ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԴՅՈՔ ԱՅԴՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ՞ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ. Հայոց Աշխարհ

21.07.2018 14:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԴՅՈՔ ԱՅԴՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ՞ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ. Հայոց Աշխարհ

Վարչապետի երեկվա ասուլիսում հետաքրքրեցին արտաքին քաղաքականությանը, Արցախի խնդրին առնչվող հայտարարությունները: 
   Նիկոլ Փաշինյանի խոսքից կարելի է ենթադրել, որ առաջիկայում էլ Եվրամիությունը հավանաբար չի շտապի Հայաստանին այս կամ այն հարցում կոնկրետ ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Համենայն դեպս վարչապետը պատմեց, որ բրյուսելյան վերջին այցի ժամանակ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ շփման ընթացքում ասել է, որ թավշահեղափոխական կառավարությունն այս կարճ ժամանակահատվածում ու, առանց հավելյալ ծախսերի, բազմապատիկ ավելին է արել կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, քան նախորդ իշխանությունը եվրոպական կառույցների տրամադրած միջոցներով՝ նախքան այս: Նույնը՝ դատարանների անկախության ապահովման ուղղությամբ: 
   Չէ, լավ է, իհարկե, որ «գլխարկն օդ թռցնելու»՝ գլուխ գովելու բան կա: Բայց Եվրամիության պաշտոնյաներն էլ հանգիստ կարող են ասել, օրինակ, դե, եթե դա այդքան հրաշալի եք անում, ապա շարունակեք նույն ոգով։ Եվ շնորհակալություն՝ ԵՄ միջոցները խնայելու ձեր հոգատարության համար, հիացած ենք ձեր ձեռքբերումներով: 
   Դժվար է ասել, դա, հնարավոր է, նոր ոճ, մոտեցում ու խոսք է միջազգային հարաբերություններում, բայց հազիվ թե նման հայտարարություններով կարելի է աջակցություն ստանալ մեկից, ումից ոչ միայն ակնկալում ես այդ աջակցությունը, այլեւ մի տեսակ մուննաթ ես գալիս, որ ավելի գործնական ու ակտիվ չեն աջակցում: 
   Պարզվեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է բանակցել Ալիեւի հետ: «Բանակցության նյութ կա, ու այդ նյութերին մենք պետք է ամբողջապես ծանոթանանք, վերլուծենք ու բանակցենք»,- հայտարարեց նա, ասուլիսի ընթացքում նաեւ բացառելով Արցախի խնդրի կարգավորման այնպիսի տարբերակ, որը մեր ժողովրդի համար ընդունելի չլինի:
   Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա պատրանքներ չկան՝ ռազմաքաղաքական կացությունը լարված է, որը ակնհայտ է: Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, որ մենք ազգովի ու մշտապես պետք է պատրաստ լինենք պատերազմի: Դե, ընդհանուր առմամբ, դրա մեջ էլ մի մեծ նորություն չկա: Բայց դա երեւի ավելի շուտ ու ավելի շատ պետք է բացատրել թավշահեղափոխական կառավարության ակտիվ համակիրների շարքերում հայտնված գրանտային եւ «գաղափարական» պացիֆիստներին: 
   Ի դեպ, նախկինների մասին: Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ կառավարական առանձնատան՝ հյուրերի համար նախատեսված սրահում է ընդունել նախկին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լ.Տեր-Պետրոսյանին: Ըստ Փաշինյանի պատմածի, Տեր-Պետրոսյանը փորձել է իրեն տեղեկություններ հայտնել Արցախի խնդրի հետ կապված. «Բայց ասեմ, որ ինքը չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ հայտնի չէին»։
   Ամենից ուշագրավը, սակայն, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էին Ռուսաստանի հետ կապված.
   «Բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ դարավոր բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի՝ տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Բոլորի պես ես էլ համոզված եմ՝ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը: Ու չեմ կարող հավատալ, որ նա չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»:
   Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում սա երկու անգամ շեշտեց՝ հատուկ ընդգծելով Ռուսաստանի՝ ռազմավարական գործընկեր ու դարավոր բարեկամ լինելը: Եվ այն, թե ինքն ուղղակի չի կարող հավատալ, որ Ռուսաստանը կարող է թույլ տալ, որ մեր տարածաշրջանում պատերազմ սկսվի: Չէ, հետաքրքիր, գուցե ինքնատիպ քայլ է, բայց արդյոք այդքան անխոցելի է՝ ցուցադրաբար ու այդպես անվերապահորեն Ռուսաստանին (նրա կողմից պատերազմ թույլ չտալուն) հավատալը: Իսկ եթե Ռուսաստանում չհավատա՞ն, որ նա հավատում է: 
   Հասկանալի է, Նիկոլ Փաշինյանի այս «մեսիջն» ուղղակիորեն Ռուսաստանի ղեկավարությանն է ուղղված: Բայց հանկարծ այնպես չստացվի, որ Կրեմլում դա այլ կերպ ընկալեն: Ի վերջո, ի՞նչ է նշանակում՝ հավատալ այն բանին, որ Ռուսաստանը կօգտագործի Ադրբեջանին սադրանքից հետ պահելու իր լծակները: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանը ոչ պակաս լծակներ ունի Հայաստանին ինչ-որ քայլերից հետ պահելու համար: Կամ արդյոք այդ հետ պահելը 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակվա պե՞ս է լինելու: 
   Թե՞ սա ապահովագրվելու ինչ-որ նոր տարբերակ է, այն իմաստով, որ վաղը, մյուս օրը հանկարծ մի բան պատահի, ասեն՝ Ռուսաստանը Ադրբեջանին հետ չպահեց: Լավ, իսկ եթե Ալիեւը, որի արկածախնդիր գործելակերպն անհայտ չէ, վաղը ինչ-որ սադրանքի դիմի, հենց հատուկ այն հաշվարկով, որ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ է արել, հանրագումարում հայ-ռուսական հարաբերություններում նոր ու ավելորդ խնդիրներ չե՞ն ծագի:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Երուսաղեմի հայոց պատրիարքի հետ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА