ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խորհրդարանում կարող ենք ունենալ ոչ թե 3-4, այլ 7-8 կուսակցական խմբակցություն»

06.07.2018 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Խորհրդարանում կարող ենք ունենալ ոչ թե 3-4, այլ 7-8 կուսակցական խմբակցություն»

Կամաց-կամաց ի հայտ են գալիս նոր քաղաքական ուժեր, որոնք կփորձեն ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Արդեն իսկ մի քանիսի անունը հայտնի է` Խաչիկ Ասրյանի «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, Անդրեաս Ղուկասյանի Հայաստանի կառուցողական կուսակցությունը, ինչպես նաեւ ՊՊԾ գունդը գրավողներին սատարող «Նախախորհրդարանը»: Սակայն սա դեռ ամենը չէ, ինչի մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ:

ԼԳԲՏ դրոշով քայլողի գլխին բանփում են եւ վերջ. քաղաքագետ

Այս գործընթացը դեռ շարունակվում է, եւ մոտ մեկ ամսվա ընթացքում մենք կտեսնենք եւս երկու-երեք կուսակցության ծնունդ: Այնպես որ, քաղաքական ներկապնակը բավականին բազմագույն է լինելու: Խորհրդարանական ընտրություններին նոր քաղաքական ուժերը, կուսակցությունները որքան ընտրազանգված կտանեն, դեռ հարցական է: Բայց, որպես մասնագետ, գտնում եմ` ընտրազանգված տանել «Ելքից» չի հաջողվի, հետեւաբար օգտվելու են «Բարգավաճ Հայաստանի» եւ Հանրապետական կուսակցության ընտրազանգվածից: ՀՀԿ-ում քաղաքական իրավիճակ է փոխվել, իսկ ԲՀԿ-ն նոր մարտահրավերների առաջ է կանգնած, ուստի` կարող է այնպիսի վիճակ ստեղծվել, որ նոր կուսակցությունները կփորձեն ծվատել նրանց ընտրազանգվածի ձայները: Ըստ իս, նոր խորհրդարանում, եթե մաքուր համամասնական ցուցակը գործի, առանց աննորմալ ռեյտինգայինի, որը վերից վար խեղաթյուրեց համամասնական ընտրակարգը, խորհրդարանում կարող ենք ունենալ ոչ թե 3-4, այլ 7-8 կուսակցական խմբակցություն: Ես սրանում համոզված եմ:

– Տեսակետներ կան, որ հիմնական մրցակցությունը լինելու է Նիկոլ Փաշինյանի թիմի եւ «Ծառուկյան» դաշինքի միջեւ եւ որքան մոտենան ընտրություններն, այնքան լարվելու է երկու ուժերի միջեւ հակասությունները: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իհարկե, կլինի մրցակցություն: Նիկոլ Փաշինյանն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով կամ «Ելք» դաշինքով եթե գնաց ընտրությունների, միեւնույն է, իր գաղափարախոսությամբ, սոցիալական դեմքով բավականին տարբեր է լինելու, օրինակ, ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից, որովհետեւ այս ուժերն իրարից տարբերվում են, իրարամերժ քաղաքական կուրս եւ անցյալ ունեն: «Քաղաքացիական պայմանագիրը» կամ «Ելքը» եղել են ծայրահեղ ընդդիմություն, իսկ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն եղել են կա՛մ կենտրոնամետ, կա՛մ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ի հետ: Հետեւաբար, նրանց ամբողջ քաղաքական անցյալը, նրանց մեջ եղած դեմքերը, նույնիսկ լիդերները մի կաթսայում, նույն կոալիցիայում շատ դժվար կհամակերպվեն, եւ կլինի պայքար: Բայց բացառված չէ, որ ընտրության արդյունքներից հետո նրանք նորից գնան կոալիցիոն ճանապարհով:

– Ո՞րն եք համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ողջամիտ ժամկետ, եւ առհասարակ այսօր կա՞ անհրաժեշտություն այդ ընտրության:

– Ինձ թվում է` պետք է այս տարի լինի, որովհետեւ, ըստ էության, այն քաղաքական ճգնաժամը, որը ծագեց ՀՀ-ում ապրիլին, լուծվել է կիսով չափ: Լուծվել է այնքանով, որ կառավարական ճգնաժամը հաղթահարվեց, նշանակվեց վարչապետ, կազմվեց կոալիցիոն կառավարություն` «Ծառուկյան» դաշինքի եւ ՀՅԴ-ի հետ միասին, բայց քաղաքական ճգնաժամը լիարժեք կարող է ավարտվել այն ժամանակ, երբ տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Առկա իրավիճակում կա մի տեսակ անհամապատասխանություն, երբ Ազգային ժողովում քաղաքական ուժերի հարաբերակցությունը չի համապատասխանում քաղաքական ուժերի իրական, խորհրդարանից դուրս հարաբերակցությանը: Սակայն, այս ամենը կախված է նրանից, թե նոր Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո քաղաքական ուժերն ինչքանով պատրաստ կլինեն անցկացնել խորհրդարանական ընտրություններ ժամկետային առումով: Այստեղ նաեւ վարչապետի եւ նրա քաղաքական թիմի կամքից է շատ բան կախված: Եթե իրենք կզգան, որ պատրաստ են հաղթել արտահերթ ընտրություններին, սեպտեմբերին կամ հոկտեմբերին, բնականաբար, ելնելով այդ որոշումից` կլինի: Բայց եթե Նիկոլ Փաշինյանի թիմը եւ նրան սատարող քաղաքական ուժերը տեսնեն, որ դեռ պատրաստ չեն, բացառված չէ, որ ընտրությունները տեղափոխվեն մյուս տարի: Համենայնդեպս, իմ կանխատեսմամբ` ավելի շատ հավանական է, որ այն կկայանա հոկտեմբերին կամ նոյեմբերին:

«Նիկոլ Փաշինյանին հարվածում են թիկունքից` այս կառավարությունից»

– Տպավորություն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում նոր իշխանությունները կանգնած են ծանր կացության առաջ` ուշ անցկացնեն` վարկանիշի խնդիր կունենան, շուտ անցկացնեն` չեն հասցնի նախապատրաստվել...

– Սա, իհարկե, կախված է ներկա կառավարության գործունեության արդյունավետությունից, եւ այն քայլերից, որոնք նրանց բերում են վարկանիշի բարձրացման: Թերեւս մինչեւ հիմա այդ վարկանիշը գնում է վերելքի ուղիով, որովհետեւ ներկա կառավարությունը կարողանում է բավականին լայնածավալ հակակոռուպցիոն միջոցառումներ իրականացնել: Բայց այդ հակակոռուպցիոն տուփում եղած գործերի քանակը ինչքա՞ն կլինի, որ ամեն ամիս վարկանիշի բարձրացում ապահովի, դժվարանում եմ ասել: Ամեն դեպքում, հակակոռուպցիոն պայքար, ըստ էության, նման մասշտաբով Հայաստանում չի եղել նախորդ տաս-տասհինգ տարիների ընթացքում, եւ երբ հիմա արվում է, այն կարելի է համարել վարկանիշի բարձրացման անսպառ աղբյուր: Սակայն, բացառված չէ, որ ինչ-որ մի պահի այն այլեւս չի աշխատի: Այնպես որ, առայժմ կանխատեսել, թե ընտրությունների ուշ անցկացման դեպքում այն կբերի վարկանիշի անկման, ինձ թվում է` այնքան էլ ճիշտ չէ, որովհետեւ հակակոռուպցիոն քայլերի առատության դեպքում այն մշտապես կապահովի վարկանիշի բարձրացում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА