ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շախմատում եւ քաղաքականության մեջ լինում են անհավանական երեւույթներ»

22.06.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊՈՐՏ
«Շախմատում եւ քաղաքականության մեջ լինում են անհավանական երեւույթներ»

Չորս տարի առաջ այս օրը` հունիսի 22-ին, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԸ ընկերական շախմատային հանդիպման ժամանակ ո՛չ ավել, ո՛չ պակաս հաղթեց շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Հետադարձ հայացք նետելով այս հատկանշական իրադարձությանը, ինչը ժամանակին արժանացավ հանրության լայն արձագանքին, «Իրավունքը» զրուցեց չեմպիոնին հաղթած պատգամավորի հետ:

«Կաթողիկոսն ունի շատ մեծ թերություն...»

– Այն ինձ համար, հիրավի, պատմական իրադարձություն էր եւ, կարելի է ասել, իմ 52-ամյա կենսագրության ամենանշանավոր օրը, որ Աստծո բարեհաճությամբ` տեղի ունեցավ: Իհարկե, ինձ համար սա շատ կարեւոր եւ հետաքրքիր ձեռբերում էր, եւ անկախ հանգամանքից` արդյունքն ինձ մոտ հրճվանքի գլխապտույտ առաջացրեց:  2014 թվականի հունիսի 20-ին աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կառլսենը Դուբայում նորից վերահաստատել էր իր բացարձակ չեմպիոնի տիտղոսը: Իսկ երկու օր անց այցելեց Հայաստան: Իմ գործընկեր Սամվել Ֆարմանյանը հենց իմ ներկայությամբ զանգահարեց Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին եւ առաջարկեց, թե կարո՞ղ է Մագնուս Կառլսենը պատիվ համարել նաեւ պատգամավորների հետ ընկերականան հանդիպում ունենալ: Լպուտյանն առաջարկին միանգամից չպատասխանեց, բայց ժամուկես հետո զանգահարեց եւ ասաց, որ համաձայնել է հանդիպել հայ պատգամավորների հետ: Այդ հանդիպմանը պատգամավորներից մասնակցեցինք ես, Սամվել Ֆարմանյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Լյովա Խաչատրյանը եւ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Կարողացա հասնել հաջողության եւ իմ պատմական G4 քայլը դարձավ իմ հաղթանակն ու ցնծությունը:

– Պարոն Վարդապետյան, արդեն չորս տարի է անցել, չե՞ք պատրաստվում կրկնել հաղթանակը:

– Ցանկություն կա Մագնուս Կառլսենին հանդիպելու ու նորից հիշելու 4 տարի առաջ տեղի ունեցած պարտիան: Բայց չեմ փափագում հանդիպել` ռեւանշի համար: Սա այդքան էլ ցանկալի չէ ինձ համար, որովհետեւ արդյունքն արդեն կանխատեսելի է:

– Շախմատային տախտակի վրա տեղի ունեցող խաղը հաճախ նմանվում է քաղաքականությանը: Եթե փորձենք զուգահեռներ տանել, ինչպե՞ս կմեկնաբանեք այն, ինչ տեղի ունեցավ մեր իրականությունում վերջին ամիսներին: 

– Մինչեւ հիմա այն կարծիքին էի, որ շախմատն ու քաղաքականությունն ուղիղ համեմատական են, բայց երկու դեպքում էլ լինում են անհավանական երեւույթներ: Այնպես որ, երբեք մի՛ ասա` երբեք, լինում են այնպիսի իրավիճակներ, որ անսպասելի են դառնում: Մնում է ասել, որ այն, ինչ տեղի ունեցավ, գոնե թող հաջողություն բերի մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր ազգին:

«Ովքե՞ր են իրենք, որ պատերազմից վերադարձած տղերքին համարեն պատուհաս պետության գլխին»

– Բայց Ադրբեջանը չի սպասում եւ առնվազն հայտարարությունների տեսքով անում է իր շախմատային քայլը: Օրինակ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, թե պատրաստում են պատերազմի եւ «ազատագրելու են «օկուպացված» տարածքները»: Ի՞նչ կասեք այս մասին:

– Չգիտեմ, թե ինչ է հայտարարել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, կներեք, բայց ես վաղուց թքած ունեմ նրանց հայտարարությունների վրա` կապված պատերազմի հետ: Եվ ուզում եմ ընդգծել` որքան էլ սարսափելի թերություններ վերջին օրերին բացահայտվեցին, միեւնույնն է, ապրիլյան պատերազմը ինձ համար մնում է ազնիվ հաղթանակի խորհրդանիշ, որովհետեւ այդ օրերին մենք համախմբվեցինք` աշխարհին զարմանալի կերպով, ու ջարդուփշուր արեցինք ոսոխի մռութը: Ճիշտ է, հենց այդ օրերին էլ բացայատվեցին նաեւ շատ թերություններ` տեխնիկայի, փամփուշտի եւ այլնի պակաս, բայց ազգային ոգին այնքան ակնհայտ միաբանված էր, որ ունեցանք հերթական հաղթանակը:

– Իսկ իրենց հաշվարկով ասում են, թե Ադրբեջանն է հաղթել 2016-ի ապրիլին...

– Ո՞ւմ են հաղթել: Զինտեխնիկայի եւ առհասարակ` զինուժի անհավասար պայմաններում մենք դարձյալ կարողացանք ունենալ լրջագույն ձեռքբերում, իսկ նրանց նպատակն իրենց կոկորդում մնաց: Եվ այդպես լինելու է դարձյալ, եւ անգամ եթե այդ պաշտոնյայի հայտարարած պատերազմը տեղի ունենա, վստահ եմ, որ հայ ժողովուրդը նորից բռունցքվելու է եւ արժանի հակահարված է տալու: Չէ որ մենք մեր  պատմական հայրենիքն ենք պաշտպանում, չենք գնում ուրիշի ունեցածին տիրանալու: Սա մեզ համար հայրենական պատերազմ է: Եվ մենք պետք է կարողանանք այն հասցնել ցանկալի հաղթական հանգրվանի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА