o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱ «ԱԶԱՏ ՈՒ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ» ՀԱՑԻ ՀԱ՞ՐՑՆ ԻՆՉ ԵՂԱՎ

24.08.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԲԱ «ԱԶԱՏ ՈՒ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ» ՀԱՑԻ ՀԱ՞ՐՑՆ ԻՆՉ ԵՂԱՎ

Եվ այսպես, բացի բանանի ու շաքարավազի էժանացումից, Նիկոլ Փաշինյանի վարչախումբը գլուխ գովելու ուրիշ բան չունի: Առաջին անհրաժեշտության ապրանքների ջախջախիչ մեծամասնությունը, այդ թվում եւ սննդամթերքը, թանկացել են, այն էլ բավականին էական: Գումարած դրան` սպասվում են բյուջետային ոլորտի աշխատողների աշխատավարձերի նվազեցումներ, եւ այդ երկուսի համադրությունը բավականին դրամատիկ իրավիճակ կարող է ստեղծել:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՁԱՆՁՐԱՑՐԵԼ ԵՆ

Եթե մինչ այդ բնակչությունը հաճույքով թամաշա էր անում ԱԱԾ-ի եւ մնացյալ, այսպես կոչված, իրավապահների «մասկի-շոուներին», ու ամեն մի «սենսացիոն» ձերբակալություն մի որոշ ժամանակ զբաղեցնում էր ազատ եւ հպարտ քաղաքացիներին ու նաեւ պահում Փաշինյանի  վարկանիշը, ապա հիմա դրանք դարձել են մի տեսակ սովորական, առօրյա մի բան: Այժմ ցանկացած «սենսացիոն» ձերբակալություն կամ բացահայտում ապրում է ուղիղ այնքան, ինչքան կայքերի վերեւի տողում երեւում է դրա մասին լուրի վերնագիրը: Այսինքն` բառիս բուն իմաստով թիթեռի կյանք ունի ու մի քանի օրվա մեջ իսպառ է մոռացվում: Ճիշտ է, հիմա որպես «նորույթ» շրջանառության մեջ են դրվում դավադրության տեսություններ` իբր թե, վարչապետի նկատմամբ ահավոր դավադիր բաներ են պատրաստվում, բայց դա էլ առանձնապես արդյունք չի տալիս: Այդ դավադրությունների տեսությունները, թերեւս միայն մի նպատակ կարող են սպասարկել` տեղեկատվական «հիմքեր» ստեղծել, այսպես կոչված, «անցումային արդարադատության» համար, կամ եթե իրերն իրենց անունով կոչեն, արտաիրավական հեղափոխական արտակարգ տրիբունալների գործունեության համար: Բայց ինչքան էլ տեսարաններ հրամցնեն ազատ եւ հպարտ քաղաքացուն, ինչքան էլ ընդօրինակեն լենինյան եւ ստալինյան ռեպրեսիվ մեթոդները, մի հարց մնում է օդում կախված` ազատ եւ հպարտ քաղաքացին պետք է հաց ունենա, ինչ-որ բան պետք է ուտի: Մինչդեռ հարկահանության տեսակետից ՊԵԿ-ի կոզբադինները արդեն հասցրել են տնտեսվարող սուբյեկտներից քերել առավելագույնը, ու ինչով պետք է պետական գանձարանը համալրվի` գիտեն թերեւս միայն սատանան, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը: Այդ «անիծյալ» եվրոպացիներն ու ամերիկացիներն էլ փող չեն տալիս, թեեւ թավշակրոն վարչախումբը փողի ծայրահեղ կարիք ունի: Ճիշտ է, վարչախմբի քարոզչամեքենան տարածում է իբր իշխանությունները ազատորեն եւ հպարտորեն ձգտում են արեւմտյան վարկեր չվերցնել, սակայն քաջատեղյակ չար լեզուներն ասում են, որ իրականում վարկ տվող պարզապես չկա: Եվ այդպես էլ չլուծված է մնում այն հարցը, թե ի՞նչ է ուտելու ազատ եւ հպարտ քաղաքացին: Հո Հանրապետության հրապարակի հանրահավաքների «հոգեւոր սնունդը» կամ «դուխով» գլխարկները փոր չեն կշտացնի:

 

ԶՌԵՅՏԻՆԳ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐ ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ

Ներքաղաքական դաշտում թավշակրոնները դաշնակից չունեն: Նույնիսկ պորտֆել ունեցող ԲՀԿ-ականներն ու դաշնակները ունեն առանձին խաղն ու առանձին քաղաքական շահը: Էլ չենք խոսում Ռոբերտ Քոչարյանի հրապարակային քաղաքական դաշտ վերադառնալու մասին, որն ընկալվում է Նիկոլի թիմում որպես պատուհաս եւ հարուցում ուղեղն անջատող եւ կամքը կաթվածահար անող վախ: Գումարած դրան` արդեն կարծես թե լուրջ կոմպրոմատների ի հայտ գալու ժամանակն է մոտենում: Անանուն բլոգներից մեկը հրապարակել է, այն էլ բավականին մանրամասն, այն պատմությունը, թե ինչպես էր ԱԱԾ-ն հավաքագրել Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է, Ֆեյսբուքի հայկական տիրույթում դա ոչ միանշանակ է ընդունվել, ու կան ինչպես հավատացողներ, այնպես էլ կտրականապես հերքողներ, բայց կարեւորն այն է, որ տեղեկատվական «ցեցը» արդեն ընկել է: Սակայն  նույն Ֆեյսբուքում շատ ավելի էական բան կա: Ու դա ամենաուղղակի ձեւով առնչվում է հեղափոխական առաջնորդի վարկանիշին: Դա այնպիսի օբյեկտիվ ցուցանիշն է, ինչպիսին վարչապետի ֆեյսբուքյան էջի վարկանիշը` ազատ եւ հպարտ քաղաքացիների կողմից այդքան սիրված ուղիղ եթերներով հանդերձ: Բայց պարզվում է, որ ազատ ու հպարտ քաղաքացիները, ովքեր բավականին շուտով դառնալու են սոված եւ հպարտ քաղաքացիներ, էապես կորցրել են հետաքրքրությունը սիրելի առաջնորդի էջի հանդեպ: Ստորեւ ներկայացնում ենք հենց նույն Ֆեյսբուքում «չար ու նախանձ» քաղաքացիների կողմից անցկացված վերլուծությունը, եւ, ի դեպ, ընթերցողը կարող է ըմբոշխնել նաեւ այդ էջի վարկանիշի փոփոխության գրաֆիկը: Իսկ այդ վերլուծությունը մեջբերում ենք ամբողջությամբ. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան վարկանիշը սրընթաց անկում է գրանցել: Եվ ուրեմն... Փաշինյանի էջի հունվարի 15-օգոստոս 22 վիճակագրությունը ցույց է տալիս. Փաշինյանի էջում լայվի ամենաշատ դիտումը տեղի է ունեցել մայիսի 8-ին` 1.200.000: Ամենաշատ լայքերը գրանցվել են ապրիլի 21-ին` 116.000: Ամենաշատ կիսումները եղել են ապրիլի 29-ին` 99.000: Օգոստոսի 22-ի դրությամբ ժողովրդի թեկնածուի դիտումներն իջել են 191 000 (15,9% of peak), լայքերը նվազել են մինչեւ 17.000 (14.7% of peak), կիսումներն իջել են մինչեւ 2300 (23.2% of peak): Ստացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գործունեության նկատմամբ հասարակական հետաքրքրությունը նվազել է ավելի քան 80%-ով, անշուշտ, դեռեւս պահպանելով քաղաքական առաջատարի դիրքերը»:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Կարծում ենք, ամեն ինչ առավել քան ակնհայտ է:

... ԳՈՒՄԱՐԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ «ՍԵՖԻԼԻԶԱՑԻԱ»

Իսկ երկրի քաղաքական դաշտին սպասվում է մեկ այլ պատուհաս: Ազատությունը վերագտած Վարուժան Ավետիսյանը հայտարարել է, որ ստեղծվում է «Սասնա ծռեր» անունով կուսակցություն, եւ Ժիրայր Սէֆիլյանն էլ բավականին մանրամասնել է, թե ինչով է զբաղվելու այդ կուսակցությունը: Ոչ ավել-ոչ պակաս, մտադիր են մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Բայց միաժամանակ Սէֆիլյանը հավաստիացրեց, որ իրենք զորակցում են գործող վարչախմբին եւ միաժամանակ բավականին մտահոգիչ բան հնչեցրեց: «Այս փուլում բավական խառնակ վիճակ է տիրում, նախկինները փորձում են գլուխ բարձրացնել, իսկ գործող իշխանությունները ի սկզբանե վիրահատական մոտեցումներ չցուցաբերեցին նրանց նկատմամբ: Կարծում եմ` ժամանակները բոլորիս կպարտադրեն կյանքի կոչել այդ վիրահատական մոտեցումները»,- հայտարարեց Սէֆիլյանը: Այսինքն` արդեն ուրվագծվում է, որ «Սասնա ծռերը» կարող են դառնալ հենց «անցումային արդարադատության» գործիք: Սակայն նման է, որ հեղափոխական հաշվեհարդարները միակ կեղտոտ աշխատանքը չէ, որ նրանց վերապահվելու է: Գաղափարական եւ աշխարհաքաղաքական գիծն է հռչակվել այդ նորաթուխ, բայց զենքով հարց լուծելու խասյաթը չմոռացած կուսակցության կողմից: Այն  է` վռնդել ռուս սահմանապահներին եւ ռուսական ռազմահենակետը ու արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: Կարծում ենք, որ հիմքեր կան ենթադրելու` որոշ անդրազգային կենտրոններ այդ խմբավորմանն օգտագործելու են հենց հակառուսական ուղղվածությամբ աշխատանքներ (միգուցե նաեւ սադրանքների տեսքով), անցկացնելու համար: Ու թերեւս հենց այդ անդրազգային կենտրոնների միջամտությամբ է, որ լուրջ հակասահմանադրական հանցագործությունների մեջ մեղադրվող այդ մարդիկ հայտնվել են ազատության մեջ: Դե, Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր շրջապատը շարունակելու են Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ Վլադիմիր Պուտինին հավատարմության քաղցր-մեղցր երդումներ շռայլել,  իսկ հակառուսական կեղտոտ աշխատանքը կկատարեն հենց «հերոս տղաները»: Ի դեպ, հետաքրքրական է, որ ԲՀԿ պատգամավորների ստորագրություններով ու Ծառուկյան դաշինքի կողմից մուծված գրավներով են ազատվել այդ գրոհայինները: Միգուցե, այդ քաղաքական ուժի մտքում կար, որ որպես երախտագիտություն, «Սանա ծռերը» հետո իրենց կծառայեն որպես մահակ` նույն Նիկոլի նկատմամբ: Բայց շատ ավելի հավանական է, որ որպես մահակ նրանց կծառայեցնեն հենց վերը հիշատակված անդրազգային կենտրոնները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА