ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.07.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Աչքներս լույս` ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ, ում գրեթե մոռացել էինք, ավետեց, որ ոչ պակաս մոռացված ՕԵԿ-ը մտադիր է մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին: Պատկերացնո՞ւմ եք` քաղաքապետի աթոռին փորձելու է հավակնել այն ուժը, որին, եթե հիշող էլ կա, ապա` բաժանված մուրաբաների եւ ջեմերի շնորհիվ: Բայց, այնուամենայնիվ, տիկին Բիշարյանը նաեւ որոշակի պոզիտիվ բան ասաց. «Այս պահին քննարկումներ են գնում, դեռեւս որոշված չէ` ով կգլխավորի ցուցակը: Ամեն ինչ պարզ կլինի առաջիկայում, դեռ ժամանակ կա»,- ասաց Բիշարյանը` հստակեցնելով, որ իր եւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի անունները ցուցակում չեն լինելու: Դե ինչ, գոնե Արթուր Բաղդասարյանի եւ Հեղինե Բիշարյանի հետ երեւանցիները չեն առնչվի...

ԶԱՐՄԱՆՔ

Գրանտակերությունը վատ բան է, եւ դրա դեմ պայքարը` անհրաժեշտություն: Բայց ընթերցողը խիստ կզարմանա` իմանալով, թե ով է որոշել պայքարել ընդդեմ դրամաշնորհային լրագրության: Ոչ ավել-ոչ պակաս, դա իր բազում հակազգային հրապարակումներով հայտնի, հայի գենը հայհոյող ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆՆ է. «Դրամաշնորհային լրատվությունը իր քաղաքականությունն իրացնում է դրսային պատվերներով: Այն անհրաժեշտ է միայն տոտալիտար կամ ավտորիտար կառավարման համակարգերում, սակայն դրանցից ազատված պետություններն իրավունք չունեն չմտածել լրատվությունն այդ «ասեղից» ազատվելու մասին: Այսօր Հայաստանում այդպիսի լրատվամիջոցները շատ են: Նրանք գործում են հին համակարգին որեւէ կերպ հակազդելու իներցիայի դաշտում»: Դե ինչ, եթե նախկինում թունդ հակառուսական գործիչները այնքան թունդ ռուսամետ են դարձել, որ լրիվ համապատասխանում են մեկ տարի առաջ իրենց կողմից օգտագործվող «ռուսուլման» պիտակին, ապա այդ «հեղափոխական» հովերից ինչո՞ւ պետք է հետ մնար ժամանակին գրանտներով սնվողներին լավ էլ վերաբերվող սույն սկանդալային լրագրողը:

Իսկ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի առնչությամբ, հույժ ոգեւորվել են ՀԱԿ-ում: Մասնավորապես, ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ում գոյության մասին առաջին անգամ իմացանք երեկ, ոչ ավել-ոչ պակաս ափսոսանք հայտնեց, որ ՀՔԾ-ն Քոչարյանին ընդամենը հարցաքննել էր եւ մեղադրանք առաջադրել, այլ ոչ թե տեղում ձերբակալել: Դե, ինչքան ավելի մանրապճեղ է որեւէ լեւոնական, այնքան ավելի ամպագոռգոռ պետք է լինի նրա խոսքը, ու չպետք է զարմանանք, որ նորից լսեցինք անցյալ տարվանից մոռացված բառապաշարը. «10 տարի Հայաստանում իշխանությունը ապօրինի կերպով յուրացված է եղել, ընդ որում` ՀՀ քաղաքացիների սպանության գնով. սա աննախադեպ ծանր հանցագործություն է»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՊԵԿ նախագահ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԸ, վերջերս անուններ էր տվել` գազալցակայանների մասին խոսելով, իսկ հետո ասել էր, որ սխալ է վարվել` անուններ տալով: Բայց զարմանալիորեն, երեւի թե, անուններ տալը բնավորություն է դարձրել` հիմա էլ նա չի բացառում նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ներգրավումը Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական գործընթացներում տեղ գտած չարաշահումների առիթով հարուցված քրգործի շրջանակներում: «Գագիկ Խաչատրյանը կարո՞ղ է այս գործում մասնակցություն ունենալ» հարցին ի պատասխան` Դավիթ Անանյանը երեկ նշել է. «Կարող է ունենալ, բայց հիմա ես չպետք է ասեմ, քննությունը պետք է պարզի»: Դե ինչ, ամենեւին էլ չենք զարմանա, եթե հանկարծ որոշ ժամանակ անց նա հայտարարի, որ սխալ է վարվել` Գագիկ Խաչատրյանի անունը տալով:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА