o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երբեք ընտրովի արդարադատություն չպետք է անցկացնել». Սերգեյ Բագրատյան

01.08.2018 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Երբեք ընտրովի արդարադատություն չպետք է անցկացնել». Սերգեյ Բագրատյան

2008 թ. մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալների թվում է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով` այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգը տապալելը: Դատարանը որոշում էր կայացրել 2008-ին Երեւանի կայազորի պետի, ապա` ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին կալանավորել, սակայն 5 մլն դրամ  գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխվել է: Այս ամենը ռուսական որոշ լրատվամիջոցներ համարել են սադրանք` հրահրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից: Թե արդյոք այս ամենն իր լուրջ հետեւանքները չի ունենա մեզ վրա` միջազգային հարթությունում եւ մասնավորապես` ՀԱՊԿ անդամ երկրների շրջանում` հարված հասցնելով մեր երկրի վարկանիշին, «Իրավունքը» պարզեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ տեսակետը, ում գնահատմամբ` այս ամենը պետք է դիտարկել մի քանի ասպեկտով:

Նախագահականի ֆինանսավորումը կարելի է 30%-ով կրճատել, դրա հաշվին ֆինանսավորել լրիվ այլ ուղղություններ, պատգամավոր

«ԵԹԵ ՏՎՅԱԼ ՀԱՆՑԱՆՔԸ ՉԱՊԱՑՈՒՑՎԻ, ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»

- Նախ ասեմ, որ այն իշխանությունը, որն այսօր ձեւավորել է նոր կառավարություն, տարիներ շարունակ բարձրաձայնել է, որ մարտի 1-ի հանցագործներին անպայման բացահայտելու է, եւ այն, կարծես, իր գերակա ուղենիշների մեջ էր: Հիմա ժամանակն էր` սա անելու, թե` ոչ, դժվարանում եմ ասել, որովհետեւ, ի վերջո, իշխանությունը ձեւավորած քաղաքական ուժն է որոշումներ կայացնում եւ իրենց խնդիրն է: Տեղի՞ն էր սկսել այս կետից, թե` ոչ, սա էլ իրավական խնդիր է, այսինքն` քննող մարմինները կարող են իմանալ, պետք էր սկսել այդ մարդկանց քննելո՞վ, թե՞ այլ տեղից պետք էր սկսել: Այնպես որ, սա էլ է դժվար ասել, որովհետեւ ես իրավաբան չեմ եւ կդժվարանամ ճիշտ ձեւաչափը շեշտել: Վերադառնալով Ձեր հարցադրմանը, թե արդյոք սա միջազգային խնդիր կառաջացնի, թե` ոչ, կարծում եմ` որեւէ հանցագործություն բացահայտելիս չեն կարող իրավապահ մարմինները առաջնորդվել այն կանխավարկածով, թե ինչպիսի միջազգային ազդեցություն կունենա: Եթե արդար դատաքննության պայմաններում պարզվի որեւէ անձի հանցավորությունը` լինի ցանկացած պարզ քաղաքացուց մինչեւ հանրապետության նախագահ, ապա որեւէ միջազգային կառույց դրանից չի անհանգստանալու: Չէ որ այդ նույն միջազգային կառույցը չէր ցանկանա, որ պայմանական ասեմ` «հանցագործ» ղեկավար լիներ իր կազմում, բայց այս ամենը նախեւառաջ պետք է ապացուցել: Այդ խնդիրը, որ Դուք բարձրացնում եք, ես տեսնում եմ չապացուցելու դեպքում:

– Այսինքն` կարծում եք, որ գործի քննության ընթացքում, եթե Յուրի Խաչատուրովի հանցանքը չապացուցվի, միայն ա՞յդ դեպքում այն իր հետեւանքները կունենա ՀԱՊԿ-ում:

– Այո, այդ դեպքում հնարավոր է, որ ունենա, իսկ եթե ապացուցվի հանցանքը, չի ունենալու, որովհետեւ նույն միջազգային հանրությունը շնորհակալություն կհայտնի, որ բացահայտվեց այն մարդը, որը հանցավոր գործունեություն է ունեցել իր երկրում: Բնականաբար, միջազգային հանրությունը չի ցանկանալու նման գործընկերներ ունենալ, իսկ հակառակ դեպքում` կարող են անհանգստություններ լինել: Չապացուցելու դեպքում` կարող են ասել, որ այդ խնդրում պետք էր շատ ավելի ուշադիր լինել` կա՛մ ավելի վաղ զբաղվել այդ հարցով, կա՛մ նրա պաշտոնավարելուց հետո: Այդտեղ մի շարք հարցեր կարող են առաջանալ: Բայց եկեք զուտ գործընթացը պատկերացնենք` որեւէ հավատարմագրված դեսպան ՀՀ-ում, եթե իր պետությունում հանցագործություն է կատարել, մենք ինչպե՞ս կվերաբերվենք, եթե այդ երկիրը սկսի գործընթանց` տվյալ դեսպանին հետ կանչելու, պատասխպանատվության ենթարկելու առումով, կարծում եմ` մենք կողջունեինք:

«ԿԱՐՈՂ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ ԵՐԿՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ»

– Ի դեպ, դեսպանի մասին. Դանիայիում եւ Նորվեգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանը բավականին լուրջ դերակատարություն է ունեցել մարտի 1-ին: Չե՞ք կարծում, որ հանուն արդարության նրան էլ էր առնվազն պետք հարցաքննել, իսկ հակասահմանադրական քայլերի մեջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելուց առաջ` անդրադառնալ նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

– Քննությունը պետք է լինի օբյեկտիվ եւ բազմակողմանի: Մարտի 1-ի հետ առնչվող որեւէ անձ չպետք է դուրս մնա քննության տեսադաշտից` անկախ քաղաքական պատկանելությունից եւ գրաված դիրքերից: Սա է պահանջում արդարությունը, երբեք ընտրովի արդարադատություն չպետք է անցկացնել, այ այս դեպքում շատ վտանգավոր կլինի եւ կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ երկրի միջազգային հեղինակության վրա:

– Ինչո՞վ էր պայմանավորված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լռությունը ՀՀ երկրորդ նախագահի կալանավորման վերաբերյալ: Հանրության շրջանում կա երկու տեսակետ` ԲՀԿ-ն ուրանո՞ւմ է Քոչարյանին, թե՞ փորձում է ինքը պաշտպանվել:

– Տեսեք` հայտարարված է գործընթացի սկիզբ իշխող քաղաքական ուժի կողմից, որ սկսվում է մարտի 1-ի դատաքննություն: Հիմա որեւէ քաղաքական ուժ կա՞, որ ցանկանում է այն չբացահայտվի: Եթե կա քաղաքական ուժ, որ չի ցանկանում մարտի 1-ը բացահայտվի, ուրեմն` կարծում եմ` այդ քաղաքական ուժը գոյություն ունենալու իրավունք չունի, մեր քաղաքական դաշտում նա տեղ չունի: Ի վերջո, կատարվել է հանցագործություն, ՀՀ-ում 10 մարդ սպանվել է, եւ պետք է դրա պատասխանը տրվի, պետք է հանրությունը բավարարված լինի, որ այլեւս նման հանցագործություն չի կարող տեղի ունենալ մեր երկրում: Բոլորիս էլ հասկանալի է, որ նախկին կամ ներկա նախագահի հետ կապված որեւէ գործընթաց, որն իրավական է, ունի նաեւ քաղաքական ենթատեքստ, բայց դա կարող է ի հայտ գալ, եթե բավարար արդարություն չապահովի դատաքննության ընթացքում: Եթե արդարադատություն իրականացվի ամենաթափանցիկ եւ հրապարակային ձեւով, եւ մենք բոլորս համոզվենք արդարության մեջ, որեւէ խնդիր չկա, եւ գնահատական տալ արդար դատաքննության նկատմամբ` որեւէ մեկս չի կարող: Եվ քաղաքական գնահատական հնչեցնել իրավական երեւույթների հետ կապված` առնվազն տեղին չէ:

Սերգեյ Լավրովն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«ՈՂՋԱՄԻՏ ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ»

– Այս պահին մտահոգություն չունե՞ք, որ կարող է հակասահմանադրական քայլեր կատարվեն` հենց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

– Մտահոգություն կարող է լինել այն ժամանակ, երբ դու անվստահություն ունես գործող իշխանության նկատմամբ, որ նա չի կարող ապահովել արդար դատաքննություն... Բայց մենք` որպես կառավարության մաս կազմող ուժ, այդ մտավախությունը չունենք, որ իշխանությունը չի մասնակցելու, այդ դատաքննությանը չի ճնշելու, չի ուղղորդելու:

– Բայց մենք գործ ունենք այն դատական համակարգի հետ, որը եղել է նախկինում, որը քննադատվել է անարդարության մեջ, ուղղորդումների մեջ եւ այսօր էլ չի փոխվել...

– Շատ ճիշտ նկատեցիք, ողջամիտ կասկածներ կան իրավական համակարգի նկատմամբ, որը առնվազն հիմնական մասով նախկին իշխանության կողմից նշանակված կադրեր են: Հետեւաբար, կասկածներ կան, բայց նախատրամադրվածություն` ոչ: Հիմա ամենակարեւորը` պետք է հետեւենք ընթացքին, որպեսզի մեր կասկածները փարատվեն: Եվ եթե կասկածները հաստատվեն, որ արդար չի դատաքննությունը, ուղղորդված է կամ կանխորոշված,  վստահ եղեք, որ մենք անպայման կարձագանքենք: Այս պահին չունենք մի փաստ եւ դեռ չենք տեսել բավարար ապացույցներ, որպեսզի ողջամիտ մոտեցում արտահայտենք: Եթե մենք կտեսնենք, որ փաստերը, որոնք ներկայացվեցին որեւէ անձի մասին, այս գործով բավարար չեն, բոլորս ենք հասկանալու: Այս պահին գուցեեւ հիմնավորված է, որ որոշակի գաղտնիություն կա քննչական գործողություններում, բայց վաղն այն չպետք է լինի, բացեիբաց ներկայացվելու է հանրությանը: Այդ ժամանակ նոր կարող ենք գնահատական տալ` արդար քննությո՞ւն է անցկացվել, թե՞ կողմնակալ, եւ արժե՞ դրան քաղաքական գնահատական տալ: Միգուցե, այդպես էլ այս գործը մնա իրավական տիրույթում, եւ մենք բոլորս համոզվենք, որ ամեն ինչ ճիշտ է, բացահայտվեցին հանցագործությունները, այդ ժամանակ պետք է ընդամենը ողջունենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА