ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սկզբունքային անսկզբունքայնություն «Լուսավոր Հայաստանում»

22.06.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Սկզբունքային անսկզբունքայնություն «Լուսավոր Հայաստանում»

Ուղիղ 10 օր առաջ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԸ հայտարարեց, որ դադարեցնում է այս պաշտոնում իր լիազորությունները եւ հենց այդօրվանից, արդեն որպես քաղաքացի, շարունակելու է ուշիուշով հետեւել քաղաքական բոլոր զարգացումներին: Իսկ այսպիսի սկզբունքային որոշման պատճառն այն էր, որ նա դեմ է եղել պարտադիր կուտակային համակարգին, իր համախոհների հետ միասին այդ համակարգի դեմ կազմակերպել է ցույցեր եւ հիմա էլ գտնում է, որ կուտակային համակարգը պետք է առանցքում ունենա ազատ կամարհայտնության եւ ընտրության հնարավորության սկզբունքը` հաշվի առնելով համակարգի ռիսկայնությունը եւ երկարաժամկետությունը: Մինչդեռ, ըստ Թանդիլյանի, երկար քննարկումներից հետո պարզ է դարձել, որ իր առաջարկը չունի կառավարության աջակցությունը: Փոխարենը առաջ է քաշվել այլ տարբերակ, ինչի հետեւանքով էլ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը: Ինչեւէ, Մ. Թանդիլյանի սկզբունքային այս որոշումը, ինչն արժանացավ հանրության գովեստի խոսքերին ու բարձր գնահատականին, տեւեց ընդամենը 10 օր: Պարզվում է` 10 օր առաջ նա ոչ թե որպես քաղաքացի էր շարունակում հետեւել քաղաքական զարգացումներին, այլեւ որպես անսկզբունքային պաշտոնյա` շարունակում էր պաշտոնավարել: Վարչապետը չէր ընդունել հրաժարականը, Թանդիլյանն էլ` փոշմանել: Հենց այս ամենի շուրջ էլ զրուցեցինք նախարարի հետ:

Լուսավոր Հայաստանը Երևանի քաղաքապետի թեկնածու ունի. Դավիթ Խաժակյան

10 ՕՐ Է ԲԱԺԱՆՈՒՄ ՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՍԿԶԲՈՒՆՔԱՅՆՈՒԹՅՈՒՆ

– Տիկին Թանդիլյան, ի վերջո, ինչո՞ւ էիք հրաժարական տվել էլ, հետո էլ ընդունել ՀՀ վարչապետի առաջարկը` մնալ եւ շարունակել պաշտոնավարել:

– Հրաժարականը պայմանավորված էր բացառապես կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իմ դիրքորոշումով, որը մնացել է անփոփոխ: Մենք այս համակարգի վերաբերյալ պատրաստվում ենք փոփոխությունները ներկայացնել խորհրդարանի հաստատմանը աշնանային նստաշրջանին` նպատակ ունենալով առաջարկվող փոփոխությունները ներդնել 2019թ. հունվարի 1-ից:

– Ձեր հրաժարականից հետո` բոլորը գնահատեցին ցուցաբերած սկզբունքայնությունը, սակայն մնալով այս պաշտոնին` չե՞ք մտահոգվում, որ հիմա էլ մեղադրելու են անսկզբունքայնության մեջ:

– Սկզբունքայնությունն ունի մեկ նպատակ` բարեփոխել: Եվ եթե քայլեր կան, որոնք ծառայելու են բարեփոխելու նպատակին, սա է առաջնայինը: Միշտ ասել եմ, որ պետության շահն առաջնային է ինձ համար: Ինձ համար նաեւ առաջնային է կուտակային համակարգի այնպիսի տեսքով ներդրումը, որն ընդունելի կլինի լայն հանրության համար:

– Երկու ամսվա ընթացքում պետք է նոր նախագիծ բերեք, այն կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը պահպանելո՞ւ է:

– Կներկայացնեմ նախագիծը, կծանոթանաք եւ նաեւ հանրության քննարկումների արդյունքում կունենանք այն տեսքը, որն ընդունելի, հասկանալի եւ ընկալելի կլինի:

ԷՄՈՑԻՈՆԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԹԱՆԴԻԼՅԱՆԻՑ

– Նախկինում էլ էր այս ամենն ասվում, բայց Դուք նախընտրեցիք հրաժարականի դիմում գրել: Ինչո՞ւ:

– Որովհետեւ անհրաժեշտություն կա, որպեսզի այդ համակարգը ներդրվի այն տեսքով, որ նոր միացողների համար, իմ խորին համոզմամբ, լինի ընդունելի: Այս առումով մենք հիմա ունենք պայմանավորվածություն վարչապետի հետ, որ այդ աշխատանքը կշարունակվի եւ դիտարկելով խնդրի իրավական կողմը, մյուս տարբեր կողմերը, նաեւ հանրության հետ աշխատանք տանելով` կկարողանանք բերել օրենքն այն տեսքի, որ հանրության համար լինի ընկալելի:

– Այսինքն` ստացվո՞ւմ է, որ ժամանակին նպատակները չէիք գիտակցում եւ էմոցիոնալ հայտարարություն էր Ձեր հրաժարականը:

– Ես նույնիսկ ավելի շատ մեղադրվում եմ ոչ էմոցիոնալ լինելու մեջ: Իրականում որեւէ էմոցիա չկա: Հստակ ներկայացրել եմ իմ հրաժարականի պատճառը եւ հիմա էլ հստակ նշել եմ, թե ինչ պայմանավորվածություն ունենք ու ինչ ենք անելու:

Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա

– Վերջիվերջո, կուտակային կենսաթոշակի համակարգի առումով վերջնական լուծումն ինչպե՞ս եք տեսնում:

– Ես կներկայացնեմ նախագիծը, եւ այստեղ կլինեն ձեզ համար հստակ լուծումները: Իսկ լուծումները տարբեր են եւ բազմաթիվ: Միայն ասեմ, որ այնտեղ կամավորության սկզբունք լինելու է, թե ինչ սկզբունքով, երբ կներկայացնենք, կտեսնեք:

100-ՐԴ ԱՆԳԱՄ ԷԼ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՐՑԻՆ ՉՊԱՏԱՍԽԱՆԵՑ

– Բայց օրեր անց մարդիկ արդեն, առանց իրենց ցանկության, օրենքի համաձայն, դառնալու են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից: Հնարավորություն տրվելո՞ւ է նրանց` հետագայում դուրս գալ այս համակարգից:

– Ես հասկանում եմ, եւ նաեւ սա է եղել պատճառը, որ ցանկություն ունեի այդ նախագիծը դարձնել այնպիսին, որ գոնե նոր միացողների համար այն լինի հասկանալի եւ ընդունելի: Նորից եմ շեշտում, կարծում եմ` աշխատելու համար կապ չունի քո կարգավիճակը, բայց ակնհայտ է, որ նախարարի կարգավիճակով ավելի արագ են ստանում խնդիրները լուծումներ եւ ավելի համահունչ են լինում պատկերացնումներին, որոնք մենք ունենք, որը ես ունեմ այդ համակարգի մասին:

– Կարելի՞ է ասել, որ հիմա էլ կա հակասություն Ձեր եւ կառավարության միջեւ, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարն ու ՀՀ վարչապետը, ըստ էության, փաստել էին, որ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչին այլընտրանք չկա:

– Ինչպե՞ս... 100 անգամ նույն հարցն եք տալիս:

– Տիկին Թանդիլյան, Դուք էլ 100 անգամ է նույն հարցին չեք պատասխանում:

– Ես ասացի, որ ունենք պայմանավորվածություններ, որպեսզի դարձնենք համակարգը այնպիսին, որ ընդունելի, հասկանալի եւ ընկալելի լինի հանրության համար` ավելացնելով հուսալիություն, կայունություն եւ սկզբունքեր, որոնց համար մեր հանրությունը պայքարել է, այդ թվում` նաեւ ես: Կարծում եմ` պարզ է պատասխանս:

«ԴԻՄՈՒՄԸ ՊԵՏՔ Է ՈՒՂԱՐԿԵԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԻՑ ՀԵՏՈ»

– Իսկ ի՞նչն էր պատճառը, որ հայտարարել էիք նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու մասին:

– Պատճառն այն էր, որ ես հրաժարական էի տվել, հետեւաբար, բնական էր:

– Այսինքն` քանի որ չեք հրաժարվում նախարարի պաշտոնից, մնում եք նաեւ կուսակցությունո՞ւմ:

– Տրամաբանությունը հրաժարականի բացատրված է, հետեւաբար այստեղ էլ հարց չի կարող առաջնալ: Իհարկե մնում եմ:

Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

– Դուք բացատրել էիք, թե ինչու եք հրաժարական տալիս նախարարի պաշտոնից, բայց կուսակցությունից դուրս գալու հետ այն ի՞նչ կապ ուներ:

– Ես հայտարարել էի հրաժարական տալու մասին, հետեւաբար, եթե այն ուժի մեջ էր մտնում, ուժի մեջ էր մտնում նաեւ «Լուսավոր Հայաստանից» իմ դուրս գալը: Ամեն ինչ շատ պարզ է` ես կառավարության անդամ եմ, որովհետեւ ինձ այս պաշտոնին ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: Եթե ես կառավարությունից դուրս եմ գալիս, ուրեմն` չեմ ենթարկվել նաեւ կուսակցության որոշմանը:

– Բայց կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրե՞լ էիք, թե` միայն հայտարարել:

– Դիմումը պետք է ուղարկեի հրաժարականի դիմումից հետո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА