o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՏԱԼԻՆՅԱՆ «ԵՌՅԱԿՆԵՐԻ» ՈՒՐՎԱԿԱՆԸ

22.08.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՍՏԱԼԻՆՅԱՆ «ԵՌՅԱԿՆԵՐԻ» ՈՒՐՎԱԿԱՆԸ

Բացի բոլ-բոլ սպառնալիքներից եւ հաթաթաներից, Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին հնչեց «անցումային արդարադատություն» եզրույթը: Բնականաբար, հավաքված բազմության 90, եթե ոչ 99 տոկոսը չհասկացավ դա ինչ է, քանզի ջախջախիչ մեծամասնությունը եկել էր պաշտելի առաջնորդից «հոգեւոր սնունդ» ստանալու, այլ ոչ թե որեւէ բան հասկանալու համար:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

Իսկ «անցումային արդարադատություն»  եզրույթը մեր դարաշրջանի այն եզրույթներից է, որ ունենալով չեզոք հնչեղություն, պարունակում է զարհուրելի բովանդակություն: Դա ամենեւին առաջին օրինակը չէ` այսպես, բավականին չեզոք եւ նույնիսկ դրական երանգով հնչող «անչափահասների (յուվենալ) արդարադատություն» եզրույթի տակ թաքնված է ընտանիքներից երեխա խլելու մի ամբողջ արդյունաբերություն: «Անցումային արդարադատություն» կոչվածն էլ ճշգրիտ անուն ունի, որից 20-րդ դարում չէին խորշում` արտակարգ հեղափոխական դատարան, ուր ոչ թե իրավունքի, այլ «հեղափոխական հոտառության» կամ «հեղափոխական նպատակահարմարության» հիման վրա են կայացվում վճիռներ: Դա, բնականաբար, միանգամից ընկալեցին ընդդիմադիր քաղաքական գործիչները, փորձագետները, ինչպես նաեւ ՀՀ օմբուդսմենը: Բայց, օրինակ, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ջանում է համոզել, իբր թե դրանում ոչ մի սարսափելի բան չկա. «Վարչապետն իր ելույթում հստակ նշեց, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու: Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ Սահմանադրությանը, չի հակասելու միջազգային կոնվենցիաներով Հայաստանի ստանձնած պարտավորություններին, Սահմանադրության որեւէ դրույթ չի կասեցվելու` ուղղակիորեն կամ բովանդակային առումով: Դա լինելու է օրինական, աջակցող է լինելու: Հարցերը լուծելու են  դատարանները, դրանք չեն լուծարվելու, դատարանների դատարան չի ստեղծվելու, միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չեն խախտվելու»: Կարծում ենք, մեր` ինքնուրույն մտածելուն սովոր ընթերցողին հարկ չկա բացատրել, որ նախարարի ասածը, ժողովրդական խոսքով ասած` «կուտ» է: Իսկ լրատվական դաշտում պարզորոշ երեւում է նախապատրաստում հենց արտաիրավական զանգվածային ռեպրեսիաների գործընթացին: Այսպես, Աթենքում լույս տեսնող «Հայաստան» շաբաթաթերթի ֆեյսբուքյան «Հայաստան կենտրոն» ոչ պաշտոնական հարթակը տարածել է հետեւյալ սադրանքը. «Օդում շրջող լուրերի համաձայն»` Երեւանում եւ Ստեփանակերտում, նախապատրաստվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տապալելու համապարփակ հեղաշրջման ծրագիր: Հեղաշրջումը իրագործելու համար վերջին օրերին Երեւանում հանրային կարծիք է ձեւավորվում: Ուղղակի գնվել են մի քանի լրատվամիջոց եւ լրատու կայքեր: Գործի են անցել հները` ArmNews... Panorama...Ararat tv...Civil..., News.... Երկիր...Ararat... Tert. Hraparak.. Yerevan... BlogNew...Aravot, 7 or, 1.in.. «Տոյոտա-Երեւան»... Հ2 եւ այլն...»

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

«Աշխատանքի են լծվել մի քանի ծախված «սոցիոլոգներ», «իրավաբաններ» եւ «քաղմեկնաբաններ»...: «Օդում շրջող լուրերի համաձայն» հեղարջումը իրագործվելու է նախքան Ռոբերտ Քոչարյանի կրկին ձերբակալումը եւ սկսելու է վարչապետ Փաշինյանի գիշերային կայծակնային արագությամբ կալանավորումով...»: Դրան էլ կայծակնային արագությամբ արձագանքել է Ալեն Սիմոնյանը` ոչ պակաս սադրիչ հայտարարությամբ. «Եթե պարոն Փաշինյանի անվտանգությանը վտանգ սպառնա, եւ ինչ-որ բան լինի, ես վախենում եմ այն հետեւանքներից, որոնք կլինեն Հայաստանում: Կարծում եմ` այդ դեպքում նախկին ղեկավարների ու նրանց ընտանքների անվտանգությունը որեւիցե մեկը չի կարող այլեւս երաշխավորել, ուստի այդ խոսակցությունները համարում եմ շատ վտանգավոր»:

Արդյո՞ք այդ ամենը թույլ չի տալիս ենթադրել, որ, միգուցե, մոտ ժամանակներս կտեսնենք «ֆյուրերի» նկատմամբ ինչ-որ «դավադիր ոտնձգության» բեմադրություն` դրան հետեւող ռեպրեսիաներով: Չէ՞ որ ե՛ւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ե՛ւ  ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նոր չէ, որ իրենց դրսեւորել են որպես փայլուն շոումեններ: Ի դեպ, ռեպրեսիաների ամենաուղղակի ձեւով խոսողներ էլ կան հեղափոխականների ճամբարում, եւ այդ մարդիկ անհայտ չեն: Այսպես, Երեւանի մամուլի ակումբի հիմնադիր Բորիս Նավասարդյանը, ով իբր թե կոչված է զբաղվել խոսքի ազատության պաշտպանությամբ. «Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ քննադատական վերաբերմունքը երկրի զարգացման համար անհրաժեշտ է: Բայց հասարակության կողմից դրա ընկալումն ու կառուցողական դերի իրականացումը հնարավոր կդառնա միայն «ռեստավրացիայի» վտանգի վերանալու պարագայում: Ռեւանշիզմի տարբեր դրսեւորումները միայն կխորացնեն մարդկանց ատելությունը նախկինների նկատմամբ ու կստիպեն նորերին` բարեփոխումների փոխարեն ուշադրությունն ու ջանքերը կենտրոնացնել այդ վտանգի վնասազերծման վրա: Դա բնական է ու անխուսափելի: Ինչքան շուտ հին համակարգի կրողները եւ նրանց արբանյակները հրաժարվեն դիմադրությունից, հնարավորություն տան (ցանկալի է նույնիսկ աջակցեն) քաղաքական իրողություններին համապատասխանող իշխանական բոլոր թեւերի ձեւավորմանը, այդքան մեղմ կլինի հեղափոխության ռեպրեսիվ գործիքը»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Այսքանից հետո արդյո՞ք որեւէ մեկի մոտ կասկած կարող է մնալ, թե կխուսափենք ստալինյան «եռյակներից» ու 1937 թվականի այլ հոռի դրսեւորումներից: Չէ՞ որ ֆյուրերը հրապարակում պարզ ասած, որ մտավախություններ ունի ԱԺ մեծամասնությունից:  Իսկ բացի գազազած խաժամուժից ու մեկ էլ ստալինյան «եռյակներից» էլ ի՞նչ գործիք ունեն թավշակրոնները, որպեսզի ճնշում գործադրելով հարկադրեն պատգամավորներին ինչպես փոխել Սահմանադրությունը, այնպես էլ ինքնալուծարել խորհրդարանը: Ու նաեւ պարզորոշ երեւում է թավշակրոնների վախը ընդդիմությունից, թեեւ նրանք մանթրայի պես կրկնում են, որ իրենց թիկունքում հարյուրհազարավոր «ազատ եւ հպարտ քաղաքացիներ» են, իսկ դիմացը չնչին եւ ժողովրդի կողմից ատելի փոքրամասնություն է: Բայց երեւի թե լավ են սերտել մոնղոլական ասացվածքը. «Մեծաթիվ է հոտը, բայց ոչխարներից է, փոքրաթիվ է ոհմակը, բայց գայլերից է»:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА