ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՋԵՐՄՈՒԿԻ» ԱՐՍԵՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ ԷՐ «ՀԱՄԸ ՀԱՆԵ՞Լ»

17.07.2018 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ՋԵՐՄՈՒԿԻ» ԱՐՍԵՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ ԷՐ «ՀԱՄԸ ՀԱՆԵ՞Լ»

Նախօրեին ուշագրավ տեղեկատվությամբ հանդես եկավ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ուշագրավ նախ նրանով, որ ՀՔԾ-ն հայտարարում է անցած ԱԺ ընտրություններում զանգվածաբար ընտրակաշառք բաժանելու մասին, սակայն ընտրակաշառքի մասին բացահայտված գործեր դժվարանում ենք հիշել: Բայց դրանից էլ զատ, նաեւ այն հարցը կա, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս բացահայտվեց հատկապես այս կոնկրետ դեպքը, երբ 1996թ.-ից սկսած, այդ թվում՝ ԱԺ վերջին ընտրություններին ընտրակաշառքների պակաս, ընդ որում՝ տարբեր քաղաքական ուժերի կողմից, մեղմ ասած, չենք ունեցել:

Կարեն Փոլադյանը նշանակվեց Դատական դեպարտամենտի ղեկավար

 

ԲԱՑԱՌԻԿ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Այսպես, ըստ ՀՔԾ-ի, ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը. «Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների նախընտրական փուլում` 2017թ.-ի մարտ ամսին, Մ. Մովսիսյանը, հանդիսանալով ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածուի` Մալիշկա համայնքի նախընտրական շտաբի ղեկավար, թեկնածուի օգտին 1300 ձայն ապահովելու եւ այդ նպատակով ընտրակաշառքներ բաժանելու համար վերջինիցս առձեռն ստացել է ընդհանուր` 13.000.000 ՀՀ դրամ գումար, որը որպես ընտրակաշառք բաժանել է Մալիշկա համայնքի բնակիչներին` 10.000-ական ՀՀ դրամ մեկ ձայնի դիմաց: Մ. Մովսիսյանը, ապահովելով շուրջ 800 ձայն, ըստ նախնական պայմանավորվածության, ԱԺ պատգամավորի նույն թեկնածուին վերադարձրել է 500 ձայնի դիմաց հաշվարկված 5.000.000 ՀՀ դրամ գումարը»:

Այսինքն, Մալիշկայի գյուղապետը կաշառքը հասցեատիրոջը հասցնողն է, եւ իրական կաշառք տվողը հիշատակված թեկնածուն է: Բայց ո՞ւմ մասին է խոսքը, ինչո՞ւ է ՀՔԾ-ն շրջանցել այդ «առեղծվածային» թեկնածուի անունը: Իհարկե, կարելի է միանգամից էլ կռահել, թե ում մասին է խոսքը, սակայն մոտենանք այլ կողմից: Այսպես, անցած ընտրություններում Մալիշկայում գործել է երկու ընտրական տեղամաս՝ 36/22-ը եւ 36/23-ը: Այստեղ ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրված թեկնածուներից ո՞վ է 800-ի կարգի ձայն ստացել: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, հիմնական ձայն ստացողներից առաջինը «Ծառուկյան դաշինքը» ներկայացնող Դավիթ Հարությունյանն է՝ 773 (համապատասխանաբար՝ 457 եւ 316): Հաջորդը՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանն է (ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր)՝ 741 ձայն (համապատասխանաբար՝ 363 եւ 378): Ճիշտ է, ծառուկյանական թեկնածուի ձայներն ավելի մոտ են 800-ին, բայց ասել, թե Մալիշկայի ՀՀԿ-ական գյուղապետը կարող էր նրա նախընտրական շտաբի ղեկավարը լինել, միամտություն կլիներ: Այսինքն, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ ՀՔԾ-ն իր այս գործը հենց Արսենյանի ուղղությամբ է տանում: Բայց ինչպե՞ս ստացվեց, որ ընտրակաշառք բաժանելու մասին բազում խոսակցություններից հետո միայն Արսենյանի ուղղությամբ ակնարկող այս գործն է, որ հայտնվեց ՀՔԾ-ի օրակարգում: Իհարկե, կարող է եւ պատահականություն է, ինչ-որ մեկն ինչ-որ տեղ ինչ-որ բան է խոսել, եւ դա քր.գործի է վերածվել: Այս կամ նման այլ վարկածների հավանականությամբ հանդերձ, հետեւյալ տարբերակն էլ կարելի է աչքաթող չանել:

Սարհատ Պետրոսյանին նշանակվելու է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար

 

ՄԱԼԻՇԿԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՄՈՒԼՍԱՐ

Այս կապակցությամբ կարելի է անդրադառնալ վերջին շաբաթներին մեծ աղմուկ բարձրացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի պատմությանը: Բանը հասավ նրան, որ վարչապետ Փաշինյանը նախ՝ բողոքավորներին մեղադրեց սաբոտաժի մեջ, դրանից հետո եղավ տեղում, սակայն հանքի դեմ պայքարողները նրան այդպես էլ չլսեցին եւ չդադարեցրին պայքարը: Մինչդեռ այս բողոքի ակցիաների դեռ սկզբնական օրերին այն խոսակցությունն էր պտտվում, որ բողոքավորների թիկունքում նաեւ «Ջերմուկի» Արսենյանի շունչն է զգացվում: Եվ դրանում տրամաբանություն կար. եթե Ամուլսարի ոսկու արդյունահանումն այն իրական վտանգն է ներկայացնում բնության համար, ինչպես որ նկարագրում են ցուցարարները եւ շատ մասնագետներ, ապա այն լուրջ վտանգ է նաեւ ստորգետնյա ջրերի համար: Եվ չմոռանանք, որ նույն գոտում է ձեւավորվում նաեւ Ջերմուկ հանքային ջուրը: Նկատենք, որ եթե անգամ Ամուլսարի հանքավայրի վտանգավորության մասին խոսակցությունները չհամապատասխանեն իրականությանը, առաջ եկած աղմուկն արդեն իսկ սպառողի մոտ լուրջ կասկածներ է առաջ բերել Ջերմուկի որակի հետ կապված, ինչը ծանր հարված է ինչպես ջրի վաճառքին, այնպես էլ՝ «Ջերմուկ գրուպի» վարկանիշին եւ ընկերության արժեքին: Կարճ ասած, որ Ամուլսարի ոսկին լուրջ խնդիր է Արսենյանի համար, դժվար չէ կռահել, եւ, ըստ այդմ էլ՝ միանգամայն տրամաբանական կլիներ, որ նա, եթե ոչ ֆինանսապես, այլ գոնե՝ ողջ հոգով ու սրտով հանքավայրը փակել ցանկացող ցուցարարների թիկունքին լիներ: Եվ ահա «ճիշտ պահին» օրակարգում է հայտնվում զանգվածային ընտրակաշառատվության հետ կապված հայաստանյան միակ գործը, որը «տարօրինակաբար» հենց նույն Արսենյանի ուղղությամբ է «աչքով անում»: Ընդ որում, դրանից էլ առաջ «չար լեզուները» սկսել էին մինչեւ իսկ բամբասել, որ Արսենյանը պատրաստվում է վաճառել «Ջերմուկն» ու «հայ դե Փարիզ», միայն թե ջրի որակի հետ կապված աղմուկն այնքան մեծ է, որ, ըստ նույն «չար լեզուների», ընկերությունն անգամ էժանացված գներով վաճառելն է խնդիր դարձել...

Բայց վերադառնանք Մալիշկայի ընտրակաշառքի պատմությանը: Եթե մեղադրանքները հաստատվեն, այն ի՞նչ վերջաբան կարող է ունենալ: Հիշեցնենք, կաշառքն այն գործն է, որով մեղավոր է համարվում ինչպես փող տվողը, այնպես էլ՝ վերցնողը: Դա նշանակո՞ւմ է, որ Մալիշկայի այն 800 բնակիչներին նույնպես պետք է մեղադրանք առաջադրվի... Ավելին, իսկ ո՞վ է երաշխավորում, որ մյուս թեկնածուն իր «հալալ» ձայներն է ստացել: Ի դեպ, օրերս այս առնչությամբ շատ հետաքրքիր հայտարարություն արեց նույն «Ծառուկյան դաշինքի» գյումրեցի անկրկնելի պատգամավոր Վարդան Ղուկասյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների մասին. «Մենք էլ մեր հեղինակությունն ունենք... Բայց որ առանց ընտրակաշառքի էլ կունենան իրենց ձայները, դրանում կասկածել չի կարելի»: Ի՞նչ նկատի ունի պարոն Ղուկասյանը՝ «առանց ընտրակաշառքի էլ» ասելով, որ մինչ այս ընտրակաշառքո՞վ են ստացել: Մի խոսքով, ընկնենք ֆանտազիաների գիրկը. պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե Մալիշկայի ծառուկյանական թեկնածուին էլ կաշառատվության մեղադրանք ներկայացվի. այդ դեպքում գյուղի մյուս կեսին եւս պետք է կաշառակերության մեղադրանք ներկայացնել, Մալիշկայի չորս կողմը փշալարերով պատել, եւ գյուղը համարել կալանավա՞յր: Լավ, եթե միայն կեսին ներկայացնեն, ուրեմն գյուղի կեսը պետք է «չափարապատե՞լ»:

Հաշվի նստեք հայկական ավանդույթների հետ. գրողի պատասխանը Արսինե Խանջյանին

Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարծես թե Մալիշկայով կփորձեն բացել Ամուլսարի փակ ճանապարհները:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

ՄԱԼԻՇԿԱՅԻ ԳՅՈՒՂԱՊԵՏ. «ՈՒՂՂԱԿԻ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝ ԹՈՂԵՔ ԵՍ ԲԱՆ ՉԱՍԵՄ»

Ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվող՝ Մալիշկա գյուղի գյուղապետ ՄՀԵՐ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ չի ցանկանում որեւէ կարծիք հայտնել իրեն առաջադրված մեղադրանքի շուրջ: «Սիրտ թողեցի՞ն, որ բան ասեմ...»,- մեզ հետ զրույցում բացատրեց Մովսիսյանը` հավելելով.

- Դուք կապ չունեք, ուղղակի խնդրում եմ՝ թողեք ես բան չասեմ, չխոսեմ, ուղղակի խնդրում եմ:

- Լավ, իսկ Դուք ընդունո՞ւմ եք Ձեզ մեղսագրվող արարքը:

- Գործը հիմա քննչական մարմինների վերահսկողության տակ է, թողեք, թող աշխատեն:

- Թող աշխատեն, պարոն Մովսիսյան, բայց Դուք ընդունո՞ւմ եք մեղադրանքը:

- Լավ էլի, լավ էլի, թողեք ինձ հանգիստ...

Մի փոքրիկ մեկնաբանություն տվեց նաեւ Վայոց ձորի մեր աղբյուրը. «Մհերն աշխատում էր կոնկրետ Աշոտ Արսենյանի շտաբում, Արսենյանի համար ձայն էր հավաքում: Էդպես է եղել միշտ, ոչ միայն կոնկրետ էս ընտրությունների ժամանակ: Մհերը նորմալ մարդ է, ուղղակի չէր կարա Աշոտի ասածից անցներ: Ինչ արել է, Արսենյան Աշոտին ձայներ բերելու համար է արել»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА