ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամ Մանուկյանի արձանը կդառնա թափառաշրջի՞կ

20.07.2018 14:35 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արամ Մանուկյանի արձանը կդառնա թափառաշրջի՞կ

Օրերս մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բացվեց ՀՀ առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը: Բացումից հետո Մշակույթի նախարարության կողմից հայտարարվեց, որ արձանը պետք է տեղափոխվի մեկ այլ վայր, քանի որ նշված վայրում այն տեղադրվել է առանց նախարարության հետ համաձայնության:

Արամ Դանիելյանի համագյուղացիները սղոցները ձեռքներին սպասում են մարզպետին. ֆոտո

Ի դեպ, նշենք, որ արձանի պաշտոնական բացմանը ներկա չի եղել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՂՔԸ ԳՑԵՑ ՆԱԽՈՐԴ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Սակայն, երեկ լրագրողների հետ ունցած հանդիպմանը, անդրադառնալով այդ հայտարարությունը, Լ. Մակունցն իր այդ որոշման հիմքի մեղքը գցել է նախորդ կառավարության վրա. «Նախորդ կառավարությունից ունենք շատ մեծ ժառանգություն` իսկապես մեծ փաստի առաջ ենք կանգնել մի իրողության հետ, որտեղ արձանի տեղադրումը տեղի է ունեցել նախարարության կարծիքի բացակայության պարագայում: Միգուցե պատճառն այն է, որ նախատեսված է եղել տեղադրել այն պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, եւ իրենք նախապես իմացել են, որ Մշակութի նախարարությունը չի տա դրական վիզա, գուցե դրա համար չեն ներկայացել: Չնայած, կան լուրեր, որ բանավոր պայմանավորվածություն, այնուամենայնիվ, եղել է: Ինչեւէ, փաստացի արձանը տեղադրված է, իսկ Մշակույթի նախարարության հետագա քայլերը հետեւյալն է` այլընտրանքային առաջարկներ ենք առաջարկելու քաղաքապետարանին, թե որտեղ կարող է տեղակայված լինել արձանը, եւ հնարավոր տեղափոխության հարցերը քննարկենք: Խնդիրն այն չէ, որ իներցիայով հակադրվում ենք նախորդ կառավարության որոշումներին, այլ այն, որ կան որոշակի որոշումների կայացման գործընթացներ, որոնք պետք է լինեն օրինական դաշտում»:

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՎԱՆԵԼ ԵՆ ԱՐՁԱՆԸ, ՀԵՏՈ ՈՐՈՇԵԼ` ՏԵՂԱՓՈԽԵԼ ԱՅՆ

Արամ Մանուկյանի արձանի հեղինակ, քանդակագործ ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով արձանի շուրջ եղած քննադատություններին եւ դրա տեղափոխմանը, փաստեց, որ մարդիկ արձանի նախնական էսքիզով արդեն կարծիք էին կազմել, սակայն այսօր պատրաստ վիճակում տեսնելով, փոխում են իրենց բացասական կարծիքը. «Արձանի վերաբերյալ բազմաթիվ լավ կարծիքներ կան մասնագետների շրջանում, քանդակագործների, ճարտարապետների, նկարիչների: Արձանի բացմանը ներկա են եղել Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, որոնք հավանել են, սակայն այսօր որոշել են արձանը տեղափոխել: Բոլորն իրավունք ունեն կարծիք ունենալ, սա կարծիքների բախում է, այս ամենը խոսում է արձանի կենդանի լինելու մասին: Հնարավոր չէ ստեղծել արվեստի որեւէ գործ, որը բոլորին դուր կգա, սա նորմալ է»,- ասաց քանդակագործը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մշակույթի նախարարն անձմաբ արձանի վերաբերյալ որեւէ կարծիք չի հայտնել եւ չի ասել, թե ինչու է ցանկանում այն տեղափոխել:

ՍԵՎԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ. ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՂՋՈՒՆԵԼԻ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՌՈՂՋ ՊԱՅՔԱՐԸ

Ինչ վերաբերում է արձանի տեղադրման ներկայիս վայրին, Դավիթ Մինասյանը կարծում է, որ այնտեղ ամենահարմար տեղն է, եթե այլ վայրում լիներ, ապա մրցույթին չէր մասնակցի եւ չէր նախագծի քանդակը. «Արձանի պատրաստման մրցույթին 10-ից ավելի քանդակագործներ են մասնակցել, մեծ մասը հենց այդ վայրում էին նախատեսել տեղադրումը: Սա կարծիք չէ՞, տեղի հետ կապված կարծիքները տարբեր են, այստեղ խնդիր չեմ տեսնում»:

Ըստ Դ. Մինասյանի, միշտ պատրաստ է զրուցելու բոլորի հետ, այդ թվում` մշակույթի նախարարի, սակայն  մինչեւ այսօր արձանի հետ կապված որեւէ պաշտոնատար եւ ոչ պաշտոնատար անձ անձամբ իր հետ չի խոսել, ամեն ինչի մասին տեղեկանում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով. «Արդեն հայտարարել եմ, որ «Ֆեյսբուքն» ինձ համար այն հարթակը չէ, որտեղ պետք է մարդկանց հետ մտնեմ երկխոսության մեջ, ես որեւէ խնդիր չունեմ»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА