ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՏՎԱՐԱԹՂԹԵ ԹՈՒՐԸ ԵՎ ԲՀԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

04.07.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՏՎԱՐԱԹՂԹԵ ԹՈՒՐԸ ԵՎ ԲՀԿ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Եվ այսպես, հեղափոխության պատժիչ թուրը հասավ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետին եւ սպառնում է հասնել անձամբ ԲՀԿ առաջնորդին: Սակայն, խոշոր հաշվով, դա թատերական ստվարաթղթե թուր է, թեեւ դա չի նշանակում, որ այդ թուրը անվնաս է: Պատկերավոր ասած` ժամանակակից տեղեկատվական եւ քաղաքական տեխնոլոգիաները դրան արտաքնապես հաղորդում են գրեթե Թուր Կեծակիի տեսք:

ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅՈՑ 13-ՐԴ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ

 

ՆՈՐ «ՄԱՍԿԻ-ՇՈՈՒՆԵՐԸ»

Հանրային սկանդալային հնչեղություն ունեցող Մանվել Գրիգորյանի կալանավորման պատմությանը հետեւեցին ոչ պակաս գունագեղ շոուներ: Դիմակավոր իրավապահները ցուցադրական գործողություններ կատարեցին նաեւ Սերժ Սարգսյանի եղբայրների եւ թիկնազորի պետի նկատմամբ, սակայն գլադիատորական մարտերն անչափ սիրած ամբոխին նորանոր ներկայացումներ էին պետք` ի ամրապնդումն Նիկոլ Փաշինյանի վարկանիշի: Եվ ահա ընտրվեց հերթական թիրախը: Դա էլ «Հայաստան համահայկական հիմնադրամի» տնօրեն Արա Վարդանյանն է: Դատելով ԱԱԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից` այդ մարդը սիրում էր հիմնադրամի միջոցներով խաղալ առցանց խաղատներում, իսկ հետո անանուն նվիրատվության տեսքով այդ միջոցները տեղը դնել: Եվ վերջին մեկ շաբաթվա ընթացքում, ըստ ԱԱԾ-ի, նա հիմնադրամի բանկային քարտով 14 միլիոն դրամի է խաղացել այդ առցանց խաղատներում, իսկ 2016-2018թթ. ժամանակաընթացքում` անհամեմատ ավելի մեծ գումար: Բայց ԱԱԾ-ի կազմած փնթի հաղորդագրությունից պարզ չէ 130 միլիոն, թե միլիարդ դրամ է կազմել այդ գումարը, քանզի գրված է «շուրջ 130.000.000 մլն ՀՀ դրամ»: Եվ ինչո՞վ է Արա Վարդանյանը շատ հարմար որպես հերթական «մասկի-շոուի» թիրախ: Այն պատճառով, որ էմոցիոնալ շատ մեծ լիցք է պարունակում տեղեկատվական-քարոզչական այն բանաձեւը, թե տեսեք ինչպես էր այս մարդը կազինոներում տանուլ տալիս  Հայաստանի եւ Սփյուռքի հայերի կոպեկ-կոպեկ հանգանակած գումարները: Ըստ ԱԱԾ-ի հաղորդագրության. «Այս պահին «Հայաստան» համահայկական հիմնադրամում կատարվում են ստուգումներ` հնարավոր չարաշահումներն ու յուրացումները բացահայտելու, ինչպես նաեւ հանգանակված գումարների ծախսման օրինականությունը ճշտելու ուղղությամբ»: Միգուցե վերջում պարզվի, որ կազինոյասեր տնօրենը բոլոր գումարները տեղն է դրել, միգուցե, ընդհակառակը` յուրացման փաստը հաստատվի, բայց երկու դեպքում էլ բոլոր հնարավորությունները կան` զանգվածին զբաղեցնելու գունեղ եւ զգացմունքային շոուով: Իսկ որ այդ մարդուց անհամեմատ ավելի խոշոր շնաձկների անունը ոչ ոք չի հիշատակում, դա արդեն թամաշա սիրող զանգվածին եւ թամաշա կազմակերպող վարչակարգին առանձնապես չի էլ հետաքրքրում:

«ՍԵՎԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻ՞

 

ՏԳԵՂ, ԲԱՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՕԳՏԱԿԱՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Սակայն վերադառնանք Ծառուկյանի թիկնազորի պետին եւ նրա հետ կապված պատմությանը: Այն երկկողմանի տգեղ է: Ծանր վնասվածքներ ստացած տուժողի` ոստիկանության տված հաղորդման համաձայն, նրան սկզբում հարվածել է Գագիկ Ծառուկյանը, իսկ հետո թիկնազորի պետ Էդվարդ Բաբայանը ու եւս մեկ անձ: Ու այդ ամենը արտակարգ իրավիճակների նախարարի եւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահի ներկայությամբ: Սակայն տուժող կողմն էլ, մեղմ ասած, հրեշտակի թեւերով չէ: Ըստ ոստիկանական հաղորդագրության 4-րդ համատեքստի. «Տուժողի խոսքով` որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն: Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգեւներ է խոստացել, սակայն որդին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է` ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով»: Եվ, ի դեպ, տուժողը բավականին հայտնի ազատամարտիկ է, եւ ստացվում է, որ միջադեպը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ նա իր դասալիք որդու հարցը ինչ-որ կերպ փորձել է լուծել Ծառուկյանի միջոցով...

Անշուշտ, դա ԲՀԿ առաջնորդի անվան հետ կապվող ամենեւին էլ առաջին պատմությունը չէ եւ ամենեւին էլ իր հետեւանքով ամենածանրը չէ: Ընթերցողն ինքը Գուգլ որոնողական համակարգի օգնությամբ կարող է համացանցում պեղել շատ առատ նյութ: Սակայն, մեզ տվյալ դեպքում հետաքրքրում  է ոստիկանության գործողության քաղաքական ասպեկտը: Իսկ քաղաքական բովանդակությունը հետեւյալն է` որ առաջիկա ընտրություններում (լինեն դրանք արտահերթ, թե, այնուամենայնիվ, բանը հասնի 2022 թվականին) ԱԺ մեծամասնություն նվաճելուն հավակնող Ծառուկյան դաշինքին ցույց է տրվում, որ Ծառուկյանի թիկնազորի մինչ այդ անձեռնմխելի պետին փնտրելու նպատակով իրավապահները կարող են հերթով ներխուժել Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներ, եւ ինքը` Ծառուկյանն էլ, երաշխավորված չէ իրավապահների ուշադրությունից եւ գործողություններից: Բնականաբար, դա ենթադրում է Փաշինյան-Ծառուկյան խուլ կամ բացահայտ հակամարտություն, քանզի ակնհայտ է ձգտումը չեզոքացնել ՔՊ-ին սպառնացող ծառուկյանական վտանգը առաջիկա ընտրություններում: Թերեւս ՔՊ-ում բավարար չեն համարել այն ջանքերը, որն ուղղված են արտահերթ ընտրություններն անպայման արագացնելուն, առավել եւս, որ երաշխավորված չէ դրան հասնելը, ու որոշել են ամեն կերպ թուլացնել եւ չեզոքացնել Ծառուկյանին եւ վերջինիս գլխավորած քաղաքական ուժին: Ու զարմանալի չի լինի, եթե բարեգործության մասին օրենքը եւս մեկ անգամ գա խորհրդարան, ասենք` բարեգործական հիմնադրամները քաղաքական գործիչների անունով կոչելու արգելքով: Գումարած դրան, հարց է ծագում` այս դեպքում հեղափոխության ստվարաթղթե պատժող թուրը կծալվի՞, թե` կտրել-ծակելու հատկություններ ձեռք կբերի: Ինչեւէ, հետաքրքիր զարգացումներ այդ ուղղությամբ կլինեն, առավել եւս, որ փաշինյանական քարոզչամեքենայի ջանքերով «բարի ժողովրդական օլիգարխի» կերտած կերպարին կարող է փոխարինելու գալ եւ մի նոր, ահասարսուռ կերպար` «մասկի-շոուներով» ցուցադրվող այնպիսի դրվագներով, որոնց համեմատ գեներալ Մանվելի «տուշոնկեքը» եւ աշակերտական նամակները աշակերտական խաղ կթվան:

«ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ» ՕՐԻՆԱՉԱՓ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ «ԱԼԲԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԵՐԸ»

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով հարցաքննության է հրավիրվել. նրան ծանուցում է ուղարկվել: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում է իրավապահ համակարգի վստահելի աղբյուրը:

«Հանցավոր ռեժիմի» հին եւ բարի ժամանակներում «Արմենպրեսը», կարծես թե, իրավապահ համակարգի եւ այլ համակարգերի անանուն վստահելի աղբյուրներ չէր հիշատակում, բայց դա ընդամենը դետալ է: Իսկ կարեւորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի անձի շուրջ էլ գունեղ բեմականացում է լինելու, քանզի հանրության աչքի գրող 2-րդ նախագահի նկատմամբ ցանկացած սպասվող կամ իրականացված գործողություն բուռն ծափողջույններով է ընդունվելու: Հանրային թամաշայի հերթական, այս անգամ քոչարյանական արարի մասին վկայում է նաեւ այն, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հսկայական տառերով տեքստ է գրել, որ փնտրվում են ալբաներենի լավ իմացությամբ քննիչներ: Չգիտենք` արդյոք այդպիսի կատակը կկարողանա մարսել թավշակրոն նախարարը, թե` քոչարյանականները կորոշեն, որ նրան «չի հասնում» այդպես արտահատվել Ռոբերտ Սեդրակիչի մասին, բայց դիվիդենտաբեր շոու թերեւս հաստատ կլինի: Ի դեպ, մարտի 1-ի գործով կալանավորման նպատակով որոնվում են պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը... Ու, խոշոր հաշվով, ով կարող է երաշխավորել, որ այդ նույն գործով ապագայում չեն հետախուզվելու եւ ԲՀԿ առաջնորդի թիկնապահները: Չէ՞ որ քաղաքական վարկանիշի եւ նպատակահարմարության տեսակետից դա շահեկան է «անսխալական» հեղափոխական վոժդ Նիկոլ Փաշինյանին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА