ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

06.07.2018 19:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի խոստովանություն է հնչեցրել ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ: Հայտնելով, որ քվեարկությունից առաջ մատնահետք վերցնելը մերժվում է, ինչպես նաեւ մերժվում է մատները թանաքոտելու գործընթացը, նա խոստովանեց, որ անցյալ տարվա ԱԺ ընտրություններում կրկնաքվեարկության պրոբլեմ չի եղել: Նրա խոսքով` դրանք կրկնաքվեարկության կանխման լրացուցիչ մեխանիզմներ էին: Սակայն 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո հրապարակված դիտորդական առաքելությունների զեկույցներից ոչ մեկում բարձրացված լուրջ խնդիրների ցանկում չկա կրկնաքվեարկության խնդիր: Հանձնաժողովը քննարկում է կրկնաքվեարկությունների կանխման լրացուցիչ մեխանիզմների ներդրման հնարավորությունները: Սակայն Իոաննիսյանը հստակեցրեց, որ դրա նպատակը ոչ թե կրկնաքվեարկությունների թիվը նվազեցնելն է, քանի որ դրանք արդեն անցյալում են, այլ հանրությանը լրացուցիչ վստահության հիմքեր տալը: Զարմանալի է, եթե այդպես շարունակվի, ապա մի օր կխոստովանեն, որ «հանցավոր ռեժիմը» օրինակելի ընտրություններ է անցկացրել:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, մեկ ուրիշ զարմանալի բան: Շատ է քարոզվել, որ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ կոչով զինծառայությունից խուսափածները վերադառնում են Հայատան, որպեսզի անցնեն զինծառայությունը: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հնչեցրել էր 156 թիվը, Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը` 300: Իսկ հիմա ամենազարմանալին` անցյալ տարի, երբ Նիկոլը վարչապետ չէր ու այդպիսի  կոչեր չէր հնչեցնում, վերադարձել էին 345 հոգի: Այսինքն` 45 հոգով ավելի: Հիմա հարց` իսկ միգուցե, ավելի լավ կլիներ, որ հարգարժան պարոն վարչապետն ընդհանրապես այդպիսի կոչ չհնչեցներ:

Կարդացեք, հո գյոռս չեմ տանելու` մոտավորապես այդպիսի խորհուրդ տվեց արդարադատության նախկին նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, մարտի 1-ի գործով պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ ՔՕ սխալ հոդվածով մեղադրանք առաջադրելու կապակցությամբ. «Ընդամենը անհրաժեշտ է ընթերցել Սահմանադրության 72-րդ հոդվածը: Ես հասկանում եմ, որ իշխանությունների համար շատ կարեւոր է ամենօրյա լարվածություն պահել: Բայց ես կարծում եմ, որ դա չի կարելի անել այս գնով: Եվ ես կարծում եմ, որ սա շատ լուրջ հարված էր թե՛ այլ բացահայտումներին, թե՛ նպատակին: Այս շտապողականությունը, որի արդյունքում խախտվում է Սահմանադրությունը, անթույլատրելի է»:  Բանն այն է, որ գեներալ Հարությունյանին մեղսագրվող արարքները տեղի էին ունեցել 2008-ի փետրվարի 22-ից մինչեւ մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում, իսկ ՔՕ այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել, ավելացվել է 2009թ. մարտին: Այսինքն` զարմանալիորեն Նոր Հայաստանում իրավապահները իրականացնում են ժողովրդավարության եւ իրավական պետության հետ անհամատեղելի բան` ավելի ծանր պատիժ նախատեսող ՔՕ դրույթները ստանում են հետադարձ ուժ: Օրինակ, եթե, ասենք, առաջիկայում Նիկոլ Փաշինյանի մասին թթու խոսք ասելը համարվի հանցանք (իսկ թավշակրոններից դա հեռու չէ), ապա քննիչների ճանկը կընկնեն բոլորը, ովքեր այդպիսի բան արել են, սկսած Նիկոլի ծնվելու պահից:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА