ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ՐՆ Է ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՄԵՂՔԸ, ԿԱՄ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

01.08.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Ո՞ՐՆ Է ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ ՄԵՂՔԸ, ԿԱՄ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդումը ամեն ինչ խառնել են իրար` ինչպես երկրի ներսում, այնպես էլ` արտաքին հարաբերություններում: Ընդ որում, հայ-ռուսական հարթությունում լարվածությունը ստեղծվեց, բառիս բուն իմաստով, դատարկ տեղում: Բնականաբար,  մոսկովյան վերնախավում ցանկացածի աչքերը պետք է լայն բացվեին` միջազգային պրակտիկայում անձեռնմխելիության կարգավիճակի կոպտագույն խախտման նախադեպից, ինչպես նաեւ այն հանգամանքից, որ ռազմավարական գործընկերը` սեփական շահին վնասով, ակնհայտ եւ անտրամաբանական քայլեր է անում:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

 

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Եվ փույթ չէ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում ՀՀ շահի դեմ հենց ՀՀ քայլերը տեղի են ունենում այն պարագայում, որ պետությունը պաշտոնապես ներկայացնում է թավշակրոն վարչախումբն իր ֆյուրերով, ում չի կարող լուրջ ընդունել ՀՀ քաղաքացիների զգալի եւ սրընթացորեն ընդարձակվող շերտը: Կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանին ավելի ձեռնտու էր, որպեսզի Քոչարյանն ու Խաչատուրովը չներկայանային: Առավելապես թավշակրոն դեզերտիրներով համալրված իշխանության տրամաբանության մեջ չի տեղավորվում, որ կարելի է ոչ թե փախչել, այլ վարվել տղամարդավարի: Ու թերեւս ներկայանալով` ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Խաչատուրովը վարչախմբին կրակն են գցել: Ընդ որում, Քոչարյանը տեր է իր հայտարարությանը, որ նստելու է բանտ եւ այնտեղից պայքարելու է մինչեւ վերջ, եւ նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի վկայությամբ` մարզվում է բանտախցում, իսկ Խաչատուրովն էլ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վկայությամբ, ՀԱՊԿ-ի կառույցներին չի դիմել` իր քրգործի առնչությամբ աջակցություն ստանալու խնդրանքով: Այսինքն` ի տարբերություն գործող վարչախմբի բազում դեմքերի, որ ամեն մի առիթով վազում էին Ստրասբուրգ, Բրյուսել կամ Վաշինգնտոն` բողոքելու իշխանությունից, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պաշտոնական Երեւանի վրա «տղա չբերեց»: Բայց Խաչատուրովի պարագայում կա եւս մի հետաքրքիր հանգամանք: Եթե ինչ-որ կերպ ականջներից ձգելով Ռոբերտ Քոչարյանին եւ քաղաքական որոշում կայացնող այլ դեմքերին անվանում են սահմանադրական կարգը տապալող, ապա Յուրի Խաչատուրովն այդ ժամանակ սոսկ Երեւանի կայազորի պետն էր: Այսինքն` ոչ թե քաղաքական դեմք, այլ` հրաման կատարող գեներալ: Ընդ որում, ինչպես փաստված է բազում պաշտոնական նյութերով, այդ թվում եւ փորձաքննություններով, բանակն ընդհանրապես չի բախվել ցուցարարների հետ եւ իրագործել է սոսկ կարեւոր օբյեկտների պահպանության եւ արտակարգ դրության ռեժիմից բխող այլ պարտականությունների կատարմամբ: Այսինքն` եթե Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք ներկայացնելը ահավոր աբսուրդ է, ապա Խաչատուրովի պարագայում դա արդեն աբսուրդի քառակուսի է:

ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ

Ի դեպ, ավելի ցածր մակարդակի վրա էլ աբսուրդներ կան: Ընթերցողը հավանաբար հիշում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ճղճիմ գլուխգովանությունը, թե ինչպես է իրեն հաջողվել պաշտոնանկ անել Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանին: Դե հիմա էլ քննիչներն առաջադրանք են ստացել այդ հիվանդանոցում ամեն գնով գտնել առնվազն կես միլիարդ դրամի չարաշահումներ: Իսկ թե այդ գտածի իրական արժեքն ինչ է` երեւում է Ռոբերտ Քոչարյանին ներկայացրած մեղադրանքից: Որից ստացվում է, որ ՀՀ գործող նախագահը ինքն իրեն է տապալել, մինչդեռ նա իրականում ոչ թե տապալել էր սահմանադրական կարգը, այլ վերականգնել` ձեռնարկելով միջոցներ` ավտոմեքենաներ վառող եւ խանութներ թալանող խաժամուժին կարգի հրավիրելու ուղղությամբ: Վիկտոր Սողոմոնյանը Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին ասում է. «Չէի ուզենա այդ ձեւակերպմանն անդրադառնալ, որովհետեւ այդ ձեւակերպումը չափից դուրս շահարկվել ու չարչրկվել է: Ես այդ բառը չէի ուզենա գործածել: Բայց շատ վտանգավոր երկու երեւույթի հետ գործ ունենք, որոնք ակնհայտ կապված են քաղաքականության հետ, եւ դրանց ցուցիչները կան: Նախ` այս գործընթացի հապճեպությունը»: Բայց ակնհայտից էլ ակնհայտ է, որ ե՛ւ Քոչարյանը, ե՛ւ Խաչատուրովը քաղբանտարկյալ են: Իսկ հիմա, թե ինչպես են այդ ամոթալի իրողությանն արձագանքում քաղաքական ուժերը: ՀՀԿ-ն իր բարձրության վրա գտնվեց` շատ հստակ գնահատականներ տալով եւ կոնկրետ քայլեր նախաձեռնելով, ՀՅԴ-ն բավականին կտրուկ արտահայտեց իր մտահոգությունը, մի շարք գործիչներ` զորօրինակ, Վազգեն Մանուկյանն ու Ազատ Արշակյանը, վերհիշեցին, որ ամեն ինչ սկսվել է Լեւոն Տեր-Պետրոսյանից, ու տրամաբանական կլիներ նրան պատասխանատվության ենթարկելուց սկսել, իսկ ԲՀԿ-ն...

«МЕСТО ВСТРЕЧИ ИЗМЕНИТЬ НЕЛЬЗЯ» - 2. ՆԻԿՈԼԻ՞, ԹԵ՞ ԼԵՎՈՆԻ ՎԵՆԴԵՏԱՆ

ԲՀԿ-ի կեցվածքը ոչ միայն կրավորական է, այլ մի բան էլ ավելին: Այն բանից հետո, որ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ Քոչարյանի կալանավորման հարցում քաղաքական հետապնդման տարրեր է տեսնում, հայտնի դարձավ, որ նա մանդատը վայր դնելու դիմում է գրել: Ճիշտ է, Վահե Էնֆիաջյանը հայտարարել է, որ դիմումի դրդապատճառներն առողջական են, բայց երանի հավատացողներին: Տրամաբանական է ենթադրել, որ առկա է պարտադրանք, ինչը Գագիկ Կոլյաեւիչի գլխավորած թիմում, մեղմ ասած, նորություն չէ: Ստացվեց Պետրոսի (առաքյալի, այլ ոչ թե Ղազարյան), պատմությունը` մինչեւ աքլորականչը Քոչարյանին երիցս ուրանալը: Իսկ թե ինչու եւ ինչպես` այդ մասին հաջորդ դասին: Բայց մի բան ակնհայտ է` որ կալանավորման փաստով Ռոբերտ Քոչարյանին արդեն, անկախ իր կամքից ու ցանկությունից, վերադարձրել են ակտիվ քաղաքականության դաշտ: Եվ թավշակրոն վարչախումբը ուզած, թե չուզած պետք է մտածի` իսկ ի՞նչ է անելու այդ փաստի հետ, երբ ՀՀ երկրորդ նախագահը դուրս կգա բանտից: Թե՞ Քոչարյանի հանդեպ ունեցած ահը մի օր կդրդի թավշակրոններին կրկնելու այն, ինչ 1921-ի սկզբին արել էին Ավիս Նուրիջանյանն ու Գեւորգ Աթարբեկյանը Սարդարապատի հերոսների ու Առաջին հանրապետության մտավորականության հետ...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА