o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե ոչ ոք մեզ չի պաշտպանում, մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք»

24.08.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե ոչ ոք մեզ չի պաշտպանում, մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք»

«Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կազմակերպության նախաձեռնությամբ ձեւավորվել է ազգային-հոգեւոր արժեքների պաշտպանության ճակատ: Թե որոնք է լինելու ազգային ճակատի գործունեության հիմնական ուղղությունները, եւ ի՞նչ ուշագրավ բացահայտումներ են սպասվում առաջիկայում, որոշ մանրամասներ պարզեցինք հենց նրանից:

Ո՛չ ընտանիքը կազմաքանդող օրենքներին. կայացավ մեծ հանրահավաք-երթ (Տեսանյութ)

«ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԿԱԼԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՆԱՐԽԻԱՅԻ ՄԵԽԱՆԻԶՄ»

– Պարոն Ամարյան, կմանրամասնե՞ք, թե ինչո՞վ է զբաղվելու ազգային-հոգեւոր արժեքների պաշտպանության ճակատը:

– Նախ ասեմ, որ թավշյա հեղափոխությունից հետո` երբ ժողովրդին տրվեց լիարժեք ազատություն, շատ մարդիկ այն ընկալեցին` որպես անարխիայի մեխանիզմ: Եթե մենք ուզում ենք ունենալ իրավական պետություն, առաջինը պետք է սկսենք մեզնից: Սկզբնական հեղափոխությունից հետո որոշ կառույցներ` կապ չունի իշխանամետ, թե` ընդդիմադիր, սկսեցին իրենց գործունեությունը մի քիչ օրենքներից դուրս, եւ այստեղ խնդիր առաջացավ: Իսկ խնդիրը բացահայտելու համար պետք է անդրադառնանք հետին ժամանակներին, եւ դրա համար մի խումբ անձանց կողմից ստեղծվեց ազգային-հոգեւոր արժեքների պաշտպանության ճակատ, որի հիմնական գործառույթն է բացահայտել ժողովրդի մոտ առկա խնդիրները, դրանք հրապարակել եւ համապատասխան գործողություններով օգնել նոր իշխանությանը եւ բոլոր այն կառույցներին, որոնք զբաղվելու են այդ խնդիրները, իրավական խախտումները արմատախիլ անելու գործով: Այժմ մենք ուսումնասիրում ենք դատական գործեր, հարկադիր կատարողների կողմից կայացված վարույթներ եւ ընդհանրապես տարբեր ոլորտներում առկա խնդիրները` կապված առողջապահության, դատական համակարգի հետ եւ այլն:

– Արդեն իսկ կա՞ն ձեռքի տակ կոնկրետ գործեր:

– Այսօրվա դրությամբ արդեն 42 դեպք ունենք, որոնք առնչվում են 2010-2018 թթ.-ին, եւ որտեղ ԴԱՀԿ, դատարան եւ բանկային համակարգ հարաբերություններում մարդու իրավունքները հիմնովին ոտնահարվել են, եւ  պետք է միանշանակ կարգավորել այս խնդիրը: Եթե մենք խոսում ենք, որ ժողովուրդն է տերը մեր երկրի, ուրեմն` այդ ժողովրդին պետք է տեր կանգնենք: Ժողովրդի 90 տոկոսն այսօր վարկերի տակ է, եւ սա ամենաառաջին խնդիրներից է, որն այսօր առկա է մեզ մոտ: Լինելով բանկին պարտք` մարդիկ կորցնում են հարյուր հազարներ, միայն այն բանի համար, որ փակեն ինչ-որ մի չնչին պարտք, ինչի մասին կոնկրետ օրինակներով կներկայացնենք առաջիկայում:

– Այս բացահայտումներով հանդերձ ի՞նչ քայլերի եք պատրաստվում դիմել:

– Ուսումնասիրությունից հետո` բոլոր գործերի նյութերը ուղարկվելու են համապատասպան իրավապահ մարմիններին: Առաջինը ուղարկվելու է  վարչապետին, որ պատկերը զեկուցեն, թե ինչ վիճակ է տիրում: Երկրորդը` համապատասխան նյութերը` ամեն մեկն իր ուղղությամբ, տրվելու են Հատուկ քննչական ծառայությանը, Ազգային անվտանգությանը, գլխավոր դատախազությանը:

«ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐ ՇԱՏ ԿԱՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ...»

– Ի դեպ, ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Գեւորգ Աճեմյանը ՀՀ առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, ով բարձրաձայնեց իր «Կյանքի խոսքի» անդամ լինելու մասին: Ի վերջո, հանրային լայն արձագանքից հետո` նա դուրս եկավ աշխատանքից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Գեւորգ Աճեմյանի դեպքն ունի իր ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմը: Դրական կողմն այն է, որ մարդն այնքան «դուխ» ունեցավ եւ իրեն այնքան վստահ էր զգացել, որ բացահայտվեց: Առհասարակ ոչ ոք չի բացահայտում իր կապը, հետո ինչ-ինչ ձեւով ենք իմանում այդ կապերի մասին, իսկ նա կարողացավ բացահայտվել, հալալ է իրեն: Բայց նա այդ պաշտոնին գտնվելու իրավունք չուներ:

– Իսկ այս պահին նոր կառավարության կազմում էլի կա՞ն «Կյանքի խոսքի» կամ այլ կրոնական կառույցների ներկայացուցիչներ:

– Աղանդավորներ շատ կան ոչ միայն կառավարությունում, այլեւ իրավապահ մարմիններում, փաստաբանական գրասենյակներում, դատախազության համակարգում, հարկային դաշտում: Այդ առաջ էր, որ աղանդավորները չէին ուզում ընդունել պետականության համակարգը, հիմնականում` «Եհովայի վկաները», բայց հիմա բոլորն էլ ցանկանում են մտնել պետական համակարգի մեջ, որովհետեւ դրանով իրենք իրենց ավելի շատ օգուտ են տալիս ու լծակներ ունենում: Մինչդեռ աղանդավորն իրավունք չունի պաշտոն ստանձնելու, որովհետեւ նա ենթարկվում է ոչ թե իր վերադասին, այլ իր աղանդի վերադասին: Հովվի ասածն իրենց համար օրենք է, ասեն` գնա էս բեր, վազելով բերելու է: Բա ուր մնացին Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին արձանագրության 9-րդ հոդվածի երկրորդ մասով առկա որոշակի սահմանափակումները, ըստ որոնց, քայքայիչ աղանդավորական կառույցների անդամները չպետք է զբաղեցնեն պետական պաշտոններ: Իսկ Հայաստանում, բացի մեկից, մնացած բոլոր կրոնական կառույցները քայքայիչ աղանդ են եւ ֆինանսավորվում են արտասահմանից, ինչը որոշ մարդիկ կոչում են 6-րդ շարասյուն: Եթե հասարակության անվտանգության խնդիր կա, պետք է սահմանափակել նման մարդկանց պաշտոնավարումը: Ամբողջ աշխարհում ընդունված է, որ պաշտոններ կան, որոնք անհամատեղելի են աղանդավորության հետ:

Եթե այս վիճակով կարող է մուտք գործել ԱԺ, արաբն էլ իրավունք ունի ջինսով մուտք գործել քաղաքապետարան. Գեւորգ Պետրոսյան

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ»

– Անդրադառնանք նաեւ Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարի շուրջ բարձրացված աղմուկին. ինչպես գիտեք, մշակութային միջոցառում կազմակերպելու անվան տակ ակնհայտ համասեռամոլության եւ գենդերային դերերի քարոզ է իրականացվել ճամբարում, ինչի մասին փաստող լուսանկարները հայտնվել էին համացանցում: Հնարավո՞ր է, որ այստեղ եւս կրոնական կառույցի «ձեռքի գործ» լինի:

– Դեռ տարիներ առաջ եմ ասել, որ աղանդավորների թիրախում են երեխաները, որոնք հոգեորսության են ենթարկվում ամառային ճամբարներում: Նորմալ ճամբարներ 2-3-ն մնացել, մնացածը՝ քայքայիչ աղանդավորական են: Դրանք տարբեր վայրերում կան` Սեւանում, Հանքավանում, Դիլիջանում: Հիշեք` «Շողակաթ» կրոնական ճամբարում տարիներ առաջ տեղի ունեցած դեպքի մասին: Ճամբարում, որտեղ հանգստանում էին 13-20 տարեկան երեխաներ եւ պատանիներ, անցկացվել էին խեղված սեռական դաստիարակության դասեր: Ավետարանական եկեղեցու հոգեւոր հովիվ Արմեն Միքայելյանը դիմել էր ղեկավարությանը` այդ հարցին լուծում տալու համար: Սակայն ոչ մի արձագանք չստանալով` Արմեն Միքայելյանը դիմել էր ուժային կառույցներին, ինչի համար նրան կարգալույծ արեցին: Ժամանակին Ձեր նշած ճամբարի մասին եղել են հրապարակումներ, որ Ավետարանական եկեղեցին է հովանավորում, ինչպես երեխաների սեռական դաստիարակության մեջ խառնված էին «Շողակաթ» ճամբարում: Այնպես որ, սա նոր երեւույթ չէ, աղանդավորական կառույցները ճամբարներում իրենց քարոզն իրականացնում են դեռ այն ժամանակվանից:

«ՉԵՆՔ ԹՈՂՆԻ, ՈՐ ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ-ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԴԻՊՉԻ»

– Իսկ այս ամենին զուգահեռ դեռ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունն էլ պայքարում է Վեհափառի դեմ...

– Պայքարում են Վեհափառի դեմ, բայց խնդիրը Վեհափառը չէ, որովհետեւ պայքարողները գաղափար չունեն եկեղեցական օրենսդրության մասին: Նպատակը հայկական եկեղեցին քանդելն է, ժողովրդի մոտ եկեղեցու նկատմամբ բացասական մոտեցում ձեւավորելն է: Մինչդեռ այնքան հոգեւոր սպասավորներ կան, որ հոյակապ անձնավորություններ են, բայց մենք բոլորին խառնում ենք ու նույն արշինով չափում: Մեր կառույցը, որ ստեղծվել է, նաեւ դրա դեմ է պայքարելու: Մենք չենք թողնի, որ որեւէ մեկը մեր ազգային եւ հոգեւոր արժեքներին դիպչի: Եթե ոչ ոք մեզ չի պաշտպանում, մենք ինքներս պետք է մեզ պաշտպանենք: Իսկ դրա համար մասնագետ է պետք պատրաստել եւ առաջինը պետք է լինեն օրենքներ եւ հսկողություն: Ինչպես ուզում եք դա անվանեք`  ցենզուրա, լյուստրացիա, բայց պետք է լինի հսկողություն բոլորի վրա: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА