o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉԻ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

22.08.2018 20:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉԻ ԿՀԱՆԳԵՑՆԵՆ ԹՈՒՐՔ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԼԱՐՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արդեն տեւական ժամանակ է թուրք-ամերիկյան հարաբերությունները գտնվում են ծայրահեղ լարված վիճակում: Երկու երկրների ղեկավարները տարբեր առիթներով մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին, ավելին` օրերս Թուրքիայի արտգործնախարարը մեղադրել էր ԱՄՆ նախագահին` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման չգնալու համար: Նա նաեւ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իրենց հետ անկեղծ չէ եւ չի ցանկանում կարգավորել լարված վիճակը: Ինչ սպասել թուրք-ամերիկյան լարված հարաբերություններից, այս ամենը մինչեւ ուր կարող է հասնել, թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«Ադրբեջանն անցկացնում է աննախադեպ թվով զորավարժություններ»

Թուրքագետ ՀԱԿՈԲ ՉԱՔԸՐՅԱՆԻ խոսքով` երկու երկրների լարված հարաբերությունների պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի անձնական կամակորություններն են. «Ներքին օգտագործման համար Էրդողանը հաճախ է հոխորտանքներ հնչեցնում, եւ նրա ընտրազանգվածը նրան համարում է համաշխարհային լիդեր` ոգեւորվում է: Թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմքում Թուրքիայի տարածաշրջանային գերտերություն դառնալու նպատակն է, որի համար օգտագործում է իր դաշնակիցներին եւ ՆԱՏՕ-ին: Չնայած իր նպատակներին հասնելու համար Թուրքիան պատրաստ է նույնիսկ դաշնակիցներին դավաճանել` այդ թվում` ԱՄՆ-ին: Բոլորս հիշում ենք, երբ Էրդողանը Սիրիայի նախագահ Ասադին համարում էր եղբայր, սակայն պատերազմի սկսվելուց հետո նրան անվանեց մարդասպան Ասադ: Դժվար է ասել, թե այս հարաբերությունները մինչեւ ուր կարող են հասնել, սակայն փաստ է, որ այս փուլում այդ հարաբերությունները գտնվում են գերլարված փուլում: Ինչ վերաբերում է այս պատկերին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ինջիրիքի ռազմաբազան  գործում է, եւ Էրդողանը ԱՄՆ-ին քննադատելիս այդ ռազմաբազայի անունը չի տալիս, այնպես որ այս հանգամանքը պետք է հաշվի առնենք: Վերջին մի քանի տարիներին ԱՄՆ նախկին նախագահ Օբաման եւ ներկայիս նախագահը շեշտել են, որ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերը չէ, միայն գործընկերն է»:

Թուրքագետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԻ կարծիքով` չնայած երկու երկրների միջեւ ծագած տարաձայնություններին, ԱՄՆ-ն դեմ չէ, որ Թուրքիան ընդլայնի իր ազդեցությունը, այդ թվում` տարածաշրջանում. «Որոշ ժամանակ անց պարզ կլինի` արդյո՞ք թուրք-ամերիկյան հարաբերությունները կշարունակեն լարվել, թե ինչ-որ կետում կողմերը կգան ընդհանուր հայտարարի: Որքան էլ թուրք-ամերիկյան հարաբերությունները լարված լինեն, իրատեսակն չէ սպասել, որ Թուրքիային դաս տալու համար ԱՄՆ-ն կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եթե ԱՄՆ-ն ցանկանա, առանց այդ լարվածությանն էլ կճանաչի Ցեղասպանությունը: Սակայն իրատեսական չէ, որ այս փուլում ԱՄՆ-ն կգնա այդ քայլին»:

Թուրքագետ ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆԸ փաստեց, որ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները Էրդողանի կառավարության համար ձեռնտու են. «Տնտեսության մեջ վերջին երկու տարում առկա ճգնաժամը կարելի է միանգամից բարդել ԱՄՆ-ի եւ «թշնամի Արեւմուտքի» պատժամիջոցների վրա եւ խուսափել պատասխանատվությունից: Ինչը եւ հիմա անում են իշխանությունները: Թուրքերը այս օրերի լարված իրավիճակն օգտագործում են նաեւ արտաքին քաղաքական դիրքերն ուժեղացնելու համար: Պատահական չէ, որ հենց նմանատիպ ճգնաժամային իրավիճակներում շատ արագ հայտնվում են հերթական լուրերը` ռուս-թուրքական հարաբերությունների «հերթական ձեռքբերման» մասին: Թուրքիայի առնվազն վերջին 100 տարվա պատմությունը հարուստ է դիվանագիտական այս հնարքի կիրառմամբ: Էրդողանը սա կարող էր սովորել առաջին հերթին երկրի հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքից, ով նույն հաջողությամբ օգտագործում էր կոմունիստներին` Անգլիայի ու Ֆրանսիայի դեմ, իսկ ընդամենը մի քանի տարուց «սեր» կնքեց Արեւմուտքի հետ` այնուհետեւ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА