ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.07.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Սատանա կա քաղաքում»` առաջինը դա է անցնում մարդու մտքով, երբ տեսնում է ԱԱԾ դիմակավոր աշխատակցի այս պատահական լուսանկարը: Ինչեւէ, համենայնդեպս, ՀՀ հպարտ քաղաքացիները առայժմ տեսնում են միայն ԱԱԾ-ի բեմադրած «մասկի-շոուները», բայց, մեղմ ասած, տեսանելի չէ աշխատանքը տարատեսակ «սատանեքին»` լրտեսներին, դիվերսանտներին, տեռորիստներին որսալու ուղղությամբ: Եվ քիչ էր, որ ԱԱԾ-ն զբաղվում է սատանան գիտի ինչով, հիմա էլ ամենամիամիտ քաղգործիչը` «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ոչ ավել-ոչ պակաս ուզում է ԱԱԾ-ի վրա դնել ընտրակաշառքի բոլոր «տասովշչիկներին» բռնելու գործը, ամենեւին էլ նույնիսկ տեսականորեն էլ հաշվի չառնելով, որ այդ կառույցը այդքան անձնակազմ չունի. «Եթե ուժային կառույցները ցանկանան, քաղաքական ուժերը գումար, այն է` կաշառք չեն բաժանի: Նրա համոզմամբ, ԱԱԾ-ն մեկ առ մեկ ճանաչում է  բոլոր թաղամասերում կաշառք բաժանողներին, նույնիսկ` կոշիկի չափերով»: Այդ պնդումը նույնիսկ հերքման կարիք չունի, եւ մնում է միայն արտաբերել թեւավոր խոսքը` իյա, իրո՞ք...

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, ԱԱԾ-ի «սենսացիոն» բացահայտումների վրա սառը ջուր է լցրել Իրավաբանների հայկական ասոցացիայի նախագահ, կոռուպցիայի դեմ պայքարի մասնագետ ԿԱՐԵՆ ԶԱԴՈՅԱՆԸ: Խոսելով, զորօրինակ, Վաչագան Ղազարյանին, Լեւոն Սարգսյանին եւ վերջինիս զավակներին ներկայացրած ապօրինի հարստացման մեղադրանքի մասին, իրավաբանը մանրամասն բացատրում է, որ ապօրինի հարստացումը քրեականացվել է 2017թ. հուլիսի 1-ից: Հետեւաբար, նույն ԱԱԾ-ն պետք է մասնավորապես պարզի. «Արդյոք հաշվետու (տվյալ դեպքում 01.07.2017թ.-ից սկսած) ժամանակահատվածում նրանց եկամուտների (գույքի) ավելացումն էականորեն գերազանցել է նրանց օրինական եկամուտները (գույքը)», եւ այլն: Այնպես որ, չզարմանաք, եթե դատարանում այդ գործերը փուչիկի պես պայթեն` մեղադրանքի հիմնավորելն էլ հո դիմակահանդես սարքելը չէ:

Սակայն ունենք թեեւ զարմանալի, բայց պոզիտիվ լուր ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ մասին: Ամերիկյան The Daily Caller պարբերականը հրապարակել է այն  5 լեզուները, որոնք սովորելը բավականին հետաքրքիր են: «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որն առանձնանում է բազմաթիվ բացառիկ հատկանիշներով: Այն կարող է բարդ թվալբայց միեւնույն ժամանակ սովորելը բավականին հետաքրքիր կլինի»,- գրում է պարբերականը: Դե ինչ, մենք միշտ էլ գիտեինք, որ մեր լեզուն բացառիկ է: Պարզապես հիմա էլ թող տարատեսակ կարպիսփաշոյանները համարձակվեն ասել շիզոֆրենիկ:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА