ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՒ ԱՅԴ Ո՞Ր ՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈԳԵՎՈՐԵԼ

22.08.2018 21:15 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՈՒ ԱՅԴ Ո՞Ր ՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈԳԵՎՈՐԵԼ

Հուլիս ամսվան վերաբերող վիճակագրական տվյալները մի լավ ոգեւորել են վարչապետ Փաշինյանին: Համենայնդեպս, նա իր ֆեյսբուքյան էջում հպարտորեն գրել էր. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) Հայաստանում շարունակաբար աճում է: ԱՎԾ-ի՝ այսօր հրապարակած տվյալների համաձայն, հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին»: Ու ելնելով այս թվերից` Փաշինյանը հերթական անգամ կոչ է հնչեցնում. «Ներդրումնե՛ր արեք Հայաստանում, բիզնե՛ս արեք Հայաստանում»:

ՌԴ հայ գործարարները մեծ ներդրումների խոստումներ են տվել՝ փոխարենը յուրաքանչյուրը իր իսկ շահերը առաջ քաշելով եւ ինչ-ինչ արտոնություններ ստանալու ակնկալիքով

 

ԱՐՏԱՌՈՑ ԱՃ ՉԿԱ

Թե ովքեր կլսեն այս կոչն ու գլխապատառ կնետվեն ներդրումներ անելու, դեռ կտեսնենք: Թեեւ միայն այն, որ անգամ ՀՀ համապատասխան նախարարություն, ինչպես որ ցույց տվեցին մեր մի քանի հարցումները, այդպես էլ չի կարողանում խոսել այս վերջին ամիսներին արված անգամ քիչ թե շատ տեսանելի ներդրման մասին, ինչը ցույց է տալիս, որ մինչ այս արված ներդրումների մասին կոչերը դեռ մնում են անարձագանք: Եվ դա հասկանալի է. ներդրողն իր փողերը կարող է վտանգի ենթարկել ոչ թե գեղեցիկ խոսքերից ու վիճակագրական կցկտուր տվյալներից ելնելով, այլ՝ իրավիճակի ռեալ գնահատումից ելնելով: Իսկ հայաստանյան ներկայիս իրողությունն այն է, որ ԱԱԾ-ն կարծես թե ավելի շատ է խառնվում տնտեսական գործերին, քան Տնտեսական զարգացման նախարարությունը: Վերջապես, անգամ վիճակագրական տվյալները, որոնք այդքան ոգեւորել են վարչապետին, իրականում իրենցից բան չեն ներկայացնում: Խոսենք փաստերով: Այսպես, թեեւ Փաշինյանին անթաքույց ուրախացրել է ՏԱՑ-ի հիշատակված երկնիշ՝ 11.1 տոկոսանոց աճը, սակայն այդպես էլ անհասկանալի է, թե ինչում է դրա արտառոցությունը: Նախ նշենք՝ այդ 11.1 տոկոս աճը, որը գրանցվել է հուլիսին, անցած տարվա նույն ամսվա համեմատությամբ է: Եվ ահա նույն վիճակագրության ներկայացմամբ, անցած տարվա հունվարի համեմատությամբ այս հունվարին ունեցել ենք ավելի բարձր՝ 11.9 տոկոսանոց աճ, փետրվարին՝ 8.9, մարտին՝ 11, եւ անգամ ցնցումներով լի ապրիլին՝ 7.2 տոկոս: Այսինքն՝ հունիսի 9.6 եւ հուլիսի՝ 11.1 տոկոսանոց աճերն ընդհանուր տարեկան գործընթացների տրամաբանության մեջ են: Չնայած, այս ՏԱՑ հասկացությունը, այն էլ՝ հայաստանյան տնտեսության պարագայում գրեթե բան չասող, անորոշ, ցանկացած վիճակագրական մանիպուլյացիայի ենթակա ցուցանիշ է, այնպես որ, դրա թիվը էական ոչինչ չի ասում տնտեսության իրական վիճակի մասին: Շատ ավելի ռեալ ցուցանիշ է արդյունաբերության աճը: Ասենք, որ այստեղ էլ հուլիսի ցուցանիշը վատը չէ՝ 7.3 տոկոս (կրկին անցած տարվա նույն ամսվա հետ համեմատած): Բայց ահա հունվարին նույն ցուցանիշը 13.9 տոկոս էր, մարտին՝ 8.3, այնպես որ, հուլիսի 7.3 տոկոսը համեստ տեսք ունի:

 

ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Իսկ ահա գյուղատնտեսությունում, մեղմ ասած, տարօրինակ վիճակ է: Նախ ֆիքսենք. վիճակագրությունը հուլիսին՝ անցած հուլիսի համեմատ ներկայացրել է 2.1 տոկոսանոց աճ, հունիսի համեմատ՝ 24.0 տոկոս: Այս բնագավառում տարեկան աճը քիչ բան է ասում. հայաստանյան գյուղատնտեսությունը միշտ էլ կախված է եղել բնությունից, եւ եթե մի տարի լավ եղանակ է լինում, մյուս տարի՝ վատ, ապա թվերը ճիշտ չէ իրար հետ համեմատելը: Բայց ահա ամսական աճի ցուցանիշն ավելի շատ բան է հուշում: Կոնկրետ դեպքում՝ հունիսի 24.0 տոկոսը խղճուկ թիվ է, հաշվի առնելով, որ մինչ այդ ամսական աճը կազմել էր 116.1 տոկոս, դրանից առաջ՝ մայիսին՝ ապրիլի համեմատ 41.9 տոկոս, մինչ այդ՝ 43.8, 58.8 տոկոս: Այսինքն, ողջ տարվա ընթացքում ունեցել ենք աճի նկատելի տեմպեր, եւ այդ տեսանկյունից՝ հուլիսի 24 տոկոսը խայտառակ ցուցանիշ է: Չէ, այստեղ սեզոնայնության խնդիր չկա, հաշվի առնելով, որ անցած հուլիսին՝ հունիսի համեմատ աճը եղել է 56.4 տոկոս: Ուրեմն` ինչո՞ւ հուլիսին գյուղատնտեսությունը կտրուկ կանգ առավ, որն էլ, ի դեպ, հանգեցրեց գյուղմթերքների գների շեշտակի աճի: Մեր թերթին տված հարցազրույցում գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը բացատրել էր, թե. «Հուլիս ամսին կտրուկ ջերմաստիճանի բարձրացում տեղի ունեցավ, եւ, բնականաբար, այն իր ազդեցությունն ունեցավ մշակաբույսերի վրա»: Պահո. բա անցած հուլիսին ջերմաստիճանը չէ՞ր բարձրացել: Ավելին, անզեն աչքով էլ է տեսանելի, որ թեեւ այս ամառ եղան մի քանի շոգ օրեր, սակայն եղանակն անհամեմատ ավելի մեղմ է եւ տեղումնառատ, քան 2017թ.-ին: Միակ տարբերությունն այն է, որ անցած տարվա ամռանը կառավարությունը ստիպված եղավ Սեւանից լրացուցիչ ջուր վերցնել, իսկ այս տարի, երբ այդ մասին ակնարկեցին, ու հակազդեցություն եղավ, հրաժարվեցին այդ մտքից (ԱԺ նման նախագիծ անգամ չմտավ), քանի որ դա կարող էր ոչ ամբոխահաճո լինել: Արդյունքում, մինչ այժ էլ անջուր մնացած գյուղացիությունը բողոքում է մինչեւ իսկ կառավարության շենքի առաջ, թեեւ դա արդեն բան չի փոխի: Իսկ թե այդ ջրազրկումն ինչ վնաս հասցրեց վարկերի տակ ճռռացող նույն այն գյուղացիությանը, որոնք էլ ավելի մեծացրին իրենց վարկային պորտֆելները՝ հավատալով գործող վարչապետի հայտնի խոստումներին, դժվար է անգամ հաշվարկելը: Ինչպես որ դժվար է հաշվարկելը, թե գյուղմթերքների համատարած թանկացումն ինչ ֆինանսական կորուստների առաջ կանգնեցրեց բոլոր սպառողներին: Ու սա  էլ վարչապետը համարում է կառավարության վարած «հավասարակշռված եւ շրջահայաց քաղաքականություն»:

Հայաստանը կարող է կանգնել default-ի առաջ, տնտեսական ցուցանիշներն աղաղակող են․ Մինասյան

 

ԵՎ Ի՞ՆՉՆ Է ՓՈԽՎԵԼ

Գյուղատնտեսության այս վիճակի ֆոնին պատահական չէ, որ հուլիսին՝ հունիսի համեմատ արձանագրվել է արտահանման 3.8 տոկոս անկում, երբ անցած տարի ֆիքսվել է 2.9 տոկոս աճ: Ավելին, եթե այս հուլիսին՝ անցած հուլիսի համեմատ ներկայացվում է արտահանման 0.3 տոկոս աճ, ապա մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 25.2 տոկոս էր: Բացի այդ, հուլիսին ունեցել ենք նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության 3.1 տոկոսանոց անկում, երբ մեկ տարի առաջ նույն վիճակագրությունը ներկայացնում է 24.7 տոկոսանոց աճ: Կարելի է մյուս ցուցանիշները եւս թվարկել, բայց անիմաստ է, էական որեւէ տեղաշարժ չկա, փոխարենը կարելի է նշել մի շարք ուղղություններով վիճակի վատթարացում: Սակայն դա չէ խնդիրը: Եթե անգամ լինեին միայն հավասարազոր եւ անգամ՝ անցած տարվա համեմատ մի փոքր բարելավված ցուցանիշներ, էլի դա անբավարար էր: Ի վերջո, գործող իշխանությունները հավաստիացնում են, թե հեղափոխություն արեցին՝ ժողովրդի վիճակը լավացնելու համար: Ճիշտ է, հետո էլ հավելելու են, թե մի երկու ամսում չի կարող էականապես բան փոխվել, բայց գոնե ինչ-որ առաջընթաց պե՞տք է լիներ: Ուրեմն, ո՞րն է դա, եթե մի շարք ուղղություններում անգամ սեփական վիճակագրական տվյալներով է վատթարացում արձանագրվել: Եվ այս իրավիճակում ռեա՞լ է ներդրումների սպասելը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА