ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.07.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հանրությունը դեռ ուշքի չի եկել այն շոկից, որն ապրել է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մոլեռանդների կողմից Վեհարան ներխուժելուց հետո, եւ ահա զարմանալիորեն այդ նույն նախաձեռնությունից հնչել է մի ապշեցուցիչ բան: Այդ նախաձեռնության ակտիվիստներից ակնհայտ հակակրելի տեսք ունեցող ԿՈՐՅՈՒՆ անունով տերտերը հայտարարեց հետեւյալը. «Վազգեն Սարգսյանը վերցրեց գումարը եւ կեղծեց ընտրությունները, եւ պառլամետում ոչնչացվեց, եւ դա Աստծո հրաշքն էր»: Դե ինչ ասես, երկրում իրավիճակ է փոխվել, այնպես որ, այնքան էլ զարմանալի չի լինի,  եթե հանկարծ Նաիրի Հունանյանը հայտնվի ազատության մեջ: Եվ միգուցե համարենք, որ էժան ենք պրծել, եթե չստիպեն նրան սրբադասել` չէ՞ որ «Աստծո հրաշք էր»:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, նույն Գարեգին կաթողիկոսի հետ կապված, թեեւ զարմանալի, բայց պոզիտիվ բան լսեցինք ԱԱԾ նախկին փոխտնօրեն ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՑ. «Ես եղել եմ Վեհափառ Հայրապետի մոտ` 20 օր առաջ ու իր ներողամտությունն եմ հայցել, քանի որ ժամանակին մի հարցի մասին եմ խոսել, անհիմն եմ խոսել: Հետո ստուգել եմ, համոզվել եմ, որ սուտ էր իմ կարծիքն այդ մասին: Լսեցի մարդկանց, հասկացա, որ սուտ էր` ծայրից ծայր: Գնացի` ասացի, Վեհափառ Հայրապետ դա ասել եմ` կներեք»: Անշուշտ, դա լավ է, որ մարդը խոստովանում է իր սխալը եւ ներողություն խնդրելու տղամարդկություն է դրսեւորում: Ի դեպ, նա հանրությունից չթաքցրեց նաեւ, թե ինչպիսի սուտ լուր էր տարածել. «Ասում էին, թե Վեհափառ Հայրապետը շվեյցարական բանկում մեկ մլն ԱՄՆ դոլար ունի պահած, գրվեց այս մասին, ես էլ խոսեցի: Հետո ի՞նչ պարզվեց, որ այդ մեկ մլն ԱՄՆ դոլարը գալիս է Վազգեն Առաջինից, դա ժառանգվել է Էջմիածինին, Գարեգին Առաջինն է ժառանգել Վազգեն Առաջինից, որն էլի չի ծախսվել, մայր գումարը մնացել է տեղում: Հետո իր հերթին ժառանգել է հաջորդին` Գարեգին Երկրորդ կաթողիկոսին: Այսինքն` դա Էջմիածինի գումարն է ու միշտ կլինի: Գարեգին Երկրորդից հետո դա կժառանգի այն մյուս եկող Վեհափառին»:

ԶԱՐՄԱՆՔ

Այս երկուշաբթի ամբողջ հանրապետությունը ուղիղ եթերով դիտում էր, թե ինչպես է բանակ գնում վարչապետի որդին` ԱՇՈՏ ՓԱՇԻՆՅԱՆԸ: Բնականաբար, ինչպես եւ ցանկացած զորակոչիկի, նրան միայն մի բան կարող ենք մաղթել` բարի ծառայություն: Սակայն հիշում ենք, թե ինչպես վարչապետ հայրիկը խոսում էր առաջնագծում ծառայելու մասին, եւ հիշում ենք նաեւ պատանի Փաշինյանի անցյալ տարվա զարմանալի գրառումը, թե ինչպես է նա զզվում ցանկացած բանակից, եւ լցվում ենք թերահավատությամբ: Ի դեպ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ չբացառեց, որ օլիգարխների զավակները կգնան ծառայության. «Ես չեմ ուզում կոնկրետ ասել, բայց հնարավոր են նաեւ խոշոր բիզնեսմենների որդիներ»: Դրան էլ ենք, բնականաբար, թերահավատորեն վերաբերվում, ելնելով մեր ամաբողջ կենսափորձից, բայց ինչեւէ, զարմանալով հանդերձ, կոնկրետ այդ հարցերում շատ ենք ուզում սխալված դուրս գալ:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА