ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵՎՈՆԻԶՄ-ՀՀՇ-ԻԶՄԻ ՌԵՎԱՆՇԻ ՍՏՎԵՐԸ

03.08.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼԵՎՈՆԻԶՄ-ՀՀՇ-ԻԶՄԻ ՌԵՎԱՆՇԻ ՍՏՎԵՐԸ

Թեեւ ՀԱԿ սկանդալային ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, սակայն նրա կոչը` տարածքներ վերադարձնել Ադրբեջանին, նման է, որ դառնում է այն կայծը, որից բռնկվելու է հանրային վրդովմունքի հրդեհը` ճիշտ այնպես, ինչպես դա եղավ 1997-ի աշնանը: Իսկ պատճառը պարզ է, այստեղ կարեւորը ոչ թե այդ ապազգային տիկնոջ անձն է, այլ այն, որ Նիկոլի թավշակրոն ռեժիմը առավելագույն բարենպաստման պայմաններ է ստեղծել ազգայինը ժխտողների համար, եւ արդյունքում տարատեսակ հողատուները տարբեր ծակուծուկերից սկսեցին դուրս գալ:

ՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶՆ ՈՒ ՆՈ՞Ր ԿՈՐԾԱՆՎԵԼ

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Առավելագույն կոշտությամբ ԼՏՊ-ի եւ ՀՀՇ-ի թուրքասեր մոտեցումներին արձագանքեցին, անշուշտ, Արցախում, թեեւ անկախ ապրելու վայրից էլ, հողատուներին ամենավերջին բառերով բնութագրում են մեր հայրենակիցները Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Իսկ միանգամայն պաշտոնական կարգավիճակ ունեցող անձը` Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը ուղղակիորեն որակում է դավաճանական. «Ոմանք հրաշալի են խոսում հայերեն, բայց արդյոք նրանք հայերե՞ն են մտածում: Նշված տիկնոջը լսելով` տպավորություն է ստեղծվում, որ մեր առջեւ ոչ թե հայկական կուսակցության ներկայացուցիչ է, այլ` Ադրբեջանի նախագահի աշխատակազմի: Զարմանալի է, որ հասարակության մեջ մարդիկ կան, որոնք նման կարծիք են հայտնում: Սա սարսափելի է: Սա ազգային շահերին քաղաքական դավաճանություն է, բարոյական դեգրադացիայի դրսեւորում»: Արցախի Ազատամարտիկների միությունն էլ ոչ պակաս կոշտ է. «Պատերազմի մասնակիցների  տասհազարանոց բանակն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Հայոց արեւելաց կողմի ազատագրված տարածքների հետ կապված հնարավոր զիջումների մասին արդեն իսկ անթաքույց հնչեղություն ստացած դավաճանական հայտարարությունների  վերաբերյալ եւ դա որակում ոչ այլ կերպ, քան մեր ազգային միասնության խարխլմանն  ուղղված բացահայտ ոտնձգություն»:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ

Այդպիսի հայտարարությունների դեմ փողոց դուրս գալու կոչ է արել արցախցիներին Արցախի ԱԱԾ-ի նախկին պետ, գեներալ Արշավիր Ղարամյանը: Եվ, ի դեպ, արցախյան առաջին հանրահավաքն արդեն եղել է` Բերձորում, այսինքն` հենց այն տարածքում, որը Զոյա Թադեւոսյանի մեծ ու փոքր տերերը ցանկանում են նվիրել թուրքին:

ԹԱՎՇԱԿՐՈՆ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ԵՐԵՐՈՒՄ Է

Նիկոլ Փաշինյանին հաջողվեց հարաբերությունները փչացնել գրեթե բոլորի հետ: Չնայած նրա կառավարության թրաշամանուկ ներկայացուցիչները մշտապես, կներեք արտահայտության համար, զվռնում են Արեւմուտքում, սակայն որեւէ ռեալ ներդրումային ծրագրի երեսը այդպես էլ չտեսանք: Չտեսանք նաեւ Արեւմուտքից քաղաքական կամ այլ աջակցություն` Բրյուսելը չուզեց գումարներ հատկացնել, իսկ ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա հասել է խայտառակության` ամերիկյան պատգամավորներն են միջնորդում Թրամփին, որպեսզի ընդունի Հայաստանի ղեկավարին: Միաժամանակ էլ, Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացման ռիսկի տակ են, եւ ԱԳ նախարար Լավրովը սկսել է խոսել ոչ դիվանագիտական բառապաշարով: Բայց այդ ամենը, կարծես թե, թավշակրոնները ձգտում են չտեսնելու տալ` զորօրինակ, արձագանքելով ՀՀԿ-ականների գնահատականին, որ Լավրովի խոսքը շատ լուրջ ահազանգ է, Արարատ Միրզոյանն ասաց. «Հանրապետականների իրավիճակի գնահատականը տարբերվում է իրավիճակի օբյեկտիվ գնահատականից, դա ապացուցված է»:

Ինչ վերաբերում է երկրի ներսին, ապա կարելի է արձանագրել «Ելք» դաշինքի փլուզումը: Եթե ՔՊ-ի կողմից կոմիկ Հայկոյին առաջադրելուց հետո Էդմոն Մարուքյանի ու Արամ Սարգսյանի կուսակցությունները ուզում են Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել Արտակ Զեյնալյանի թեկնածուով, ապա դա շատ խոսուն է: Այնպես որ, թեեւ հեղափոխությունը կոչվել էր «սիրո եւ համերաշխության», սակայն իրականում շատանում է ատելությունն ու պառակտումը: Զորօրինակ, այն, ինչ բացեիբաց գրառել է պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, անհավատալի կլիներ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի «հանցավոր ռեժիմների» օրոք. «Երեւանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները` հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում Երեւանի քաղաքային տնտեսության խնդիրներին… Աղբանոցի մեկօրյա այցը եւ թունավորված զոհի դիմակ հագնելը դեռ բավարար չէ քաղաքապետ լինելու համար... Միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որեւէ ծննդատուն կամ պատարագ անցկացնեմ Մայր Աթոռում»: Դա սոսկ օրինակ էր, իսկ այդպիսի օրինակները բազմաթիվ են եւ ամեն քայլափոխի: Մթնոլորտն է այդպիսին` բոլորը բոլորի դեմ, եւ այդ մթնոլորտում արցախյան կայծը լրիվ բավարար է, որպեսզի ցանկացած պահի խոշոր խռովություն բռնկվի: Եվ ինչքան էլ Նիկոլը «դուխով» հեղափոխական դիկտատորի դեր խաղա, իրականում հենարան` որպես այդպիսին, չկա: Սորոսական փափկամազիկ թրաշամանուկները համարձակ են դառնում միմիայն բացարձակ անպատժելիության պայմաններում, իսկ կոնֆլիկտային իրավիճակներում նրանց մարտունակությունը բանի պիտանի չէ: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն էլ ոչ թե ապահովվածություն բերեց Նիկոլին, այլ` նորանոր լուրջ պրոբլեմներ, եւ պատահական չէ, որ թավշակրոնները փրփրում են առավել քան 40 պատգամավորների միջնորդությունից ու արդեն սկսել են համացանցում հրապարակել այդ պատգամավորների հեռախոսահամարները: Իրենք շատ լավ հասկանում են, որ միշտ ուժեղի կողմը թեքվող ԲՀԿ-ն, եթե հանկարծ Նիկոլին թույլ համարեց, այդ 40-ի փոխարեն արդեն կլինի ԱԺ մեծամասնությունը: Ու հենց երերուն վիճակն է, որ Նիկոլին դրդել իր 100-օրյակի կապակցությամբ` օգոստոսի 17-ին, մարդկանց կանչել Հանրապետության հրապարակ: Լցնելը առանձնապես պրոբլեմ չէ` «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության ջանը սաղ լինի, բայց պարզապես հետաքրքիր է հանրահավաքով կրկին բնակչության հետ շփվելու դրդապատճառը: Դա թերեւս արդեն վերջին միջոցն է` ճիշտ այնպես, ինչպես 1930-ականներին բոլշեւիկները կազմակերպում էին հանրահավաքներ` «ժողովրդի թշնամիների» նկատմամբ հաշվեհարդարի կոչով: Իսկ, խոշոր հաշվով, կարող է հարցականի տակ լինել ոչ միայն խորհրդարանը, այլ անգամ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների հարցը:

ԷԺԱՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ Է «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА