ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԸ

11.07.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարեց, որ Հայաստանում անձեռնմխելիներ չկան` սկսած իրենից: Եվ այդ «անձեռնմխելիության բացակայությունը» ցուցադրվում է գրեթե ամեն օր տարատեսակ «մասկի-շոուների» տեսքով` ԱԱԾ-ի անգերազանցելի դերասանների կատարմամբ:

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՈՑ 13-ՐԴ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

 

«ՎԱՌԵԼԻՔ» ՆԻԿՈԼԻ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԱՄԱՐ

Թավշակրոն թրաշամանուկների կառավարության առաջնորդի վարկանիշը այնպիսի բան է, որ մշտական սնուցում, «վառելիք» է պահանջում: Ու այդ «վառելիքի» դերում թատերականացված ձերբակալություններն են: Ու թեեւ Փաշինյանը հայտարարում է, որ առանձին ընտանիքների հետեւից ընկնելու մտադրություն  չկա, իրադարձություններն ուղղակիորեն ապացուցում են տրամագծորեն հակառակը` Սերժ Սարգսյանի տոհմի դեմ  իրականացվող համակարգված հետապնդումների տեսքով: «Տասնյակ միլիարդավոր դոլարների» թալանի մասին առասպելից էլ բան չմնաց, քանզի «մասկի-շոուներով» բռնագրավածը հազիվհազ ձգի տասնյակ միլիարդավոր դրամների: Ու շուտով այդ դրամներն էլ վերցնելու տեղ չի լինի, քանզի անգամ միջին խավը ներկայացնող ցանկացած ողջամիտ մարդ այժմ գերադասելի է համարում ինչքան հնարավոր է արագ իր փողը հանել ոչ միայն բանկերից, այլեւ` երկրից, որպեսզի վաղը հանկարծ մոտը չհայտնվեն հեռուստացույցով շոու ցուցադրող սեւ դիմակավորները: Թե ինչքան ժամանակ անց դա կհանգեցնի արդեն բանկային համակարգի ճգնաժամի` չենք կարող ասել, սակայն Նիկոլի վարկանիշն ամեն օր պահանջում է այդպիսի «վառելիք», սակայն այդ շոուները որպես հիմնական հետեւանք, ունեն փողերի փախուստ երկրից: Եվ վաղ թե ուշ, բացի թամաշայից, ազատ եւ հպարտ քաղաքացիները սկսելու են հացի մասին  անհարմար հարցեր տալ: Գումարած դրան, նաեւ հենց կառավարության ներսում երեւում են հակասություններ: Այսպես, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը բանի տեղ չի դնում Փաշինյանի այն պնդումը, որ ՀՀ-ն Արցախի փոխարեն չպետք է բանակցի, եւ մեկնում է բանակցության Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Իսկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բացեիբաց դժգոհություն է հայտնում Նիկոլ Փաշինյանի որդու զորակոչից շոու սարքելու կապակցությամբ, լրագրողներին ասում, որ ամեն ինչ կանի, որպեսզի օրեր անց զորակոչվող իր որդու նկատմամբ նման ուշադրություն չլինի, գումարած դրան էլ, հավաքակայանում արգելվում են «լայվերը»:

 

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ՇԱՏ ՍՈՒՂ Է

Թեեւ անհատի պաշտամունքի տեսակետից Նիկոլ Փաշինյանը արդեն սկսել է գերազանցել ողջ եւ հանգուցյալ դիկտատորներին, ու միգուցե նաեւ անիծում է Վանոյին, որ Լենինի արձանի պատվանդանն արմատախիլ է արել եւ տեղը խոտ ցանել, սակայն այդ պաշտամունքը բավականին արագ հալվում է: Իսկ այն, որ արտաքին հնարավոր ֆորս-մաժորները շատ մեծ ռիսկեր են պարունակում Փաշինյանի վարկանիշի համար, անվիճելի է: Այդ պատճառով աննախադեպ աստիճանի է հասցվել ընտրված համայնքապետերի հանդեպ ճնշումը եւ հակասահմանադրական մեթոդներով նրանց հրաժարական պարտադրելը այդպիսի տեմպ է հավաքել: Թավշյա տեռորի արգասիք էր եւ Տարոն Մարգարյանի հրաժարականը, քանզի խոշորագույն համայնքում` Երեւանում, վարչական լծակները ձեռք գցելը թավշակրոն թրաշամանուկների թիմը համարում է առաջնահերթ կարեւորություն ունեցող: Հենց արագ սպառվող վարկանիշի պատճառով ՔՊ կուսակցությունը շտապում է ինչքան հնարավոր է շուտ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրությունները, եւ այդ պատճառով Ընտրական օրենսգրքի փոփոխություններն էլ կարծես թե ձգտում են խորհրդարանին պարտադրել առճակատման մեթոդներով: Արարատ Միրզոյանի հանձնաժողովը ներկայացնող Դանիել Իոաննիսյանը, գալով խորհրդարան, հայտարարեց, որ չի եկել «բազար անելու», ինչը դարձավ պատգամավորների հետ վեճի պատճառ: Նա կառավարական հանձնաժողովը հռչակեց մասնագիտական հանձնաժողով, ինչին հետեւեց բանավեճ ՀՀԿ-ն ներկայացնող Վիգեն Սարգսյանի հետ, եւ վերջինս համառոտ «դասախոսություն» կարդաց, որ մասնագիտական հանձնաժողովները պարզապես ապահովում են ձեւակերպում այն պատվերին, որը ստացել են կոնսենսունսի եկած քաղաքական ուժերից: Իոաննիսյանը հայտարարեց, որ իրենք պատվեր կատարող տղերք չեն, ինչին Վիգեն Սարգսյանն արձագանքեց.  «Պետության եւ իրավունքի տեսության դասագրքեր կարդացեք, լա՞վ: Էլեմենտար, պարզ, հասարակ բան է դա: Պատվեր ձեւավորելը քաղաքական ուժերի խնդիր է: Եթե դուք մասնագիտական հանձնաժողով եք, դուք տիրապետում եք ԸՕ ձեւավորելու միայն մի փոքր հատվածային մասին: Դուք ի՞նչ փորձառություն ունեք, որ Ընտրական օրենսգիրք գրեք, ձեր հանձնաժողովի բոլոր անդամները»:

«ՍԵՎԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻ՞

Նույն Իոաննիսյանը, փոխանցելով Միրզոյանի հանձնաժողովի կարծիքը, ավելորդ է համարում մատնահետքերի, անգույն թանաքների եւ վերահսկողության տեխնիկական այլ միջոցների կիրառումը, սակայն ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պնդում է, որ ընդհանրապես ամեն ինչ պետք է անցկացնել տեխնիկական միջոցների համատարած կիրառմանը, որ ID քարտերով բավականին արագ կարելի է ապահովել դրանցից չունեցող բոլոր քաղաքացիներին ու ընտրողների գրանցումը դարձնել բացառապես համակարգչային: Ավելին, Դավիթ Հարությունյանը նշում է, որ արդեն կան եւ հատուկ մեքենաների նմուշներ, ուր ընտրողը կոճակներ սեղմելով է քվեարկում, եւ մեքենան արդեն ինքն է տպում համապատասխան քվեաթերթիկն ու այն գցում քվեատուփի մեջ: Այսինքն` որ բացառվում է ընտրողի ֆիզիկական կոնտակտը քվեաթերթիկի հետ ու դրա վրա ապագաղտնազերծող որեւէ բան անելով` ասենք` թանաքի գույնի, կամ անկյուն ծալելու տեսքով: Այսպիսով, ՀՀԿ-ն ձգտում է տեխնիկական միջոցների օգնությամբ նվազագույնի հասցնել վարչական ռեսուրսի ազդեցությունը, իսկ ՔՊ-ն, ընդհակառակը, չի ուզում տեսնել որեւէ տեխնիկական միջոց, որը կխանգարի ընտրողի կամքի վրա «թավշյա» ներգործություն կատարելը: Եվ, իհարկե, առանձին խնդիր է ԲՀԿ-ի շահերն ուղղակիորեն շոշափող բարեգործության մասին օրենսդրությունը: Եվ եթե ՔՊ-ն առաջ է տանում դեռ «հանցավոր ռեժիմից» ժառանգություն մնացած օրենքը, ապա դաշնակները, ի դեմս Արմեն Ռուստամյանի, ավելի արմատական լուծում են առաջարկում` նախընտրական շրջանում ընդհանրապես օրենքի ուժով կասեցնել ցանկացած տեսակի բարեգործությունները: Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանի թիմը ահավոր շտապում է, եւ այդ շտապելու պատճառով հայտնվում է առճակատման մեջ բոլորի հետ` ե՛ւ երբեմնի դաշնակից Գագիկ Ծառուկյանի, ե՛ւ ԱԺ-ում իրենց դեռեւս չխոչընդոտող ՀՀԿ-ի, ե՛ւ պոտենցիալ մրցակից ժպտերես նախագահի հետ: Ու համապատասխանաբար, գործընթացները արագանում են, եւ շոգ եղանակը քիչ էր, դրան ավելանում են թեժ գործընթացներ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА