o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ղարաբաղը չի կարող լինել երկրորդ Նախիջեւան»

12.07.2016 15:52 ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Ղարաբաղը չի կարող լինել երկրորդ Նախիջեւան»

Հուլիսի 8-ին Վարշավայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց ՆԱՏՕ-ի անդամ եւ ոչ անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների ձեւաչափով հանդիպմանը, որն անցկացվում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Այս հանդիպման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ընթացող զարգացումների մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ, ով նախեւառաջ անդրադարձավ բարձր ամբիոնից հնչեցրած ՀՀ նախագահի ելույթին:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

«ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԻՐ ԱՊԱԳԱ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԻԱԿ ԴԱՐԲԻՆԸ»

–Վարշավայում ՀՀ նախագահն անուղղակի կերպով նշեց, որ Ադրբեջանի ցանկացած փորձ` ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը տեղափոխել այլ հարթակներ` լինի ԵԽԽՎ, ՆԱՏՕ, թե մեկ այլ վեհաժողով, ընդունելի չեն եւ հակասում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների բազում հայտարարություններին: ՀՀ նախագահը նաեւ շեշտեց, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է ի կատար ածվեն: Այսինքն` պետք է հետաքննության մեխանիզմներ ներդրվեն, եւ ԵԱՀԿ-ի գործող ներկայացուցչի իրավունքները ընդլայնվեն: Մենք գիտենք, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հետ քայլ էր կատարել եւ գրեթե հրաժարվել էր իրականացնել հետաքննության գործողությունները: Պարոն նախագահը նաեւ խոսեց 1994-95 թվականների անժամկետ զինադադարի մասին:  Հանրապետության առաջնորդը ուղիղ եւ հրապարակային ընդգծեց, որ ստատուս քվոյի փոփոխման հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է, որը մերժում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ելույթը աշխարհին երկու կարեւոր հաղորդագրություն էր փոխանցում. նախ այն, որ մենք խաղաղություն ենք ցանկանում եւ պատրաստ ենք մեր ժողովրդին, մեր հասարակությանը խաղաղություն քարոզել, եւ երկորրդ` որեւէ մեկը չի կարող մերժել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այնպես որ, Արցախի ժողովուրդը  պետք է լինի իր ապագա ճակատագրի միակ դարբինը:

«ՊԵՏՔ Է ՈՉ ԹԵ ԼԱՐԵԼ, ԱՅԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ»

–Պարոն Շարմազանով, ադրբեջանական լրատվամիջոցները անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրին` մեծ ոգեւորությամբ նշում են, որ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վ. Դորոխինը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վ. Պուտինը առաջիկայում կայցելի Բաքու ոչ դատարկաձեռն: Արդյո՞ք սա մտահոգության տեղիք է տալիս:
– Վ. Պուտինը առատաձեռն է գնում, թե դատարկաձեռն ադրբեջանական մամուլի խնդիրն է: Իրենց երկկողմ հարաբերություններում, թե ինչ կանեն կամ ինչ կառաջարկի ՌԴ նախագահը Ալիեւին, ես այն պաշտոնյան չեմ, որ ենթադրություններով խոսեմ: Բայց կարող եմ ասել մեր դիրքորոշումը. մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի բանակցությունների միջոցով` Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: Եվ պետք է ոչ թե լարել իրավիճակը, այլ  խաղաղության պատրաստել մեր ժողովուրդներին: Այդ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ` եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Արցախի ժողովուրդը ոչ մի ձեւ, ոչ մի վայրկյան, ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Պարոն Ալիեւը շատ է ցանկանում խոսել Նախիջեւանի օրինակի մասին: Հենց Նախիջեւանը լավագույն օրինակն է, որպեսզի աշխարհն իմանա, որ Ղարաբաղը չի կարող լինել երկրորդ Նախիջեւան: Այնտեղ այսօր անգամ մի հայ չի մնացել, բոլորին աքսորեցին, բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ հանդուրժող չգտնվեցին հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ: Հենց Նոր Ջուղայում տեսանք, թե ինչպես են անշունչ հուշարձաններ քանդում, բա որ մի շնչավոր հայ տեսնեին, ինչ կանեին... Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում լինելը նշանակում է ԼՂ առանց հայերի, նման բան չի կարող լինել: Արցախի 150 հազար քաղաքացիներին աշխարհը պիտի ասի դառնում եք փախստակա՞ն: Թող սա բոլորն իրենց մտքից հանեն: Մենք պատերազմ չենք սկսել, բայց ասում ենք` եթե Շոտլանդիայում նստած պաշտոնյաները իրավունք ունեն քվեարկել` մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, թե` ոչ, եթե Լոնդոնում իրավունք ունեն քվեարկել` մնալ Եվրամիությունում, թե` ոչ, եթե Կոսովոյում պարոն Իբրահիմովիչը իրավունքներ ունի, ապա Ղարաբաղում էլ պարոն Սահակյանը, պարոն Սարգսյանը, պարոն Ասատրյանն ու Պողոսյանը իրավունք ունեն իրենց կարգավիճակը որոշելու: Իմացեք` Հայաստանի իշխանությունը առանցքում ունի մի խնդիր` Ղարաբաղի ժողովրդի անվտանգություն եւ ԼՂՀ միջազգային ճանաչում: Սա է մեր նպատակը, եւ մենք գնալու ենք այդ ուղղությամբ: Բնականաբար, այդ ճանապարհը դժվար ու քարքարոտ է լինելու, բայց սա է մեր ճանապարհը:
– Այսինքն` հիմնախնդրի լուծման, այսպես կոչված, փուլային, փաթեթային ճանապարհո՞վ, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում:
– Մեր նպատակը փուլայինն ու փաթեթայինը չէ, դրանք նպատակ չեն, այլ մեխանիզմներ են: Իսկ պաշտոնական Երեւանն ասել է` եթե փուլայինի մասին եք խոսում, ուրեմն` առաջին փուլում պիտի ճանաչեք հանրաքվեի եւ ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: Ինձ համար կարեւոր չէ փուլային կլինի, թե փաթեթային, կարեւորն այն է, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվի:

​​​​​​​«Երկրի փաստացի ղեկավարը մինչեւ հիմա չի տիրապետում Արցախյան հիմնահարցի պատմությանն ու խնդիրներին»

«ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ Է` ԲԱՔՎՈՒՄ ՈՒ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ»

–Իսկ ի՞նչ կասեք ՆԱՏՕ-Ռուսաստան Հայաստանի վերաբերյալ, մեղմ ասած, խանդոտ վերաբերմունքի մասին: Այն ի՞նչ անդրադարձ կարող է ունենալ մեզ վրա:
– Հայաստանը հարս չի, որ խանդեն, այլ անկախ, ինքնիշխան պետություն է: Հայաստանն ունի եւ կարողանում է տարածաշրջանում ներկայացնել իր շահերը ու զանազանել դաշնակիցներին գործընկերներից: Ընդ որում` այդ ամենն  իրականացնելով ի շահ իր պետության եւ ժողովրդի: Մենք շահագրգռված ենք, որպեսզի ռուս-ՆԱՏՕ-ական հարաբերությունները լինեն համագործակցային, ոչ թե բավականին հակասական: Ուստի` հուսով եմ, որ օրերս կայանալիք իրենց հանդիպումը կլինի կառուցողական եւ ավելի շատ ընդհանուր եզրեր կգտնեն:  Այս հարցի վերաբերյալ կասեմ իմ անձնական կարծիքը` շատ բարձր գնահատելով ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարությունը աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրավիճակներում, Հայաստանի տեղը երկարաժամկետ առումով ՀԱՊԿ-ում է: Ես ընդունում եմ բազմակարծությունը, բայց այն իշխանական ընդդիմադիր ներկայացուցիչների թվին չեմ դասվում, ովքեր մտածում են, թե մենք մտել ենք ՀԱՊԿ, որովհետեւ ՆԱՏՕ-ից մեզ առաջարկ չի եղել: Մեր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հիմնական խաղացողը Թուրքիան է: Իսկ Հայաստանը անելիք չունի մի բլոկում, որտեղ Թուրքիան է: Եվ եթե 8 անգամ էլ հրավերներ հնչեն ՆԱՏՕ-ից, կարծում եմ` չպետք է անդամակցենք: Իմ մասնագիտության բերումով շատ լավ գիտեմ Թուրքիային եւ իրենց վարած քաղաքականությունը, որտեղ Աբդուլ Համիդից սկսած պանթուրքիզմի քաղաքականությունը եղել է գերիշխող: Այն քողարկվել է երիտթուրքական հեղափոխությամբ, հետո քեմալականների գործունեությամբ, հիմա էրդողանական, բայց դրանից էությունը չի փոխվել: Թուրքիան պանթուրքիստական երկիր է եւ սպառնալիք է մեզ համար: Բազմիցս իմ վերլուծաբան ընկերներից խնդրել եմ` Մոսկվայում, Վաշինգտոնում կամ Փարիզում սպառնալիքներ չփնտրել, սպառանալիքը մեր կողքին է` Բաքվում եւ Անկարայում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА