ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՅՈՒՂԱՑՈՒ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ԲԱՅՑ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԿՈՐՑՆԵԼՈՎ ՍԵՎԱՆԸ»

28.08.2018 20:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ԳՅՈՒՂԱՑՈՒ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ, ԲԱՅՑ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԿՈՐՑՆԵԼՈՎ ՍԵՎԱՆԸ»

Օգոստոսի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը միաձայն ընդունեց Ջրային կոմիտեի մշակած Սեւանա լճից հավելյալ 40 միլիոն խմ ջրառի որոշման նախագիծը, որն այսօր կներկայացվի ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը: Նախագծով 2018 թ.-ին Սեւանա լճից ջրառը կկազմի 210 միլիոն խմ՝ օրենքով թույլատրելի շեմից նկատելիորեն բարձր:

«ԱՅԴ ՕՐԵՆՔԸ ԲՈԼՈՐԻ ԽՂՃԻՆ Է ՄՆԱԼՈՒ»

Եթե երկու-երեք տարի առաջ Սեւանի մակարդակի նախատեսվածից ավել բարձրացումը ինչ-որ տեղ հասկանալի էր դարձնում հավելյալ ջրառը, մանավանդ որ դա նախատեսված էր գյուղատնտեսության համար, ապա հատկապես այս տարի պատկերը էապես այլ է: Սեւանում այս տարի ցայտուն դարձավ ջրիմուռների աճը, որը տանում է լճի ճահճացման: Բացի այդ, հավելյալ ջրառի որոշումն ակնհայտորեն ուշացած է. ջրի սակավության պատճառով գյուղացիությունն արդեն իսկ հսկայական վնասներ է կրել, որում համոզվելու համար բավական է նայել գյուղմթերքների գներին:

 

«Կառավարությունն ընդունեց հակաօրինական որոշում»

Այս ամենով մտահոգված են նաեւ բնապահպաններ, ովքեր գտնում են, որ Սեւանա լճից հավելյալ 40 միլիոն խմ ջրառի իրականացման պարագայում Սեւանը կարող է հայտնվել լուրջ վտանգների առաջ: Ուստիեւ, ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆԸ.

- Այսօր ժամը 10-00-ից «S.O.S Սեւան» նախաձեռնությունը, որը միավորում է տասնյակ հասարակական կազմակերպությունների եւ անհատների, բողոքի ակցիա կանցկացնի Ազգային ժողովի շենքի դիմաց` կոչ անելով պատգամավորներին՝ մերժել կառավարության ներկայացրած Սեւանա լճից հավելյալ ջրառի մասին օրենքի նախագիծը: Սեւանից լրացուցիչ ջրառ իրականացնելու առումով` կառավարությունն ընդունեց հակաօրինական որոշում: Մասնավորապես, կառավարությունում չներկայացվեց հասարակական կազմակերպությունների, գիտնականների եւ փորձագետների հիմնավորումները՝ Սեւանա լճի մակարդակի իջեցմամբ պայմանավորված՝ լճի ճահճացման ռիսկերի վերաբերյալ, որոնք «S.O.S Սեւան» նախաձեռնության կողմից բաց նամակով ներկայացվել են ՀՀ վարչապետին: Կառավարությունը չանդրադարձավ Սեւանա լճի ափամերձ համայնքներին սպառնացող ռիսկերին, որոնք կապված են լճի էկոլոգիական վիճակով պայմանավորված զբոսաշրջային բիզնեսի անկման եւ սոցիալական վիճակի վատացման հետ, ինչին ականատես եղանք այս տարի: Քննարկման ընթացքում նշվեց Սեւանա լճի բացասական հաշվեկշռի անթույլատրելիության մասին, սակայն ոչ ոք չասաց, որ Սեւանա լիճը 2018թ.-ի հունվարից մինչ օրս ունի բացասական հաշվեկշիռ, ինչը հակասում է «Սեւանա լճի» մասին ՀՀ օրենքի եւ այս օրենքից բխող «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

- Եթե, այնուամենայնիվ, օրենքի նախագիծն ԱԺ-ն ընդունի, կասեք, ի՞նչ խնդիրների առաջ կարող է կանգնել Սեւանա լիճը:

- Ներկայումս Սեւանա լճում տեղի ունեցող գործընթացները վկայում են այն մասին, որ լճում սկսվել է ինտենսիվ ճահճացման գործընթաց: Իսկ լճի մակարդակի իջեցումը չի նպաստում Սեւանի ինքնամաքրմանը: Առավել եւս, որ բարձր ջերմաստիճանն ակտիվացնում է նոր ոչ ցանկալի կենսաբանական գործընթացները, ինչն արդեն հանգեցրել է լճի ծաղկմանը, որը կբերի լճում թթվածնի դեֆիցտի, ինչը կարող է խիստ ծանր ազդեցություն գործել Սեւանա լճի ձկնաշխարհի վրա:

 

«Հավելյալ ջրառը չի լուծի ոռոգման խնդիրները»

- Հողագործները նշում են, որ ոռոգման կարիք այլեւս չկա, որովհետեւ ինչպես Արարատյան դաշտավայրի գյուղացիներն են մեզ հետ զրույցում ասում. «Ոռոգման ջրի պատճառով արդեն իսկ չորացել եւ այրվել են դաշտերը»: Ըստ Ձեզ, արդյոք ուշացած չէ՞ հավելյալ ջրառ իրականացնելու որոշումը:

- Այսպես պատասխանեմ` Սեւանա լճից հավելյալ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ոռոգման խնդիրները, քանի որ ջրի կորուստը Սեւան-Հրազդան ջրատարում կազմում է 70-80 տոկոս, եւ ջուրը չի հասնում հողագործներին: Փաստորեն՝ գյուղացու խնդիրը իրոք չի լուծվի, բայց կորուստներ կունենա Հայաստանը` կորցնելով Սեւանա լիճը: Չպետք է մոռանալ, որ այս տարվա հունիսի վերջից Սեւանա լճի մակարդակը սկսեց իջնել, եւ հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը: Նման իրավիճակում Սեւանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն առհասարակ անպիտան կլինի ոռոգման համար:

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՍԵՎԱՆԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՋՐԱՌԻՑ ՀԵՏՈ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА