o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հանցագործությունից պակաս ծանր չէ հայաստանյան կառավարության սխալը». Կ. Զատուլին

31.08.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Հանցագործությունից պակաս ծանր չէ հայաստանյան կառավարության սխալը». Կ. Զատուլին

Լրացավ ՀՀ նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը եւ Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ մեր արտաքին քաղաքականությունում ամեն ինչ լավ է եւ դեռ ավելի լավանալու է, մասնավորապես` անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին: Սա ընդունվեց որպես ի գիտություն` առանց մանրամասների մեջ խորանալու, ինչպես ընդունված է հետհեղափոխական Հայաստանում: Թե որքանով են ասված խոսքերը համապատասխանում իրականությանը, եւ ի՞նչ են մտածում մեր ռազմական, տնտեսական դաշնակից Ռուսաստանում, «Իրավունքը» հետաքրքրվեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻՑ:

Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ոչ անկախությունն է արժեք, ոչ էլ անկախության համար պայքարած մարդիկ. Արմեն Աշոտյան

«ՏԽՐԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐՈՒՄ Է ՈՐՈՇԱԿԻ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ»

– Պարոն Զատուլին, արդեն ավելի քան 100 օր է, ինչ Հայաստանում նոր իշխանություն կա: Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան այսօրվա իրավիճակն ու հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը:

– Որքանով լսել եմ, այս պահին գործող Հայաստանի կառավարությունը բավական հաճախ ընդգծում է, որ իրեն համարում է հեղափոխական կառավարություն: Եթե  այդպես է, ուրեմն` Հայաստանում իրավիճակը կարելի է համարել հետհեղափոխական: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ինձ թվում է` Հայաստանը եւ Ռուսաստանը հենց այդ հեղափոխությունից հետո դեռ շարունակում են ուսումնասիրել միմյանց: Այս առումով ինչ-որ բան բավարարում է, ինչ-որ բան` ոչ, եւ բոլոր դեպքերում չէ, որ խոսքերն ու գործերը համընկնում են: Երբ խոսքը վերաբերում է այս ժամանակահատվածում շփումներին, պետք է ասել, որ այս ընթացքում եղել են ե՛ւ անձնական հանդիպումներ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի միջեւ, ե՛ւ եթե չեմ սխալվում, եղել է երեք հեռախոսազանգ: Որքանով տեղյակ եմ` Ձեր վարչապետը բավարարված է այդ բանակցություներով:

– Իսկ ռուսական կո՞ղմը...

– Ինչ վերաբերում է ռուսական կողմին` մենք նկատում ենք դրական հռետորաբանություն այն մարդկանցից, որոնք, պատգամավորից դառնալով նախարար, ինչ-որ առումով փոխել են իրենց նախկին պատգամավորական տեսակետները, թե անհրաժեշտ է ռուսական ռազմաբազան փակել, անհրաժեշտ է դուրս գալ ԵԱՏՄ պայմանագրից: Համենայնդեպս, հիմա պաշտոնական հարթությունում հայկական կողմն այս ամենը չի հաստատում: Մյուս կողմից` մեզ տխրեցնում է այն, որ քաղաքական լարվածությունը չի թուլանում: ՀՀ վարչապետի հեղինակությունը պահպանվում է վառ հայտարարություններով եւ աղմկոտ քրեական գործերով: Սա իհարկե փորձված միջոց է վարկանիշը պահպանելու համար, բայց ամեն դեպքում, ցանկալի կլիներ, որ ավելի շատ խոսվեր տնտեսական զարգացման, ժողովրդի հնարավորությունների ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին, եթե այն չունի ենթատեքստ` ինչ-որ քաղաքական հաշիվներ մաքրելու:

«ՍԱ ԲՈՒՄԵՐԱՆԳ Է, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՐՎԱԾԵԼ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ»

– Այն սկանդալը, որ առանց ՀԱՊԿ գործընկներին տեղեկացնելու, Հայաստանը կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին եւ մեղադրանք առաջադրեց« ապա գրավի դիմաց նրա կալանքը փոխեցին, ըստ Ձեզ, ի՞նչ հետեւանքներ կունենա Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վրա:

– Չեմ կարծում, որ իմ գործը խորհուրդ տալն է Հայաստանի կառավարությանը, թե ինչպես վարվի, բայց այս դեպքում, անխոս, նրանք առնչվում էին ոչ թե ներքին իրավիճակային հարցի, այլ` ռազմաքաղաքական միության հեղինակությանը, որը մրցակցային ճանապարհով, մեծ դժվարությամբ պահպանում է իր դիրքը ` թշնամիների ճնշումների ներքո: Եվ հանկարծ ոչնչից` հենց այս ամենից հակասություն է ստեղծվում ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ: Այն, որ Հայաստանում հնարավոր համարեցին բացել քրեական գործ եւ ձերբակալել ինչ-որ ժամանակ ՀԱՊԿ գործող քարտուղարին, ոչ մի լավ տպավորություն Ռուսաստանի վրա չթողեց եւ չէր կարող թողնել: Եվ ինձ թվում է` հանցագործությունից պակաս ծանր չէ հայաստանյան կառավարության սխալը, որովհետեւ այն ճնշումը, որը կար, կարող էր ճաք առաջացնել հայ-ռուսական հարաբերություններում: ՌԴ ԱԳՆ-ն այդ մասին ասել է, եւ ռուսական կողմն այս ամենը վերլուծում է:

– Ի դեպ, աղմկոտ քրեական գործերի պակաս այս օրերին Հայաստանում չկա, այդ թվում` քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:

– Մեծ կասկածներ կան այս առումով: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը վերջին սենսացիան էր: Կարծում եմ` ՌԴ-ի կողմից եղել են բավական պաշտոնական եւ ոչ պաշտոնական ակնարկներ, որ այդպիսի հաշիվների մաքրումը, ինչ-որ քաղաքական վրեժը, անկախ նրանից, արդարացված է, թե` ոչ, ինչպես էլ փորձեն բացատրել, որոշակի բացասական տպավորություն թողնում է Հայաստանի գործընկերների վրա ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ այլն: Առավել եւս, որ դատական ատյանի որոշմամբ այդ հետապնդումը չի համարվում օրինական: Չգիտեմ` ինչ որոշում կընդունի վճռաբեկ դատարանը, բայց ամեն դեպքում, կարծում եմ` պետք է լսել նրանց, ովքեր ասում են, որ այն տպավորությունը, թե այս միջոցով հնարավոր է պահել իշխանության վարկանիշը, իրականում փայտ է, որն ունի երկու ծայր: Դա բումերանգ է, որը կարող է հարվածել նրանց, ովքեր դրանով զբաղվում են:

Նիկոլ Փաշինյանը, որպես ՀՀ վարչապետ, ինչ-որ մեկի պատվերն է կատարում. Տեսանյութ

«ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԵՂԵԼ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

– Պարոն Զատուլին, Ձեր դիտարկմամբ` ինչի՞ կհանգեցնի այս ամենը:

– Սա արդեն հանգեցրել է նրան, որ Ռոբերտ Քոչարյանը` համարեք նրան լավը, թե` վատը, հայտարարել է քաղաքականություն վերադառնալու մասին: Կարծում եմ` նա չէր պատրաստվում դա անել, բայց այն հարցազրույցներից, որը նա տվեց նաեւ ռուսական հեռուստաալիքով, պարզ է դառնում, որ նա առկա հետապնդումների պատճառով ստիպված է եղել վերադառնալ քաղաքականություն: Եվ, ըստ էության, նա` որպես քաղաքական, հրապարակային գործիչ, խոսեց ընդդեմ վարչապետի: Սա առաջին դեպքն էր հեղափոխությունից հետո:

– Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` ի՞նչ կարելի է սպասել Արցախյան հիմնախնդրի շուրջ:

– Ինձ` որպես Հայաստանի եւ Արցախի ընկերոջ, մի հարց է հուզում, որ Հայաստանում յուրաքանչյուր իրավիճակի վատթարացում եւ ապակայունացում, էլ չեմ ասում` հեղափոխություն, ծնում է ռիսկ Լեռնային Ղարաբաղի համար, այն չճանաչված տարածքների համար, որտեղ մարդիկ իրավունք ունեն ապրելու: Հույս ունեմ եւ ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ Հայաստանի ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ, չասոցացվի Լեռնային Ղարաբաղի հետ, որովհետեւ խաղաղությունը շատ փխրուն է, եւ մենք դրանում համոզվեցինք 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ: Հետեւաբար, բոլորս պետք է նախ մտածենք 7-10 անգամ, հետո քայլ անենք, որ Արցախի հայերին ռիսկի տակ չդնենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА