ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որոշ վայ-իրավագետներ բերում են եվրոպայից նորմեր, որոնք մեզ մոտ երբեք չե՛ն աճելու»

06.07.2018 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Որոշ վայ-իրավագետներ բերում են եվրոպայից նորմեր, որոնք մեզ մոտ երբեք չե՛ն աճելու»

Հայաստանում նշվեց Սահմանադրության օրը, եւ թեպետ այն առանձնապես տոնական փայլ չստացավ հանրապետությունում, սակայն առիթ ընձեռեց վերանայելու մերօրյա Սահմանադրությունն ու դրա շուրջ զրուցելու մասնագետների հետ: «Իրավունքը» տոնի առթիվ զրուցեց ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր, Գերագույն խորհրդի նախագահության անդամ ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԻ հետ, որը, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձավ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահին վերապահված լիազորություններին:

Թինա Կանդելակին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու մասին

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՉ ԹԵ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼ, ԱՅԼ ՈՒՆԵՑԱԾԸ ՉՎԵՐՑՆԵԼ

- ՀՀ նախագահը պետք է ապահովի սահմանադրական դրույթների պահպանումը, գործառնական ֆունկցիան էլ ՍԴ-ի վրա է դրված` որոշ սուբյեկտների, բողոքների մասնակցությամբ: Բայց նախագահը կիրառական լծակներ չունի: Ո՞վ պետք է մոնիթորինգ անի, որ տեսնի Սահմանադրության ո՞ր նորմերն են խախտվում: Միայն կառավարության անդամի նշանակման հարցում է նշված, թե ինչ պետք է անի նախագահը, այսինքն` դիմի ՍԴ, բայց նույնիսկ նրա այն լիազորությունները, որ Սահմանադրությամբ հստակ ամրագրված էր, վերցրին եւ տվեցին վարչապետին: Հստակ գրված էր, որ ներում շնորհում է նախագահը, բայց չի գրած, որ այն պետք է անի վարչապետի առաջարկությամբ:

– Պարոն Բալայան, ամեն դեպքում, Արմեն Սարգսյանն ընտրվել է նախագահ` հենց այս սահմանափակ լիազորություններով: Հիմա, եթե փորձ է արվում նախագահին ավելի լայն լիազորություններով օժտել, չե՞ք տեսնում անհրաժեշտություն` նաեւ արտահերթ նախագահական ընտրությունների:

– Ճիշտ է, նրան ընտրել են որոշակի լիազորության սահմաններում, բայց հիմա եթե ինչ-որ լիազորությունների սահմաններ էլ փոխեն օրենքի շրջանակում, միեւնույնն է, սահմանադրական լիազորությունները չեն փոխվի: Ձեր ասածն այլ խնդիր է, այն պատճառահետեւանքային կլինի, երբ նոր Սահմանադրություն ընդունվի: Այդ ժամանակ արդեն անցումային դրույթների վերաբերյալ պետք է նշում կատարվի: Իմ ասածը չի վերաբերում նրան լիազորություններ տալուն, այլ վերաբերում է սահմանադրական լիազորությունները նրանից չվերցնելուն, այն չխախտելուն, որովհետեւ կոնկրետ ներում շնորհելու իրավունքը նախագահինն է:

Ի ՎԵՐՋՈ, Ո՞ՒՄ «ՀԱԳՈՎ ԷՐ ԿԱՐՎԱԾ» ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

– Երկար ժամանակ նախկին ընդդիմությունը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,  մեղադրում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, թե նոր Սահմանադրությունն իր հագով կարված կոստյում է: Սակայն դրանից հետո նույն Սահմանադրությունը լավագույնս օգտագործվեց հեղափոխության ժամանակ եւ հետո: Ի վերջո, այն օգնե՞ց, թե՞ խանգարեց նոր իշխանավորներին:

– Լավագույն հարցերից մեկն է, բայցեւ ամենադժվարը: Օգնեց այնքանով, որ ժողովրդի համար ակնհայտ դարձավ, որ այլ ձեւ, քան ոտքի ելնելը չկա` Հանրապետական իշխանությունից ազատվելու համար: Օրինակ, մտածում եմ, որ երբ նախագահի շատ քիչ լիազորություններից էլի մաս փախցրին, տարան ու տվեցին վարչապետին, սա էլ նպաստեց ժողովրդի այդ անհնազանդ կեցվածքին: Բայց բոլորս այսօր պետք է ուրախ լինենք, որ անհամեմատ շատ ավելի քաղաքացիական հասարակություն ունենք հիմա, եւ ժողովուրդն այլեւս ոչ մեկին ոչինչ չի զիջի: Եթե այդ օրինախախտումները չլինեին, այդ գործելաոճը չլիներ, կհասնեի՞նք այս իրավիճակին, դժվար է ասել: Չմոռանանք, որ այսօր քաղաքական լուրջ գործիչներն ասում են` եթե Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակեր, ոչ թե ինքը գնար, կարող է եւ հեղափոխություն տեղի չունենար: Այնպես որ, Աստված օրհնի նրանց, ովքեր նպատասեցին, որ հեղափոխությունը տեղի ունենա, եւ երկիրն առաջ գնա այսպես:

– Այսինքն` կարծում եք անհրաժեշտություն կա նաեւ այս Սահմանադրությա՞ն բարեփոխման:

– Եթե հիշում եք, 2015 թվականին, երբ քննարկվում էր այս Սահմանադրությունը, ասացի, որ այդ նախագիծը հակաօրինական է, քանի որ ՀՀ նախագահը հանձնարարական էր տվել, որպեսզի սահմանադրական փոփոխության նախագիծ ներկայացվի, բայց ներկայացվել էր նոր Սահմանադրություն: Հետեւապես, Ձեր հարցը մնում է արդիական, որովհետեւ որեւէ իրավաբան չի կարող ասել, որ սա  սահմանադրական բարեփոխում էր: Սահմանադրական բարեփոխման ժամանակ գոնե հոդվածները մնում են նույնը, իսկ նախկին` 2005 թվականի եւ այս նոր Սահմանադրության նույնիսկ վերնագրերը մեծամասամբ (մոտ 80 տոկոսը) չեն համապատասխանում իրար: Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին, եթե այսօր այս իրավիճակը չլիներ, այսինքն` ժամանավակավոր կառավարության պայմաներում նոր խորհրդարանի ձեւավորման խնդիրը չլիներ, ապա ամենառաջնահերթը կլինեին սահմանադրական փոփոխությունները: Սակայն, ելնելով այսօրվա իրավիճակից, կարծում եմ` ավելի ճիշտ կլինի այդ բարեփոխումներին անդրադառնալ միայն նոր խորհրդարանական ընտրություններից հետո: Այս պարագայում արդեն նույն Սահմանադրության մշակումն էլ կընթանա մեր ժողովրդի սովորությունների համաձայն: Խնդրում եմ` միշտ հիշեք, չի կարող որեւիցե սահմանադրական նորմ, որը ներմուծվել է` առանց հաշվի առնելու մեր սովորույթային իրավունքը, մեր ազգային արժանապատվությունը, մեր կենսագրությունը, գործել մեր երկրում: Մինչդեռ այսօրվա որոշ վայ-իրավագետներ վերցնում են մի նորմ Եվրոպայից, բերում այստեղ, որոնք մեզ մոտ երբեք չի՛ աճելու, չի՛ ստացվելու:

«Աստված մի արասցե, եթե Նիկոլ Փաշինյանի ձախողումների շարքում արձանագրենք այս մեկը նույնպես...»

«ՍԴ-ՈՒՄ ԱՎԵԼԻ ՓՈՐՁԱՌՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ԿԱՆ»

– Հստակեցնենք` ո՞րն եք համարում ճիշտ ճանապարհը` նորից գնալ նոր Սահմանադրություն ունենալու ուղիով, թե՞ փոփոխել եղածը:

– Կան հոդվածներ, որոնք, ըստ այս Սահմանադրության, կարելի է հենց հիմա էլ փոխել, որովհետեւ հակասությունները բազմաթիվ են: Ամենահասարակ եւ արդիական խնդիրը մատնանշեմ. ասում են` 12 մեծամասնական` ռեյտինգային ընտրատարածքներում: Եղել է սահմանադրական նախագծի քննարկման ժամանակ, որտեղ ասվել է, որ այդ ռեյտինգային համակարգը մեծամասնականի լուրջ տարրեր է պարունակում իր մեջ: Ինչո՞ւ որեւիցե մեկը չդիմեց Սահմանադրական դատարան` այդ նորմը հակասահմանադրական ճանաչելու համար, ոչ թե գնային Ազգային ժողովում, բանակցությունների ճանապարհով այդ խնդիրը լուծեին: Չէ որ նոր Սահմանադրության մեջ հստակ ասված է` ընտրություններն անցկացվում են միայն համամասնական ընտրակարգով:

– Եվ, ըստ Ձեզ, ինչո՞ւ ժամանակին չդիմեցին այս հարցով:

– Վստահության պակասից է, մտածում են, թե ՍԴ նախագահը ՀՀԿ-ից է, կարող է նման որոշում չընդուներ, բայց բարեբախտաբար աշխատելով այդ կոլետիվում` միանշանակ համոզված եմ, որ այնտեղ օբյեկտիվ որոշում կկայացվեր, կասկած չունեմ: Սա այսօրվա խնդիրների ավելի արագ լուծման ճանապարհն էր:

– Իսկ ի՞նչ կասեք այսօրվա ՍԴ նախագահի` Հրայր Թովմասյանի մասին:

– Անձի դեմ չեմ ուզում խոսել, բայց մինչեւ ՍԴ նախագահի ընտրություններն ասել եմ` ՍԴ-ում շատ ավելի փորձառու եւ միջազգայնորեն ճանաչված մասնագետներ կան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հայաստանի անկախ Հանրապետության Սահմանադրությունները

1991 թ.` գործում էր Հայկական ԽՍՀ Սահմանադրությունը` բացառությամբ ՀՀ Անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հռչակագրին հակասող դրույթների

1995 թ.` երկիրն անցավ կիսանախագահական կառավարման` ընդունվել է հանրաքվեով

2003 թ.` Եվրոպայի խորհուրդն անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխությունների` հանրաքվեն չի ընդունվել

2005 թ.` երկրում ընդլայնվեց Ազգային ժողովի դերը`  ընդունվել է հանրաքվեով

2015 թ.` երկիրն անցավ խորհրդարանական կառավարման`  ընդունվել է հանրաքվեով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА