o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.07.2016 14:27 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

Զարմանքս պետք է սկսեմ լեգենդար ազատամարտիկ ՇԱՀԵ ԱՃԵՄՅԱՆԻՆ շնորհակալություն հայտնելով` կատարված արյունալի դեպքերին տրված հստակ եւ սկզբունքային գնահատականի համար: Նա դա միանշանակ որակում է ահաբեկչություն, կատարողներին` ահաբեկիչներ, ովքեր արժանի են խստագույն պատժի: Սակայն դաշտում առկա են, ինչքան ասես, ոչ սկզբունքային ԶԼՄ-ներ եւ հանրային դեմքեր: Այսպես, եթե որեւէ պիղծ.am կայքէջ փորձում է հերոսացնել հայի արյուն թափած զինյալներին, դա դեռ հասկանալի է, բայց զարմանալի է, որ հանրային ռադիոյով խոսվում է, թե հանցագործություն կատարելու լուրջ պատճառներ ունեին, թե նպատակներն ու մտադրությունները ազնիվ էին ու մի գլուխ հիշատակվում է «Սասնա ծռեր» ջոկատի անունը: Երեւի թե, ի վերջո, Փոքր Մհերը զայրույթից կճեղքի Ագռավաքարը` զազրախոսների լեզուն կարճացնելու: Ու մեզ նաեւ զարմացրեց առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը եւ այլ մտավորականներ` «մեր տղաները» եւ այլ բառակապակցություններով, ու նաեւ տեղի-անտեղի շահարկելով միջազգային իրավունքով նախատեսված «ապստամբության իրավունքը»: Բայց, գրողը տանի, ապստամբություն տեսնող կա՞, այդ ո՞ր քաղաքը, գյուղը կամ զորամասն է ապստամբել... Երեւի թե, նկատի ունեն ֆեյսբուքյան ծիծաղաշարժ եւ հայհոյախառն «ապստամբությո՞ւնը»:

ԶԱՐՄԱՆՔ

Այսօր շատ ու շատ ազատամարտիկներ օրհնանքով հիշում են ՀԱԲ-ի հրամանատար Ռազմիկ Վասիլյանին, ով 1990-ի օգոստոսին իր զինակիցներին հրամայեց վայր դնել զենքը եւ հանձնվել` կանխելու համար եղբայրասպան արյունահեղությունը: Սակայն, զարմանալիորեն, նման վեհություն չունեցավ ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԸ: Իրավապահները նրա համար ստեղծել էին Պավել Մանուկյանի հետ զրուցելու հնարավորություն, սակայն, երբ վերջինս հարցրեց Ժիրայրի կարծիքը` Սէֆիլյանը ձեռքերը լվաց եւ ասաց, թե վարվեք` ինչպես ինքներդ եք հարկ համարում: Մինչդեռ, նա ընդամենը մեկ բառով կարող էր արդեն վերջակետ դրած լինել Էրեբունիում կատարվող խելահեղությանը...

Մեզ անզարմանք չթողեց եւ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ իր ոչ այնքան հստակ եւ հասկանալի պահվածքով: Նախ` տարակուսելի է, որ մինչեւ հիմա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի արտահայտվել: Եվ երկրորդը` խոսելով զինյալ խմբի մասին, ոստիկանության պաշտոնատարները սկսել են խուսափել իրավապահ մարմնին վայել եւ բնորոշ բառապաշարից: Նաեւ մեզ զարմացնում է ոստիկանության անհետեւողականությունը` փողոցում սադրանքներ կազմակերպողների նկատմամբ: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, հուսանք, որ, այնուամենայնիվ, ոստիկանությունն ինչ-որ բան գիտի, որ մեզ անհայտ է, ու ըստ դրա գործում է, բնականաբար, տեղյակ չպահելով եւ պարտավոր չլինելով տեղյակ պահել մեզ: 

Եվ վերջապես չենք կարող չզարմանալ «հայի բախտից»: Նոր-նոր հասցրել էինք ուրախանալ Թուրքիային ցնցող քայքայիչ իրադարձությունների կապակցությամբ, երբ ինքներս դարձանք թուրքի ծիծաղի առարկա: Այսպես, հանցավոր խմբի անդամ ԱՐԵԳ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻ ֆեյսբուքյան էջում տեսանք, թե խմբի տեսանյութի տակ ինչպես էին ծիծաղելու «սմայլիկներ» (նշաններ) դրել թուրքերը: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА