o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԱՅՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԸ 100 ՕՐՎԱՆ ԷՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

28.08.2018 21:00 ՄՇԱԿՈՒՅԹ
ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԱՅՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԸ 100 ՕՐՎԱՆ ԷՐ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԸ երեկ իր պաշտոնավարման 100-օրն ամփոփեց լրագրողների հետ` շեշտելով, որ հաճախ իրեն շատ հարցերում օգնում են հենց լրագրողներն իրենց բարձրաձայնած խնդիրներով, որոնք նախարարությանը մշտապես զգոն է պահում, որպեսզի հետեւողական լինեն:

 «Ձեզ թվում է աբորիգեննե՞ր ենք ծառերի վրա ու չգիտե՞նք, թե աշխարհում մշակույթի տենդենցները ինչ կերպ են զարգանում». Հռիփսիմե Առաքելյան

 

ՄԵՂԱՎՈՐԸ ԴԵՍՊԱՆՆԵՐՆ ԵՆ

Դեռեւս մեկ ամիս առաջ «Իրավունքը» անդրադարձել էր, որ մշակույթի նախարարն ավելի շատ իրականացնում է արտգործնախարարի գործառույթ` իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից մշակույթի գործիչների հետ հանդիպումների փոխարեն Լ. Մակունցը հերթով իր աշխատասենյակում ընդունեց Հայաստանում հավատարմագրված տարբեր երկրների դեսպաններին: Եվ փաստենք, որ հետո միայն` վերջին շաբաթներին նախարար Մակունցն իր տեղակալ Տիգրան Գալստյանի հետ արագացված կերպով մարզային այցելություններ ունեցավ` մեկ օրվա ընթացքում երկու մարզ` բնական է նախարարը լրագրողների հետ 100 օրն ամփոփելուն էր պատրաստվում: Ինչեւէ, լրագրողներիս հետ հանդիպմանը «Իրավունքը» Լ. Մակունցից հետաքրքրվեց, թե ինչու մշակույթի գործիչների հետ հանդիպումները փոխարինվել դեսպաններով, պարզվեց, որ «մեղավորը» դեսպաններն են. «Մեր երկրում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպումների նախաձեռնությունը եղել է հենց դեսպանների կողմից, այսինքն` նախաձեռնությունն իմ կողմից չի եղել, դրանք ճանաչողական այցեր են եղել, որոնց շրջանակներում ոչ միայն ծանոթություն է եղել` կառավարության անդամի եւ հավատարմագրված լիազոր դեսպանների միջեւ, այլեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակելու ընթացող ծրագրերը եւ նաեւ անել նախագծեր, որոնք կարող ենք իրականացնել: Բոլոր դեսպանների հետ բավականին հետաքրքիր նախագծերի հիմք է դրվում, որոնց շուրջ աշխատում ենք»:

Իսկ արագացված կերպով մարզային այցերի մասին էլ հավելեց. «Մարզային այցելությունները նախատեսված են եղել գրեթե իմ պաշտոնավարման առաջին փուլում, հետ ընկան, որովհետեւ ոլորտի` մշակութային գործիչների հետ հանդիպումները բավականին ծավալուն աշխատանք է եղել` հանդիպել, խնդիրներին ծանոթանալ, ընթացիկ միջոցառումներին ընթացք տալ...»:

 

ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ՓԱՌԱՏՈՆԻ ԱՆՈՐՈՇ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽՈՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Լ. Ենգիբարյանի անվան Մնջախաղի փառատոնի հիմնադիր-պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը շուրջ մեկ ամիս սպասում էր նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը, որպեսզի քննարկեն փառատոնի անցկացման եւ բյուջեի հետ կապված խնդիրներ: Դադասյանը, նույնիսկ նախապես, որպես պայմանական հանդիպում, թատրոնի բոլոր խնդիրներն ու հարցերը տեղավորել էր 7 րոպեի մեջ ու փորձարկել հանդիպումը, սակայն գրեթե մեկ ամիս նախարարն այդ 7 րոպեն չէր գտնում: Միայն «Իրավունքի» հրապարակումից հետո շատ արագ գտնվեց այդ 7 րոպեն, բայց անօգուտ` Մնջախաղի փառատոնն այս տարի չկայացավ, իսկ թատրոնի ճակատագիրն էլ անորոշ է: Սակայն, 100-օրյա ամփոփիչ ասուլիսում պարզվեց այլ բան. «Դեռեւս նախորդ կառավարության  ժամանակ մշակույթի ոլորտի բյուջեի չափը կրճատվել էր, որոշում էր կայացվել` Մնջախաղի փառատոնի իրականացման համար նախկին 16 մլնի փոխարեն տրամադրել 8 մլն: Պարոն Դադասյանի եւ նախկին նախարարի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի ապահովվի փառատոնի բավարար այն որակը, որն իր առջեւ դրել է պարոն Դադասյանը, փառատոնն անցկացնել երկու տարին մեկ, այսինքն` սա եղել է նրանց ընդհանուր պայմանավորվածությունը, եւ այս տարին, այն տարին էր, որ փառատոնը չեղյալ էր համարվել, սա է ամբողջ հարցը»,- ասաց նախարարն ու լրագրողների հորդորով անդրադարձավ նաեւ թատրոնի անորոշ ճակատագրով շենքի հարցին, որի մեղավորը, ըստ նախարարի, կրկին նախորդ կառավարությունն է. «Նախորդ կառավարության կողմից Մնջախաղի թատրոնի համար վարչական աշխատանք կատարելու եւ ներկայացումների համար նրանց տրամադրվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի ֆոյեն ու բեմը, որի վարձավճարը տրամադրում է նախարարությունը: Դադասյանի բարձրացրած հարցը հետեւյալն էր` որպեսզի թատրոնը լիարժեք գործի, եւ իրենք չօգտվեն այլ թատրոնի բեմից: Նա առաջարկում է կատարել շինարարական փոփոխություններ այն վարչական տարածքում, որը անցյալ տարի տրամադրվել է իրենց (նախկին Գրապալատի շենքում):  Ուզում են մուտքը լինի դրսի կողմից` առանձին մուտք, բայց խնդիրն այն է, որ այդ շենքը համարվում է հուշարձանային շենք, եւ որեւէ կերպ նման փոփոխություններ տեղի ունենալ չեն կարող: Նախարարությունում գոյություն չունի շենքի նման նախագիծ, պարոն Դադասյանը  ցույց տվեց այն տարբերակը, որն իր մոտ կար, բայց այդ նախագիծը նախատեսված չի եղել, որպեսզի իրականացվի նախարարության կողմից: Չենք բացառում, որ նախնական պայմանավորվածություններ եղել են նախորդ նախարարի հետ»:

«Ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել». Գոռ Սուջյանը հերքում է ԿԳՍՄ նախարարին

Այնուամենայնիվ, նախարարը շեշտեց. «Կարեւորելով մնջախաղի եւ Ժ. Դադասյանի դերը ոլորտում` այժմ ուսումնասիրություններ ենք անում, թե համատեղության կարգով կամ առանց համատեղության ինչ շենքեր կարող ենք հատկացնել, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց գործունեությունը: Նախնական ինչ-որ բան առաջարկվել է, բայց պարոն Դադասյանը դրան բացասական է արձագանքնել: Դադասյանը նաեւ ներկայացրել է իր պահանջները, թե ինչ պահանջներ պետք է ունենա շենքը, ինչն էլ դժվարություններ է առաջացնում»:

 

ՍԱՐՅԱՆԻ ԿԵՂԾ ՆԿԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ

Թեպետ նախարարն ասաց, որ եթե սկսեն կոռուպցիոն ռիսկերի ու չարաշահումների բացահայտմամբ զբաղվել, ապա ի վիճակի չեն լինի կատարել այն աշխատանքները, որոնք միտված են նախարարության առողջացմանը, սակայն չբացառեց, որ այնուամենայնիվ ստիպված զբաղվում են դրանով եւ խոսեց օրինակներով. «Ինձ մոտ հայտնվել էր մի գրություն` Մարտիրոս Սարյանի նկարների հետ կապված, Մշակույթի նախարարության փորձագիտական ՊՈԱԿ-ը տվել էր եզրակացություն, որ Սարյանի նկարները բնօրինակ են, եւ դրված էր նաեւ Ռուզան Սարյանի ստորագրությունը` համապատասխան կնիքով: Այդ փաստաթղթի հետ մեկտեղ կար մեկ այլ փաստաթուղթ, որտեղ Ռուզան Սարյանը տեղեկացնում էր, որ նկարները բնօրինակները չեն, եւ իր ստորագրությունը նույնպես կեղծված է: Այս գրությունից հետո անմիջապես փաթեթն ուղարկել ենք դատախազություն, եւ գործին ընթացք է տրված, գործի վերաբերյալ հարցաքննություններ են կատարվում»:

 

ՍՊԱՍՈՒՄ Է ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԻՆ

Նախարարն անդրադարձ կատարեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին եւ շեշտեց, որ օպերային թատրոնի հետ կապված բավականաչափ խնդիրներ են ներկայացվել, ընդ որում, հենց օպերային թատրոնի աշխատակիցներից, որի հետ կապված ինքն անձամբ է զրուցել ու քննարկել Կ. Օրբելյանի հետ: Ըստ նախարարի` արդյունքում պայմանավորվածություն են ձեռք բերել, որ խնդիրները պետք է հասցեագրվեն ու հասցեագրվելու են: Լ. Մակունցը շեշտեց, որ առավել մանրամասն Կ. Օրբելյանի հետ կզրուցի, նրա արձակուրդից վերադառնալուց հետո. «Պարոն Օրբելյանի` արձակուրդից վերադառնալուց հետո  անդրադառնալու ենք օպերային թատրոնում եղած բոլոր խնդիրներին, տեսնենք` ինչ քայլեր են ձեռնարկվել լուծում տալու համար: Խնդիրները մեզ ներկայացվել են թե՛ գրավոր եւ թե՛ բանավոր, եւ հուսով եմ, որ մոտ ապագայում պարոն Օրբելյանը կներկայացնի այն քայլերը, միջոցառումները, որոնք ձեռնարկելու է օպերայի առողջացման, աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ»:

Մայր Աթոռի հրատարակչությունը կհամագործակցի միջազգային կրոնական հրատարակիչների հետ

Ըստ նախարարի` օպերայի աշխատանքների արդյունավետությունը կշահի, եթե բոլոր հաստիքները լինեն տարանջատված. «Մեր կողմից հնչեցվել է այդ տեսակետը, որ տնօրենն առանձին հաստիք զբաղեցնի, գեղարվեստական ղեկավարը` առանձին: Խոսել ենք  գլխավոր դիրիժորի հաստիքի անհրաժեշտության մասին: Սպասում ենք պարոն Օրբելյանի արձագանքին: Անձամբ իմ կարծիքն այն է, որ եթե այդ հաստիքները լինեն տարանջատված, օպերայի արդյունավետ աշխատանքը շատ ավելի զգալի կլինի: Շատ դեպքերում  տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի հաստիքները միմյանց հետ պետք է կոնֆլիկտի մեջ մտեն, ու դրա արդյունքում է լինում արդյունավետ աշխատանք»,- հստակեցրեց նախարարն ու անդրադառնալով օպերային թատրոնում արմատական փոփոխությունների անհրաժեշտությանը` ասաց, որ ինքը դրա կարիքը տեսնում է, բայց, սպասում է Օրբելյանի առաջարկին` վստահեցնելով, որ գնահատում է Օրբելյանի ներդրած ավանդը ոլորտում, եւ իր մոտ նրան որեւէ կերպ նսեմացման նշույլ չի կարող լինել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА