ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առաջին անգամ հեղափոխական իշխանությունը լուրջ կազմակերպած դիմադրության հանդիպեց

15.08.2018 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Առաջին անգամ հեղափոխական իշխանությունը լուրջ կազմակերպած դիմադրության հանդիպեց

«ԱրԱր» հիմանդրամի ղեկավար ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆՆ անդրադարձել է նորընտիր կառավարությանը: Նրա խոսքով՝ երեկ հեղափոխական իշխանության համար մեծ մոբիլիզացիայի օր էր։ Մայիսի 8-ի Նիկոլ Փաշինյանի շռնդալից հաղթանակից ու նախկինների հրաժարականների տարափից ի վեր, առաջին անգամ հեղափոխական իշխանությունը լուրջ կազմակերպած դիմադրության հանդիպեց, ու զգաց, որ երկրում իրենից բացի ուրիշ ուժ էլ կա, որ աստիճանաբար սկսում է դուրս գալ կոմայից, եւ գիտակցել սեփական հնարավորությունները։

Որպես երկրի առաջին դեմք վարչապետը պետք է զերծ մնար քարոզարշավին մասնակցելուց

 «Հեղափոխական իշխանության առաջին ռեակցիան, բնականաբար, կանխատեսելի էր՝ բոլորս դեպի հրապարակ․ չէ որ նախորդ անգամ հենց հրապարակի ուժն էր կոտրել նախկին իշխանության դիմադրությունը, եւ բերել նրան կապիտուլիացիայի։ Սակայն նախորդ անգամվանից շատ բան է փոխվել՝ եւ հեղափոխության հսկայական ոգևորությունն է պակասել (անխուսափելիորեն), և բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել, որը հեղափոխական իշխանությունը չի կարողանում լուծել, եւ հեղափոխական կոալիցիայի ներսում են ներքին տարաձայնությունները սրվել, եւ հեղափոխական իշխանության հովանու տակ սկսել են հայտնվել ուժեր, որոնց հասարակության մեծամասնությունը վաղուց մերժել է, եւ կամ վերաբերվում է անթաքույց դժկամությանբ՝ երեկվա տռանսվետիտների գրոհը Ոստիկանական տեղամասի վրա դրա օրինակն է, բայց սա այսբերգի ընդամենը երևացող գագաթն է։ Ամենակարեւորը, սակայն, արդարադատության հարցերը, ի տարբերություն քաղաքականության, չեն լուծվում հրապարակներում, և նախկինում հրաշալի արդյունք տված միջոցները հիմա կարող են միայն վարկաբեկել եւ հեղինակազրկել հեղափոխական շարժումը՝ հեղափոխական իշխանությունը դա էլ շատ լավ հասկանում է, եւ գիտակցում է, որ կաշկանդված է իր գործողություններում օրինականության պահանջներով։ Այս պայմաններում Ռոբերտ Քոչարյանին քաղաքական մոռացությունից հանել, իջեցնել նորից քաղաքական ասպարեզ, և սեփական գործողություններով նրա շուրջ հակահեղափոխական կոնսոլիդացիայի բևեռ ստեղծելը ամենակարճատես քայլերից է, որը կարող էր անել հեղափոխական իշխանությունը։ 2008 թ մարտի 1-ից հետո, Սերժ Սարգսյանը եւ նրա թիմը յոթ տարուց ավել պայքարել էին Քոչարյանին քաղաքականությունից հեռացնելու, նրա ազդեցությունը Հայաստանում եւ Ռուսաստանում սահմանափակելու, եւ լուսանցք դուրս մղելու համար, և Քոչարյանը չէր թաքցնում իր ատելությունը նրանց նկատմամբ, և քաղաքական ռեվաշի հասնելու իր ձգտումը։ Այսօր հեղափոխական իշխանությունը ձեռքի մի թեթեւ շարժումով Քոչարյանին վերադարձրեց քաղաքական ասպարեզ, եւ դարձրեց նրան հեղափոխության դեմ պայքարի խորհրդանիշ, որն ընդունակ է կոնսոլիդացնել տարատեսակ հակահեղափոխական ուժերին, որոնցից շատերին մենք դեռ բացահայտ չենք էլ տեսել։ Ու եթե Վերաքննիչ դատարանի որոշումը տհաճ անակընկալ էր, ապա քանի այդպիսի անակընկալ շրջադարձ է դեռ սպասվում այս գործում, որի ամեն հերթական պարույր ներգրավելու է նորանոր գործող անձանց, բացահայտելու է մեծ դավադրության նորանոր դրվագներ և ավելի է սրելու հակասությունները հասարակության ներսում։

Ժողովրդի նոմինալ իշխանությունը վեր է ածվում ժողովրդի դե ֆակտո իշխանության. Փաշինյան

Եթե այսպես է, ապա ինչու է հեղափոխական իշխանությունը կուլ տալիս այս խայծը՞, ինչու է երկրի անվտանգության եւ զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու փոխարեն իր ուժերը վատնում մեկ անձի (որքան էլ որ շատերի համար ատելի) հետապնդմամբ, դրանով դիմադրության նոր շունչ տալով այն ուժերին, որոնք կարծես թե արդեն հանձնվել էին։ Իմ համեստ կարծիքով, պատասխանը պետք է փնտրել այն ազդեցության մեջ, որ մինչ հիմա Լևոն Տեր-Պետրոսյանը ունի Նիկոլ Փաշինյանի վրա, եւ որը նա խորամանկորեն գործադրում է նրա եւ նրա շրջապատի վրա։ Պատահական չի, որ այն մեղադրանքը, որը ներկայցված էր Ռոբերտ Քոչարյանին, անմիջական կապ չուներ մարտի 1-ի բախման և մարդկային կորուստների հետ, այլ փորձում էր գործը տանել այլ ուղղությամբ, ի սկզբանե հանելով ցանկացած պատասխանատվություն այն ժամանակվա ընդիմության վրայից, եւ ամբողջ իրավիճակը ներկայացնելով որպես իշխանությունների կողմից կազմակերպված ռազմական հեղաշրջում, հընթացս հարվածի տակ դնելով բանակը եւ բանակի ամբողջ ղեկավարությունը։

Ես համոզված եմ, եւ մի քանի անգամ արդեն նշել եմ, որ 2008 թ փետրվար-մարտի իրադարձությունները համակողմանի բացահայտման կարիք ունեն, որը ցույց կտա բոլոր ներգրավված կողմերի կատարած կամ ծրագրած հանցանքները, նաեւ օտար ուժերի ներգրավումը մեր ներքին գործերին։ Սա հնարավոր է միայն, եթե այսօրվա իշխանությունը թոթափի Լեւոն Տեր-Պետրոսյանի քայքայիչ ազդեցությունը, եւ իրապես ձեռնամուխ լինի համապարփակ ճշմարտության եւ արդարության վերականգնման գործին, սա նաև մարտի 1-ի զոհերի հիշատակի նկատմամբ ամենամեծ հարգանքի տուրքը կլինի, երաշխիքներ ստեղծելով, որ նման ողբերություններ այլեւս չեն կրկնվի։

Այլապես, քինախնդիր եւ խորամանկ մի կույր իր հետեւից կտանի դուխով բայց կարճատես այլ կույրերի, դրանք էլ իրենց հետեւից՝ ատելությունից կուրացած բազմաթիվ մարդկանց, ցավալի բայց կանխատեսելի արդյունքով։ Բոլորիդ մաղթում եմ մտքի եւ հայացքի սթափություն, մի գնացեք կույրերի հետեւից, ուր էլ որ ձեզ կանչեն, ու ինչ էլ ձեզ խոստանան»։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА