o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ` «ՍԻՆՔՖԻԼԴԻ ԳԱՎԱԹ» ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ

22.08.2018 23:00 ՍՊՈՐՏ
ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԸ` «ՍԻՆՔՖԻԼԴԻ ԳԱՎԱԹ» ՍՈՒՊԵՐՄՐՑԱՇԱՐՈՒՄ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարը, որը «Grand Chess Tour»-ի չորրորդ փուլն է: Մրցաշարը դարձյալ մեկ հարկի տակ միավորել է աշխարհի ուժեղագույններին. Լեւոն Արոնյան, Մագնուս Կարլսեն, Ֆաբիանո Կարուանա, Շաքրիյար Մամեդյարով, Ուեսլի Սո, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Սերգեյ Կարյակին, Վիշվանաթան Անանդ եւ Ալեքսանդր Գրիշչուկ:

ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՄՐՑԱՇԱՐԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

Հայկական շախմատի առաջատարը կայացած երեք տուրերից հետո վատ տպավորություն չի թողնում: Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով 69-րդ քայլում հաղթել է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, իսկ երկրորդ տուրում սեւերով ոչ-ոքի է խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ: Մրցաշարի երրորդ տուրում ամենասպասված դիմակայությունն էր` Արոնյան-Կարլսեն: Պարտիայի 37-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ-ոքի արդյունքի: Արոնյանը խաղում էր սպիտակներով: Արոնյանն ու Կարլսենը 3 հնարավորից վաստակել են 2-ական միավոր եւ ընթացիկ առաջատարներն են: Երեկ Երեւանի ժամանակով 22:00-ին մեկնարկած չորրորդ տուրում Արոնյանը սեւերով ուժերը չափեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Մինչ այս առաջնությունը, Արոնյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մասնակցեց «Grand Chess Tour»-ի երրորդ փուլին ու գրավեց 5-րդ տեղը: Արագ շախմատի ու կայծակնային խաղի (բլից) մրցաշարերի հանրագումարում Արոնյանը վաստակեց 18 միավոր: Մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1: Մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը վաստակեց 22,5 միավոր: Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (21,5 միավոր) գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը (21):

«Grand Chess Tour»-ի ընդհանուր հաշվարկով Լեւոն Արոնյանը 19 միավորով 5-րդն է:

Մեր մյուս շախմատիստները եւս հասցրել են այս օրերին աչքի ընկնել նվաճումներով: Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով է ավարտվել Վաշինգտոն ինթերնեյշնլ միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էին 72 շախմատիստ` այդ թվում՝ 22 գրոսմայստեր: Հայաստանը ներկայացնող Գաբուզյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր եւ միանգամից մեկ միավորով առաջ անցել 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անդրեյ Ստուկոպինից: Նման բարձր արդյունքի շնորհիվ Գաբուզյանը նաեւ 22 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: ԱՄՆ ներկայացնող հայազգի շախմատիստ Սամուել Սեւյանն էլ 6 միավորով եզրափակեց լավագույն հնգյակը: Հիմնական մրցաշարից հետո կայացած կայծակնային մրցաշարում Գաբուզյանը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր եւ գրավել 2-րդ հորիզոնականը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА