ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Չի՛ կարելի վայրենավարի հարձակվել կաթողիկոսի վրա» . Կլիմենտ Հարությունյան

30.07.2018 23:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Չի՛ կարելի վայրենավարի հարձակվել կաթողիկոսի վրա» . Կլիմենտ Հարությունյան

Հակաեկեղեցական շարժման անդամները շարունակում են հայտարարություններ անել, սպառնալիքներ հնչեցնել Մայր Աթոռի հասցեին, իսկ պետական օղակները մնում են լուռ դիտորդի դերում: Ավելին` մեկը մյուսին նախորդելով ու հաջորդելով, տեղի ունեցավ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի մեքենայի շրջափակում, հարձակում նրա վրա, նույն նախաձեռնության անդամների կողմից օրեր շարունակ դիվանատուն/վեհարանի զավթում եւ այլ սադրանքներ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում, սակայն դրանք մնացին լուսանցքում, եւ որեւէ մեկը չպատժվեց դրա համար: Ինչ խոսք, Սուլթան Համիդի կամ Ի. Ստալինի օրոք եւս եղել են նման դեպքեր, բայց մեր օրերում ստեղծված նման իրավիճակի մասին «Իրավունքը» պարզեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի գլխավոր մասնագետ, պ.գ.դ., պրոֆեսոր ԿԼԻՄԵՆՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ տեսակետը:

«Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորում են Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Արման Բաբաջանյանը

– Նախ ասեմ, որ կողմնակից էի Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուն, քաղաքական այս փոփոխություններին մենք վաղուց սպասում էինք: Բայց այդ փոփոխությունները պետք է ընթանան բացառապես օրինական ճանապարհով եւ ընդգրկեն ոչ միայն ամբողջ կառավարման համակարգը, այլ նաեւ գիտության, կրթության, առողջապահության ոլորտները: Միեւնույն ժամանակ, պետք է ընդօրինակել այն լավագույնը, ինչ ունեցել ենք մեր կենսագրության մեջ եւ օգտագործենք: Ինչ վերաբերում է եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին, շատ դեմ եմ այդ կարգով հարցեր լուծելուն, մեր Վեհափառի դեմ դուրս գալուն: Չգիտեմ, թե ինչ հարցեր են առաջ քաշվում, բայց ամեն ինչ պետք է լինի կարգով: Մեր երկուհազարամյա պատմության ընթացքում առնվազն 1700 տարին եկեղեցին մեր սրբությունն է համարվել, եւ պետք է զգույշ մոտենալ այս հարցին: Այո, մենք վերջերս հեղափոխության հարցում հասանք հաջողության, բայց սա չի նշանակում, որ այն պետք է տարածել նաեւ եկեղեցու վրա: Եթե որեւէ խնդիր կա, թող հստակ ասեն` ինչն է պատճառը, եւ գնան ինքնամաքրման ճանապարհով: Ընդհանրապես, պատմությունից հայտնի է, որ պապերը ինդուլգենցիայի էին գնում, փող էին տալիս եւ իրենց մեղքերը քավում, բայց այդպես չի կարելի, պետք է ամեն ինչ օրենքով լինի` ինչպես ասում է վարչապետը:

Պարոն Հարությունյան, օրեր առաջ ականատես եղանք, թե ինչպես հակակաթողիկոսական շարժման կողմից հարձակում տեղի ունեցավ կաթողիկոսի դեմ: Չե՞ք կարծում, որ սա ոչ միայն օրենքի շրջանակից է դուրս, այլ նաեւ` առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրի տրամաբանությունից:

 – Սա շատ սխալ բան է: Ասեմ, որ ճանաչում եմ կաթողիկոսին էլ, իր եղբորն էլ` Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին: Ասեմ, որ Եզրաս սրբազանը Մոսկվայում հիանալի հոգեւոր կենտրոն է ստեղծել, միայն տեսնեք, թե ինչպես են հայերը գնում այնտեղ, թե ինչպիսի գրականություն ունեն: Չպետք է խանգարել այս ամենին: Չեմ ասում, թե ամեն ինչ իդեալական է, եկեղեցում էլ կարող է սխալներ եղել են, բայց հարցերը պետք է օրինական ճանապարհով բարձրացնել, ոչ թե հարձակվել Վեհափառ Հայրապետի վրա: Ի՞նչ էին ուզում անել` ծեծե՞լ, բռնություն կիրառե՞լ, որպեսզի այդ ձեւով ստիպեն հրաժարակա՞ն տա: Վերջիվերջո, երբ մենք պետականություն էլ չենք ունեցել, եկեղեցու շնորհիվ է պահպանվել մեր ժողովրդի լեզուն, առհասարակ` մեր ժողովուրդը, մի՞թե կարելի է եկեղեցու հանդեպ այդպիսի սրբապղծություն անել: Կրկնում եմ` անկախ նրանից, թե ով ինչ մեծ պաշտոն է զբաղեցնում, եթե գողացել է, պետք է պատասխան տա, շատ կողմ եմ, բայց սա չի նշանակում, որ ում պատահի, պետք է տանել գնդակահարել: Մեր ակադեմիան էլ, որն ամենաաղքատ վիճակում է գտնվում, վարչապետ Կարեն Կարապետյանը միայն պատմության ինստիտուտից 14 միլիոն վերցրեց, տարավ, թե ինչ արեցին, ով կերավ, մեզ այդպես էլ պատասխան չտվեցին: Պետք է այս հարցերը լուծվեն, ոչ թե կաթողիկոսի վրա հարձակվեն:

«Սասնա ծռերը» հրապարակել է ցուցակի առաջին 33 համարները

Այս ամենը Ձեզ չի՞ հիշեցնում պատմության որոշ էջեր, երբ ստալինյան բռնապետության տարիներին հոգեւորականներ էին գնդակահարում, եկեղեցիներին քարկոծում...

– Լավն էլ պետք է հիշենք, նույն Ստալինից հետո` Խորհրդային Հայաստանում մեր երկիրը ծաղկում ապրեց: Այս դեպքում ես կհիշեցնեի այն, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ երկրում ավազակապետություն է: Իհարկե, Ձեր նշած տարիներին կաթողիկոսի դեմ ոտնձգություններ եղել են: Խորեն Ա կաթողիկոս Մուրադբեկյանի դեմ ժամանակին որոգայթներ լարեցին, հետո անհայտ հանգամանքներում զոհվեց: Մինչեւ հիմա չեն պարզել, բայց ասում են, որ վերացրին: Հետեւաբար, մեր օրերում չի՛ կարելի այսպես վայրենավարի հարձակվել կաթողիկոսի վրա ու հարցեր պարզել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հիշեցնենք, որ մի շարք հայաստանյան եւ սփյուռքյան քաղաքական գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ եւ շարքային քաղաքացներ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ իր հոգեւոր առաջնորդի՝ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Այն բաց է միանալու համար, կարող եք մտնել «Իրավունքի» ֆեյսբուքյան էջ , թողնել ձեր անուն- ազգանունը, աշխատանքի վայրը, կամ զբաղմունքը, հեռախոսահամար, որով կարող ենք կապնվել եւ այլ տվյալներ եւ միանալ ստորագրահավաքին: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА