o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՍՈՒՄ ԵՔ` ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵ՞ՆՔ

26.06.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՍՈՒՄ ԵՔ` ԿՐԿԵՍԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՀԱՅՐԵՆԻՔ ՉՈՒՆԵ՞ՆՔ

Այսպիսի բան պատկերացնել չէինք կարող` որ հրապարակային շրջանառության մեջ կհայտնվի լուսանկարը, թե ինչպես չորս նախարարներ` այդ թվում եւ պաշտպանության նախարարը, բլոտ են խաղում, ընդ որում` հրապարակվում է նաեւ բլոտի հաշիվը: Ինչպես կռահեցիք, հրապարակողը այդ թղթախաղի մասնակից պատանի նախարար Մխիթար Հայրապետյանն է:

«ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ ԳԱՐՇԱՀՈՏ, ԲԱՅՑ ՀՊԱՐՏ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

 

ԲԼՈՏԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ

Անշուշտ, նախարարներն էլ կարող են կիրակնօրյա հանգստի ժամերը անցկացնել` ինչպես հարկ են համարում, սակայն, այսպես ասած, «պատերազմից հինգ պակաս» վիճակում պաշտպանության նախարարի մասնակցությամբ թղթախաղի լուսանկար հրապարակելը, մեղմ ասած, անլրջության քարոզչություն է: Քաղաքացիները ի՞նչ տպավորություն պետք է ստանան դրանից: Դե, քանի որ ռազմահայրենասիրական ամենայն ինչ պախարակվում եւ շրջանառությունից հանվում է, ճիշտ այնպես, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիներին, այժմ կրկնվում է այն, ինչը կար միայն նույն այդ տխրահռչակ տարիներին` օդանավակայանում ռազմական ոստիկանության հերթապահություն, որպեսզի զորակոչիկները չճողոպրեն: Երեւի թե, մի  քսան տարի կլինի, որ այդպիսի խայտառակության ականատես չենք եղել, բայց... երկրում իրավիճակ է փոխվել: Բլոտն արդեն կառավարական մակարդակով քաղաքական կատեգորիա է դարձել: Իսկ բլոտը քաղաքականություն բերելը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով: Նա երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, ԱԺ ամբիոնից խոսում էր բլոտի տերմինաբանությամբ` է՛լ քվանշ էր հայտարարում, է՛լ «կապուտ անելուց» էր խոսում... Դե պարզ է, որ Փաշինյանի կուսակից նախարարից, առավել եւս, Սփյուռքի պատանի նախարարից նման բան հեռու չէ, թեեւ դա չպետք է լիներ ցանկացած նախարարի պարագայում: Բայց առավել զավեշտալի է, որ այդ պատանու խելքին կարող է ընկնել պաշտպանության նախարարի պես լուրջ մարդը: Մի ուրիշ խորհրդանշական բան էլ տեսանք` խորոված Օպերայի շենքում: Եթե «հանցավոր ռեժիմի» օրոք մշակույթի նախարարը համարձակվում էր շենքի ներսում փոքրիկ սրճարան բացել, նրան հոշոտում էր ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ մամուլը, իսկ հիմա ամբողջը հանգիստ կարող է խորովածանոցի վերածել, եւ ոչ ոքի պետքը չէ: Այդ նույն «հանցավոր ռեժիմի» օրոք կար մի բանաձեւ. «Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք»: Բայց հիմա նման է, որ բացի կրկեսից ոչինչ չունենք:

ԹԱՄԱՇԱ + ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ, ԲԱՅՑ ԱՌԱՆՑ ՀԱՑԻ

Ի դեպ, ռազմահայրենասիրական ամենայն ինչը արմատախիլ անելու մոլուցքը գործնականում կազմալուծեց այնպիսի կառույցը, ինչպիսին «Երկրապահն» է: Քիչ է, որ ԱԱԾ-ն կամ ոստիկանությունը ԵԿՄ գրասենյակներով մեկ «մասկի-շոու» են անում, դրան գումարվեց նաեւ ԵԿՄ-ն լուծարելու կոչը: Այսինքն` մոբիլիզացիայի այդպիսի լրացուցիչ օպերատիվ ռեզերվը մենք հիմա չունենք: Փոխարենն ունենք հետեւյալ տարօրինակությունը` ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը հայտարարեց, որ ԵԿՄ առաջիկա համագումարում քննարկվելու է խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու հարցը: Այսինքն` «Երկրապահը» սահուն վերածվում է նիկոլապահի՞... Հնարավոր տարբերակ է, քանզի ՔՊ-ն այդպես էլ չի կարողանում արագորեն ձեւավորել տեղական կուսակցական բջիջներ: Դրանով անաշուշտ զիջում են բոլշեւիկներին, բայց մեթոդաբանությամբ լավ էլ ընդօրինակում են: Հիմա ինչի՞ է վերածվել ԱԱԾ-ն, որի գործառույթը հետախուզությունն է, հակահետախուզությունը, սահմանադրական կարգի պահպանումը եւ ազգային անվտանգությանը սպառնացող այլ մարտահրավերները: Այդ տեսանկյունից, ասացեք խնդրեմ, ինչո՞ւ պետք է ԱԱԾ-ն մոգոնի մի քանի կիսանեխած ատրճանակ, կամ ստուգի, թե ինչ կա մի ռեստորանի հաշվապահությունում, կամ ինչքան հարկ են թաքցրել այս կամ այն սուպերմարկետում: Բա Հարկային տեսչությունը, ոստիկանությունը, այլ քննչական եւ հետաքննչական մարմինները էլ ինչի՞ համար են: Նման է, որ ԱԱԾ-ն վերածել են հիմնականում թամաշայի գործիքի: Եթե մեկին պետք է բերման ենթարկեն, անպայման դիմակավորված ներխուժում են, թեեւ այդպիսի գործողություն պետք է, եթե մարդը պատրաստվում է զինված դիմադրություն ցույց տալ, կամ փախուստի ստույգ մտադրություն ունի: Ներխուժելիս էլ անպայման` դուռ ջարդելով, թեեւ բանալին տրամադրողը կարող է կողքները կանգնած լինել: Ու մարդկանց էլ չեն բարեհաճում բացատրել` ինչո՞ւ են այդ դիմակահանդեսով տանում: Դե, հո չե՞ն ասելու, որ ժողովրդին պետք է թամաշա ցույց տան... Ու այդ դերասանությանը մասնակից են դարձնում բարձրակարգ պրոֆեսիոնալների` ԱԱԾ-ի հատուկ ջոկատներին: Եթե սա կրկես չէ, ապա ի՞նչ է: Եվ իզուր չէ, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի շտապում որեւէ գնահատական տալ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի եւ պաշտոնաթող նախագահի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի ձերբակալություններին. «Ես այս պահին զերծ կմնամ որեւէ գնահատական տալուց, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կներկայացնի նրանց ձերբակալելու հիմքերը, հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, այն ժամանակ էլ գնահատական կտամ եւ կանդրադառնամ դրանց իրավական հիմքերին»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

Ի դեպ, Ալեքսանդր Սարգսյանին ոստիկանությունից փոքր-ինչ անց ազատ են արձակել: Իսկ ավելի վաղ Շմայսին հարցաքննելուց հետո ազատ են արձակել, ինչի վերաբերյալ նա ասել էր, որ «շատ շնորհքով ներխուժել էին», եւ ինքը շատ գոհ է ԱԱԾ-ից: Բայց ԱԱԾ-ի կամ ոստիկանության հատուկ ստորաբաժանումների «մասկի-շոուները», բացի ժողովրդին թամաշայով ապահովելուց (իսկ գնալով ժողովուրդն ավելի ու ավելի շատ է թամաշա ուզելու),  ունի մեկ այլ գործառույթ: Վախի, դիկտատուրայի մթնոլորտի հաստատումը: Որպեսզի ոչ ոք իրեն ապահովագրված չզգա, որ վաղն իր մոտ չեն ներխուժելու այդպես, ու այդ ամենը հեռուստացույցով ցույց տալու: Իսկ երբ դրան գումարվում է լրատվամիջոցների դեմ արշավը, ապա պարզ է դառնում, որ Փաշինյանի վարչախումբը, չկարողանալով ժողովրդի հացի հարցը լուծել, թամաշային ավելացնելու է եւ ահուսարսափը: Դե, թավշյա տեռորի ահագին փորձ արդեն կուտակվել է: Կառավարությունում չքմեղանում են, թե ոչ մի կապ չունեն համացանցում գործող վճարովի «ֆեյքերի» պատժիչ ջոկատների հետ, որ իբր թե սոցիալական ցանցերում չհամաձայնողների բերանը փակողը «ժողովուրդն» է, այն էլ` «ինքնաբուխ», սակայն դա նույնքան «ինքնաբուխ» է, որքան Նիկոլի ապրիլյան հանրահավաքները: Եթե կասկածելիորեն արագ այդ կեղծ օգտատերերը կատաղորեն արձագանքում են կառավարության անդամների ու, առավել եւս, վարչապետի ամեն մի ակնարկին եւ դա կյանքի կոչում, ապա արի ու հավատա, որ դրանք ուղղակիորեն չեն հրահանգվում մեկ կենտրոնից: Դե իհարկե հրահանգվում են: Ու այսօր եթե դրանք որեւէ լրատվամիջոց ենթարկում են հայհոյանքներով, սպառնալիքներով եւ այլ բաներով գրոհի, վաղը չպետք է զարմանալ, եթե ԱԱԾ-ի դիմակավորները սկսեն խմբագրություններ ներխուժել: Իսկ եթե համացանցում վայրագ հալածանքի են ենթարկվում անգամ փաստաբանները, ինչն անպատկերացնելի էր նույնիսկ 1930-ականներին, ապա կարելի է ասել, որ որոշ առումներով թավշակրոնները գերազանցել են կարմիր բոլշեւիկներին: Գերազանցել են նաեւ մատնագիր գրողների` ստուկաչների բուծման հարցում: Եթե 1930-ականներին ստուկաչությունն արվում էր թաքուն, ապա այժմ դա արվում է բացահայտ, հենց նույն Ֆեյսբուքի հրապարակային տարածքում, ու պարզապես ապշում ես, թե քանի-քանիսներն են գենետիկ, պապական մատնիչներ: Նորմալ մարդկանց մոտ Նիկոլ Փաշինյանի` «հակապետական քարոզչության» մասին  ակնարկից հետո համակարգիչը դեն նետելու ցանկություն էր առաջանում, քանզի աստղաբաշխական քանակով համացանցում հայտնվեցին  հրապարակային «դանոսներ», թե ով երբ ու որ հանգամանքներում Նիկոլ Փաշինյանի հասցեին թթու խոսք է ասել, թեկուզ դա եղած լինի տարիներ առաջ: Ու ակամա սարսափով մտածում ես` բա նոր ուստարվա մեկնարկի հետ էլ ինչքա՜ն պավլիկմորոզովներ կսկսեն բուծել դպրոցներում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА