ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դուք ճիշտ եք, ես սխալվեցի». Նիկոլ Փաշինյան

20.07.2018 15:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Դուք ճիշտ եք, ես սխալվեցի». Նիկոլ Փաշինյան

Կայացավ ՀՀ վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ասուլիսը, որն ի պաշտոնե առաջին անգամ էր նման ձեւաչափով: Այն տեւեց շուրջ 2 ժամ 17 րոպե, իսկ հնչեցին, ըստ էության, հիմնականում այնպիսի հարցեր, որոնք ձեռնտու էին կառավարության ղեկավարին, իսկ պատասխաններն էլ հավանաբար գրպանում դրված: Ուշագրավ էր այն, որ մինչ ասուլիսի մեկնարկը` ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար ԱՐՄԱՆ ԵՂՈՅԱՆԸ հերթով մոտեցավ  ներկա լրագրողներին եւ գրանցեց իր մոտ: Թե արդյոք հարց տալու համար է գրանցում, Ա. Եղոյանը պատասխանեց, որ ոչ թե հարց տալու, այլ դեմքով ճանաչելու համար: Ինչեւէ, եթե հարց տալու համար չէր գրանցումը, ապա բավական զարմանալի էր, որովհետեւ արդեն իսկ մուտք գործելուց կառավարություն լրագրողը գրանցվում է: Թե ինչ ցուցակ էր կազմում Ա. Եղոյանը, պարզ դարձավ ասուլիսի ընթացքում: Նախ վարչապետին հարց տալու իրավունք ստացան իշխանական եւ իշխանամերձ լրատվամիջոցների ներկայացուցիչները, ապա մի քանի լրատվամիջոցներ, որոնց հարցադրումները կանխատեսելի էին Ն. Փաշինյանի համար: Այնուհետեւ հարց տվեցին մի քանի մարզային ԶԼՄ:

«Զուգադիպությունների» քանակը հուշում են վտանգավոր զարգացումների մասին

Հատկանշական էր այն, որ գոնե բալանսը պահպանելու համար, Ա. Եղոյանի մտքով չանցավ, որ «Ամերիկայի ձայնին» եւ արեւմտյան ֆինանսավորում ունեցող ԶԼՄ-ներին հարց տալու հնարավորություն տալուց հետո` հնարավորություն ընձեռեր նաեւ թերեւս ներկա միակ միջազգային հեռուստաընկերությանը` «Միր»-ին: Հուսանք` ընդդիմադիր ժամանակներից ԵԱՏՄ-ին դեմ հանդես եկող եւ Բրյուսելում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նկարված վարչապետի մոտ ռուսաֆոբիա չի սկսվել, եւ նման տարբերակումը խոսնակի նախընտրությունն էր: Դե իսկ արմատական ընդդիմադիր լրատվամիջոցներից շատերին, առհասարակ հարց տալու հնարավորություն չտրվեց: Մինչդեռ որոշ լրատվամիջոցներ անգամ մեկի փոխարեն, երկու եւ երեք հարց հղեցին` արտահերթ: Ահա այն ամենն ինչ պետք է իմանալ «նոր Հայաստանի» նոր իրավիճակի մասին` «ոչ մի բան չի փոխվել, ինչպես առաջ ձայն չէին տալիս, հիմա էլ ձայն չեն տալիս»: Ի դեպ, մեջբերումը հնչեց հենց ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից: Նա կարծես թե, վերջում գլխի ընկավ, որ հարցերը հնչեցին ոչ թե ռոտացիոն կարգով, կամ ինչ-որ այլ հերթականությամբ, այլ իր խոսնակի քմահաճույքով: Եվ վերջում անկեղծացավ. «Ճիշտն ասած, առաջին ասուլիսն էր, մտածում էի` լավ, մի ժամում կտեղավորվենք: Դուք ճիշտ էիք, ես սխալվեցի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА