ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.07.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալիորեն պարզվում է, որ ոչ միայն մշակույթն է նախարար ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻ մեջ, այլեւ պատմությունը: Քանզի մնջախաղի փառատոնի համար փող չունենալով, այնուամենայնիվ, փող գտնվեց բացարձակ մի անիմաստ ցուցադրության համար. «Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ` նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ եւ հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»: Հենց այս դեպքերում է ժողովուրդը խոսում «չփլաղ ջանին կատու շալկելու» մասին: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, առաջարկում ենք, որ այդ ցուցասրահն անպայման ունենա նաեւ սուրբ մասունքների բաժին: Զորօրինակ, չի խանգարի, որ այդտեղ լինի գիպսից պատրաստած Նիկոլի ոտնահետքը, որը թավշակրոնություն դավանողները կարողանան համբուրել խաչհամբույրի փոխարեն, այդտեղ անպայման պետք է լինի վարչապետի բինտը եւ հատուկ տուփերում պահածոյացված վարչապետի հազը: Դե, իսկ հռչակավոր ուսապարկի թելերն էլ կարող են աճուրդի հանվել` դրանցով հրաշագործ թալիսմաններ կախելու համար:

ԶԱՐՄԱՆՔ

Բայց նման է, որ Լիլիթ Մակունցը սխալվել է հեղափոխության անվանման մեջ, ու միգուցե, կարիք լինի այն վերանվանել «Կյանքի եւ խոսքի հեղափոխություն»: Բանն այն է, որ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետեւորդները  բավականին շատ են այսօրվա իշխանական կառույցներում, եւ ինչքան էլ զարմանալի լինի, այդ գծով «քամինգ աութների» շքերթի սկիզբը դրեց վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ ԳԵՎՈՐԳ ԱՃԵՄՅԱՆԸ. «Ես այդ դավանանքի հետեւորդ եմ, ես «Կյանքի խոսք» եկեղեցուց եմ, իմ հավատքը դա է»: Դե ինչ, միգուցեեւ շուտով կիմանանք «Կյանքի խոսքի» հետեւորդ չինովնիկների ստույգ թիվը...

Իսկ թավշյա ոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ, Վեհարանը զավթած ֆանատիկոսների հարցի շուրջ մեր թղթակցի հետ զրուցելիս, ասել էր, որ ոստիկանությունը նրանց նկատմամբ գործողություններ չի իրականացրել եւ չի իրականացնելու, քանի որ ցույցի մասնակիցների գործողությունները խաղաղ են: Մինչդեռ, ինչքան էլ զարմանալի լինի, այդ զրույցից ժամեր առաջ ոստիկանությունը արդեն Վեհարանից հեռացրել էր այդ կերպարանքներին ու տարածել համապատասխան հաղորդագրություն, բայց երեւի թե Օսիպյանին այդ մասին դեռ չէին զեկուցել: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ Վեհարանը մաքրելու եւ ամբոխով կաթողիկոս փոխելու էքսպերիմենտը ընդհատելու որոշումը եկել է Նիկոլ Փաշինյանից, քանզի նա կռահել է, որ ազատ եւ հպարտ քաղաքացիները կարող են եւ զայրանալ սրբապղծության հանդեպ անգործության դրսեւորումներից:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ հռչակված է իր բարեգործություններով, եւ ահա զարմանքով իմացանք, թե ինչքան լայն է նրա բարեգործությունների դաշտը: Այսպես, «Սասնա ծռերը» իրենց ֆեյսբուքյան էջում գրել են. «Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական հիմնադրամին 5.000.000 դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն եւ նրանց առողջական կարիքները հոգալուն»: Դե ինչ, երախտագիտության զգացումը լավ բան է, դե, իսկ որ «Սասնա ծռերը» 2016-ին ՊՊԾ գունդ էին գրավել, մարդկանց էին պատանդ վերցրել, երեք ոստիկան էին սպանել, դա մեր թավշյա ժամանակների փոխված իրավիճակում այնքան աննշան մանրուք է...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА