o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՇԱՀՈՒՄՈՎ ՍՈՒՐՃ»՝ ՇԱՀՈՒՄԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՆՈՐՈՇ ՀՈՒՅՍԵՐՈՎ

03.08.2018 22:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«ՇԱՀՈՒՄՈՎ ՍՈՒՐՃ»՝ ՇԱՀՈՒՄԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՆՈՐՈՇ ՀՈՒՅՍԵՐՈՎ

Նախօրեին խմբագրություն էր դիմել սպառող, ով բավական վրդովված ներկայացրեց, թե ինչպես «Ալբերտ Շողեր» ԱՁ-ն բառացիորեն ծաղրում է իր արտադրանքը գնող քաղաքացուն: Մեր զրուցակիցը սուպերմարկետներից մեկից գնել էր 250 դրամ արժողությամբ մեկ տուփ «Պրիմ» սուրճ: Տուփի մեջ եղել է կտրոն, որտեղ գրված է. «Շահում: 1 մեկ տուփ սուրճ»: Իհարկե, ինչ-որ մեծ բան չէ, սակայն հաջորդ անգամ նույն խանութ մտնելով, սպառողը դիմել է, որպեսզի ստանա իր շահած մեկ տուփ սուրճը: Բայց սուպերմարկետի աշխատակիցը նրան պատասխանել է, որ իրենք շահումների հետ գործ չունեն:

«Սպառողների շահերը շարունակում են մնալ ոտնահարված».Կարեն Չիլինգարյան

«Խնդիրն այդ էժան մեկ տուփ սուրճը չէ: Պարզապես, եթե խոստանում են շահում, թող տան: Հակառակ դեպքում պետք է տուփում գտնված կտրոնը համարել աղբի կտոր, եւ կստացվի, որ արտադրել են անպիտան ապրանք»,- մեզ հետ զրույցում բողոքեց սպառողը: Ո՞վ է ի վերջո պատասխանատու այդ շահումի համար, ի՞նչ եղանակով է այն տրամադրվում սպառողին, փորձեցինք հետաքրքրվել «Ալբերտ Շողեր» ԱՁ-ից, որտեղից զարմացան մեր հարցից՝ նկատելով.

- Բնականաբար, խանութն է տալիս շահումները, ուրիշ էլ ո՞նց:

- Սակայն խանութում ասել են, որ իրենք կապ չունեն այդ շահումների հետ:

- Չէ, գիտեք ոնց, իրականում խանութը իր վաճառվող սուրճերից չի տալիս՝ որպես շահում: Մեզ է փոխանցում շահած կտրոնը, որը մեր առաքիչը հաջորդ այցի ժամանակ` ասենք, մեկ շաբաթից վերցնում է եւ դիմաց տալիս շահումը: Այսինքն` խանութը այդքան էլ մեղավոր չէ, երեւի ճիշտ չեն հասկացել սպառողը եւ խանութի աշխատակիցը միմյանց:

- Լավ, իսկ կասե՞ք, որտեղից կարող ենք ծանոթանալ, որ, ասենք, Ձեր սուրճերում կարող ենք նաեւ շահումներ գտնել:

- Այսպես ասեմ. շահումներ շատ հազվադեպ են լինում, դրա համար, ըստ էության, նման տեղեկատվություն չենք էլ տարածում: Մենք պատրաստ ենք ցանկացած շահում տրամադրել, որեւէ խնդիր չկա: Թող մեկ անգամ եւս մոտենան տվյալ սուպերմարկետ, թողնեն կտրոնը, մենք մի շաբաթից այն կուղարկենք:

Այսպիսով, ի՞նչ է ստացվում: Քաղաքացին կարող է պատահաբար իր սովորական ճանապարհից հեռու ընկած ինչ-որ խանութից սույն սուրճը գնել, շահել: Եվ հետո, որպեսզի շահումը ստանա, պետք է մի անգամ էլ նույն խանութը հասնի ու կտրոնը հանձնի, ապա եւս մեկ անգամ, որ շահումը ստանա: Այս ի՞նչ է, «Ալբերտ Շողեր» ԱՁ-ն ծաղրում է մարդկանց: Իսկ գործնականում, հասկանալի է, շատ քչերը կցանկանան մի քանի անգամ խանութ հասնել, ինչ է թե 250 դրամանոց ինչ-որ սուրճ ստանան: Այսինքն, գործնականում այդ շահում ասվածը սուրճի տուփում գտնվող, սակայն դրա պարունակության հետ կապ չունեցող ինչ-որ օտար մարմին է: Դրա առկայությունն արդեն իսկ բավական է` տվյալ ապրանքատեսակն անորակ համարելու համար: Իսկ դա նշանակում է, որ գործնականում սպառողը ոչ միայն շահում չի ստանալու, այլ՝ 250 դրամ է վճարել անորակ ապրանք գնելու համար: Մի խոսքով, ինչքան էլ որ փոքրարժեք ապրանքի մասին է խոսքը, այնուամենայնիվ, հուսով ենք, որ այս պատմությունը կարժանանա պատկան պետական կառույցների ուշադրությանը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА