնածուն որեւէ առնչություն չունի Երեւանի հետ` նրան որակելով «Այ գավառական ծաղրածու»: Սակայն մի կողմ դնենք հյութեղ մակդիրները եւ մեջբերենք քաղաքական բնութագրիչը. «Դու քարոզարշավը չսկսած` ցուցադրեցիր քո քաղաքական բոբիկությունը եւ ցածր բարոյականությունը»:

Ի դեպ, ՔՊ-ի մայրաքաղաքային ընտրությունների ծայրաստիճան անհաջող մեկնարկը արձանագրում են նաեւ նիկոլամետ լրատվական ռեսուրսները: Եվ անհաջողությունը շտկելը, մեղմ ասած, ծայրահեղ դժվար կլինի: Դրա վկայությունը նաեւ այն է, որ ինչ-ինչ էմիսարներ այդ ելույթից շատ չանցած հայտնվեցին լրատվականների դուռը` աղաչել-պաղատելով տեսանյութից հանելու գոնե «մեր դեմ խաղ չկա» հատվածը, իսկ ինքը` Հայկ Մարությանը, հանդես եկավ անհամոզիչ «պարզաբանումով», թե նկատի ուներ, որ խաղ չկա միայն ժողովրդի դեմ: Բայց, անշուշտ, ամենամեծ պրոբլեմը ունենալու է Նիկոլ Փաշինյանը, ով արդեն հայտարարել է, որ մասնակցելու է Մարությանի ընտրարշավին: Ոչ այն է` տեր կանգնես այդ ծայրահեղ անպարկեշտությանը, ոչ այն է` փորձես հրաժարվել դրանից...

Ենթադրելի է, որ դիկտատորական հարաճուն ախորժակներ ունեցող Փաշինյանի մտքին կա այդ սեւ-սպիտակի բոլշեւիզմը եւ «Մեր դեմ խաղ չկա» բանաձեւը, ու ծաղրածու Հայկոն դա պարզապես հնչեցրել է` չմտածելով ընտրարշավի համար աղետալի հետեւանքների մասին: Իսկ որ ավելի վատ մեկնարկ նույնիսկ միտումնավոր ծրագրել հնարավոր չէր` դա հաստատ: Բայց միաժամանակ չար լեզուները խոսում են, որ Երեւանի քաղաքապետության մուրազը փորը մնացած Ալեն Սիմոնյանն է հուշել Մարությանին, թե ինչ ելույթով հանդես գա, եւ, ի դեպ, հենց Սիմոնյանի արձագանքը Վիգեն Սարգսյանի ելույթին հուշում է, որ ինչ-որ բան այն չէ: ԱԺ պատգամավորի մանդատով օժտված սույն պարոնի ելույթը ոչնչով չէր տարբերվում կյանքի փորձ չունեցող պատանի խուլիգանի հոխորտանքից:

ԱՄԵՆ ՄԻ ՔԱՅԼ ԱՎԵԼԻ Է ՎԱՏԱՑՆՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ

Հասկանալի է, որ կատարվածից հետո Հայկ Մարությանի գլխավորությամբ ՔՊ թիմը կարող է հաղթանակ տանել միայն մեկ ճանապարհով` զանգվածային ընտրակեղծիքների: Եվ դա այն դեպքում, որ սեփական լեզուն զսպելու պարագայում ամեն ինչ բավականին հարթ կգնար` ՀՀԿ-ն ավագանու ընտրություններին չի մասնակցում, մասնակիցներից ոչ ոք պաշտոնապես իրեն ընդդիմադիր, կամ առավել եւս, հակահեղափոխական չի հռչակել: Սակայն չեղած տեղը բարիկադներ ստեղծելն ու հոխորտալով հանրության վրա` Մարությանը ՔՊ-ին եւ հետեւաբար Նիկոլ կանգնեցրեց այն վիճակին դեմ հանդիման, որ ընտրություններից հետո արդեն քաղաքապետարանում բոլորն են համախմբվելու ՔՊ-ի դեմ, եւ կստացվեն իսկական սեւ օրեր իրեն «սպիտակ» հռչակած Հայկոյի համար: Դա ունի երկու հանգուցալուծում` կա՛մ զոռբայությամբ, լպիրշ թվանկարչությամբ ապահովել 50 եւ ավել տոկոսը, կա՛մ պարտվել: Ընդ որում, թվանկարչությունն ապահովող ռեսուրսը կարող է ապահովել ոչ թե ընտրակաշառքը, այլ` ընտրական հանձնաժողովների վրա բիրտ ուժային ճնշումը: Բա, հո հայի վրա կրակելու սովոր «Սասնա ծռերին» հենց այնպես բաց չեն թողել բանտերից: Պետք է հաշվի առնել, որ ե՛ւ ՀՀԿ-ի, ե՛ւ ակտիվ քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսները պարապության մատնվել չեն կարող: Այսպես կամ այնպես, դրանց դրսեւորումը այս ընտրարշավում զգացվելու է: Թե կոնկրետ մասնակիցներից որեւէ մեկի վրա արդյո՞ք կկենտրոնացվի այդ ռեսուրսը, թե կօգնեն հավասարապես բոլորին ՔՊ-ի դեմ, դա այնքան էլ սկզբունքային հարց չէ: Կարեւորը արդյունքներն են: Եթե միջոցների  մեջ խտրություն չդնելով` Նիկոլը կարողանա ստանալ 50 տոկոսն էապես գերազանցող թիվ, ապա իր եւ իր վարչախմբի իշխանությունն ամրապնդելու հնարավորություն ձեռք կբերի: Եթե լինի «հաղթանակ», բայց 50 տոկոսին  մոտ, ապա նա այլեւս չի կարողանա հայտարարել, որ ներկայացնում է ամբողջ ժողովրդին: Իսկ ընտրություններում պարտության դեպքում «ուժեղ թիմին» բանտախցերում մատչելի լեզվով կբացատրեն, թե ինչ է նշանակում «մեր դեմ խաղ չկա» հոխորտանքը: Որովհետեւ Փաշինյանի պարտության դեպքում ԱԺ մեծամասնությունը բոլոր իրավունքներն է ունենալու տարբեր իրավական մեխանիզմներով, զորօրինակ, Սահմանադրական դատարանով բարձրացնելու իշխանության հակասահմանադրական բռնազավթման հարցը: Դե, իսկ քաղաքականություն վերադարձած Ռոբերտ Քոչարյանը, ինչպես հայտնի է, թավշյա վերաբերմունք չի տածում իշխանության բռնազավթիչների հանդեպ: Ի դեպ, Վլադիմիր Պուտինի կողմից Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը պաշտոնապես շնորհավորելը իսկական խուճապի մատնեց թավշակրոններին: Եվ դա անհիմն չէ: Նախեւառաջ, ՌԴ ղեկավարը դրանով ուղղակորեն ի ցույց հանեց, որ ի տարբերություն Նիկոլի, Ռոբերտ Քոչարյանին պետական հանցագործ չի համարում, այլապես այդպիսի շնորհավորանք` միջպետական մակարդակով, կլիներ անհնարին: Եվ հաջորդը` քանի որ ՀՀ քաղաքացիները, ինչքան էլ «ազատ ու հպարտ» լինեն թավշահեղափոխության արդյունքում, նրանց մոտ ամենեւին չի նվազել հյուսիսապաշտությունը, եւ հյուսիսից եկող այդպիսի ազդակը չի կարող էական հոգեբանական ազդեցություն չթողնել ընտրազանգվածի վրա: Բայց «քեռի Սեմից» էլ աջակցություն ակնկալելու տեղ չունի` Դոնալդ Թրամփը, երեւի թե, պատկերացում էլ չունի նրա գոյության մասին, իսկ դեսպան Միլսի` ուղիղ տեքստով Ամուլսարի մասին արված զգուշացումից հետո բնապահպանների շարժման հաղթարշավը բացի ամերիկյան զայրույթից Նիկոլի նկատմամբ, այլ արդյունք ունենալ չի կարող: Ուժով նա այդ շարժումը դադարեցնել չի կարող` դա կլինի էական հարված իր վարկանիշին: Շախմատային լեզվով ասած` ցուգցվանգ եւ ցայտնոտ, երբ ամեն մի քայլ վատացնում է վիճակը: Եվ դա քիչ էր` Հայկ Մարությանն էլ ստեղծեց «լեզվի սայթաքում` կյանքի կործանում» իրավիճակը: Ամենեւին ոչ թավշյա վիճակում են մեր թավշակրոնները:

ՈՂԲԱՄ ԶՔԵԶ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԶԻ ՎԱՐԻՉՆԵՐԴ ՄԱՆՈՒԿ ԵՆ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА