ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԾԾ-ի կինոներով ժողովրդին երկար կերակրել չես կարող, կամ ո՞րն է գեներալ Վաչիկի մեղքը

27.06.2018 14:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԱԾԾ-ի կինոներով ժողովրդին երկար կերակրել չես կարող, կամ ո՞րն է գեներալ Վաչիկի մեղքը

Օրերս  ցույց տվեցին ԱԱԾ-ի (որն արդեն հեգնական սկսել են անվանել ԱԾԾ) սերիալի հերթական սերիան Վաչագան Ղազարյանի ձեռբակալության վերաբերյալ սյուժեով: Ընդ որում, ցուցադրվում էին պայուսակից հանվող մեծ ախորժելի փողերի կապոցներ, այն էլ` այնպիսի տագնապա-մռայլ երաժշտության ներքո, որ հեռուստադիտողը ակամա սարսռում էր Վաչոյի կատարված «հանցանքի» չափերի ահավորությունից: Ժանրի օրենքներով հեռուստադիտողը պետք է շոկ ապրի եւ սկսի աշխարհի անեծքներն ուղարկել այդ «թալանչիի» գլխին: Գեներալի ուղեկցոներին տապալում էին գետին, ձեռքերը ծալում մեջքի հետեւին: Հեռուստադիտողը հրճանքի մեջ է` չարը տապալվեց: Ծափահարություններ:

Բժիշկն ու ընտանիքի անդամներն այցելել են գեներալ Մանվելին. «Ո՞նց է պապիկը մնում այդտեղ». «Հրապարակ»

Սակայն որոշ` երբեմն ինքնուրույն մտածող մարդկանց մոտ,  մի շատ անհարմար հարց է ծագում. իսկ ո՞րն էր գեներալի հանցանքը: Գեներալը այդ ինչ մի սարսափելի արարք էր անում, որ նրան այդպիսի մեծ աղմուկով ձեռբակալեցին անմիջապես բանկից դուրս գալուց հետո: Սովորաբար այդպես են ձերբակալում բանկ թալանողներին, սակայն  պարզվեց, որ գեներալ Վաչոն բանկ չի թալանել, այլ իր իսկ հաշվեհամարից գումարներ է հանել: Սակայն այդ ո՞ր օրվանից է, որ մարդն իր սեփական գումարները բանկից հանելու իրավունք չունի : Եվ հենց այդ պահին նրան պարտադիր պետք է բերման ենթարկեն, նկարահանեն, ցուցադրեն թե ինչքան գումար է նա  հանել, նվաստացնեն պատերազմով անցած գեներալին: Պարզվում է, որ, ըստ ԱԱԾ-ի, եթե Վաչոն մնար ազատության մեջ, նա պատրաստվում էր մեկ այլ բանկում կանխիկացնել իր եւ իր կնոջ անձնական հաշիվներին ունեցած 1.5 միլրդ դրամ գումարը: Վայ-վայ-վայ, նման բան անգամ դժվար է պատկերացնել, իր  հաշվից քիչ էր, մի հատ էլ կնոջ գումարներն էր ուզում կանխիկացնել: Սակայն նման «բացատրությունից» անհարմար հարցը էլ ավելի է անհանգստացնում առանձին հակապետական մտածողություն ունեցող քաղաքացիներին` իսկ ո՞րն էր գեներալի հանցանքը:

Իսկ գուցե գեներալ Վաչոյի հանցանքը այն է, որ նա շատ գումար է հանել բանկից, սակայն ինչքան էլ փորփրեցինք քրեական օրենսգիրքը, որեւէ սահմանափակում այդ առումով գտնել չհաջողվեց: Գտնել չհաղոջվեց նաեւ որեւէ սահմանափակում, թե Հայաստանում մարդը ինչքան գումար պետք է ունենա, որ դա համարվի քրեական հանցագործություն եւ նրան կալանավորեն: Օրինակ` եթե քրեական օրենսգրքում գրված լիներ, որ մարդը կարող է ունենալ ոչ ավել քան 1 մլրդ դրամ, ապա հասկանալի կլիներ, թե ինչու են կալանավորել Վաչոյին, բայց քրեական օրենսգրքում այդպիսի բան թարսի պես գրված չէ: Հետեւապես առանձին հակապետական մտածողություն ունեցող քաղաքացիների համար անհայտ է մնում, ի վերջո, ինչո՞ւ են կալանավորել մարդուն եւ ինչո՞ւ են ասում, որ դա ապօրինի հարստացում է: Եթե ապօրինի հարստացում է ինչո՞ւ դրա մասին մերկապարանոց հայտարարություններից բացի, որեւէ հիմնավորում ԱԱԾ կինոյում այդպես էլ չբերվեց: Ասվեց նաեւ, որ Վաչոն չի հայտարարգրել իր ունեցած գումարները: Սակայն ոչ մի տեղ, ոչ մի օրենքում չի ասված, որ չհայտարարագրելու համար մարդուն փողոցից բռնում տանում են բանտ: Եթե այդպես է, ապա բոլորին, այդ թվում` ներկայիս կառավարության անդամների մեծ մասին, ովքեր կիսատ-պռատ են հայտարարագրել իրենց ունեցվածքը, պետք է փողոցից բռնեն եւ տանեն:

Մաշադյանը սկսել է իր ծանոթ-բարեկամներին տեղավորել ՊԵԿ-ում. Ալեքսանյանը նրա եղբոր փեսան է. «Ժամանակ»

Վարչապետ Նիկոլը իր ԱԱԾ-ով երկիրը սարքել է էժան բեմականության հարթակ: Մեկ`«Մասկի շոոու» են ցույց տալիս, մեկ` «բռնոցի-պպզոցի» են խաղում, այնպիսի տպավորություն է, որ էս երկրում կա մենակ Նիկոլ ու ԱԱԾ-ի սեւ շորերով դիմակավորված դերասաններ: Այս ամենը կլիներ շատ զվարճալի, եթե  աստիճանաբար չստանար քաղաքական հաշվեհարդարի,  հետապնդումների,  Նիկոլի ասած` վենդետայի տեսք: Ակնհայտ է, որ ԱԱԾ-ն չպետք է զբաղվի այն ամենով, ինչով զբաղվում է եւ պետք է զբաղվի նրանով, ինչով չի զբաղվում: Սակայն, հավանաբար ոչ մի այլ ուժային կառույց ցանկություն չունի կատարել քաղաքական  հետապնդումների  կամ քաղաքական ոստիկանության կեղտոտ դերը: Այդ պատճառով է, որ չգիտես ինչու ԱԱԾ-ն զբաղվում է ե՛ւ ապօրինի զնեքով, ե՛ւ ժամկետանց տուշոնկայով, ե՛ւ  թաքցրած հարկերով, ե՛ւ յուրացումներով, ե՛ւ  ապօրինի հարստացածներով: Մի խոսքով, այն ամեն ինչով, ինչ իրեն հանձնարարում է անձամբ ժամանակին այդքան ժողովրդավարական երեւացող Նիկոլը: Սակայն ակնհայտ է, որ ԱԱԾ-ն զբաղվում է զուտ Սերժ Սարգսյանի մերձակա շրջապատով: Հանրությունը արդեն  կորցրել է հաշիվը, թե քանի հոգու են բռնել, քանիսին` կալանավորել, քանիսին` ձերբակալել, քանիսին` բռնել բաց թողել:

Գուցե հետագայում պարզվի նաեւ, որ գեներալ Ղազարյանը իրոք ապօրինի է հարստացել, սակայն  այդ դեպքում նույնպես անհասկանալի էր մնում, թե ինչու էր պետք նրան այդպիսի աղմուկով կալանավորել: Միայն այն պատճառով, որ կասկածներ կան, որ ապօրինի է հարստացել: Այդ դեպքում  պետք է ենթադրել, որ մոտակա օրերին հարյուր հազար դոլարից ավել  բոլոր ավանդ ունեցողներին, դղյակատերերին, «Բենթլի» քշողներին նույն կերպ փողոցներում կալանավորելու են, իսկ ուղեկցողներին տապալելու են գետնին, քանի որ վերոհշյալ բոլոր մեծահարուստների նկատմամբ կարելի է ունենալ կասկած ապօրինի հարստացման մեջ: Իսկ եթե այդպես չլինի, ուրեմն գեներալ Վաչագան Ղազարյանի դեմ իրականացվել է քաղաքական հետապնդում, եւ Նիկոլի այն խոսքը, թե իբր Հայաստանում փակված է քաղաքական հետապնդումների էջը, իրականության հետ որեւէ առնչություն չունի, այլ ընդհակառակը` կարծես թե գործ ունենք ոչ թե քաղաքական հետապնդման էջերի, այլ գրվելիք հաստափոր գրքի հետ:

Բոլոր դեպքերում, գուցե եւ մենք ենք սխալվում, եւ սա բնավ էլ քաղաքական հետապնդում չէ: Այդ դեպքում պարոնայք եւ տիկնայք մեծահարուստներ, փախեք ու փրկվեք, բանկից գումարներ չհանեք, բանկային գաղթնիքի վրա հույս չունենաք` սա ձեր համար Շվեյացարիա չէ, ձեր ավանդները նվիրաբերեք հայրենի հեղափոխական կոմիտեին, ներեցեք, կառավարությանը` պետբյուջեի ծակերը փակելու համար: Դղյակները փոխանցեք ԱԱԾ-ի պետին, այնտեղ մանկապարտեզներ կազմակերպելու համար, ձեր թանկ ավտոմեքենաները փոխանցեք կառավարության գործերի կառավարչությանը, այդտեղ դրանց կարիքը առավել մեծ է` կառավարության անդամներին դեպի բլոտախաղ տեղափոխելու եւ նրանց ընտանիքների անդամներին սպասարկելու առումով: Եվ չմոռանաք գովալ, շատ գովալ անձամբ Նիկոլին ու իր կառավարությանը, թե չէ հանկարծ ձեզ Նիկոլը կմեղադրի հակապետական գործունեության եւ, անգամ, սաբոտաժի մեջ: Իսկ եթե դրան գումարվի ապօրինի հարստացումը եւ գումարների չհայտարարագրելը, ապա ցմահ բանտարկությունը ձեզ համար ապահոված է:

«Ջավախքին պետք է կայուն, խաղաղ, հանգիստ Հայաստան»

Իհարկե, կարող է ապագայում լինել իրավիճակի փոփոխություն եւ ձեզ իրավիճակի փոփոխության կապակցությամբ ազատ արձակեն, ձեր տեղը այս անգամ նստեցնելով Նիկոլի կառավարության անդամներին, «ախռանայի» պետին եւ այդպես շարունակ: Իսկ իրավիճակի փոփոխություն կարծես թե լինելու է  շուտով, քանի որ Նիկոլը իր խոստումներից եւ ոչ մեկը չի կատարել` թոշակ ու աշխատավարձ չի բարձրացրել, հարկերը չի իջեցրել, տեսախցիկները փողոցներից չի հանել, մենաշնորհները չի վերացրել եւ այս շարքը կարելի է երկար շարունակել: Իսկ ԱԱԾ-ի կինոներով ժողովրդին երկար կերակրել չես կարող: Հաց էլ է պետք տալ, հաց, պարոնայք բեմադրիչներ:

Արմենակ Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА