o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

12.07.2016 15:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երեկ աշխարհով մեկ տոն էր, որը, սակայն Երեւանում այդպես էլ մնաց աննկատ` ՇՈԿՈԼԱԴԻ ՕՐԸ: Ինչեւէ, մինչ սննդաբանների տարբեր դպրոցները կատաղի վիճում են շոկոլադի օգտակար կամ վնասակար լինելու մասին, ընթերցողին հայտնենք մեր համոզմունքը` ինչը հաճելի է, այն էլ օգտակար է: Բայց, այնուամենայնիվ, զարմանալով հանդերձ, որ այդ քաղցրահամ տոնը մոռացել ենք, ընդամենը հիշեցնենք, թե ինչ է իրենից ներկայացնում իսկական շոկոլադը: Իսկական է միայն դառը շոկոլադը, եւ այն պետք է պարունակի միայն կակաո, կակաոյի յուղ եւ մի քիչ շաքար: Եթե այլ բան է պարունակում, դա արդեն ոչ թե շոկոլադ է, այլ շոկոլադ պարունակող մթերք: Ինչեւէ, հիշեցնենք, որ մի կտոր շոկոլադով օրը սկսելը միշտ էլ պոզիտիվ է:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ այժմ մեր քաղաքական դաշտի զարմանալի երեւույթների մասին: Նորաստեղծ «Ռեֆորմիստներ» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ զարմանալի ճշմարտություն հրապարակեց հայրենի ընդդիմության մասին. «Մեր հասարակության որոշ շերտերում կա թյուրըմբռնում, թե մեր երկրում մեծ վարկանիշ կարող է ունենալ միայն ընդդիմությունը: Կարող եմ ձեզ հակառակն ասել` ընդդիմություն բառից արդեն իսկ մեր ժողովուրդը հոգնել է: Եթե մեր երկրում ընդդիմությունը ժողովրդականություն վայելող ուժ լիներ, ապա ինչ-որ ժամանակ կգար իշխանության, բայց բոլոր ընտրություններում ընդդիմությունը չի հասել այնպիսի հաջողության, ինչի մասին բարձրաձայնել է նախքան ընտրությունները»: Եվ իրոք, եթե բարձրագույն վարկանիշ ունեցող ընդդիմությունը լիներ, ապա այսքան ընտրությունների ընթացքում գոնե մեկ անգամ մեծամասնություն կդառնար եւ կգար իշխանության, այլ ոչ թե լոլոներ կկարդար, իբր ամեն ինչ գլխիվայր են շուռ տվել:

Ի դեպ, Վերաքննիչ դատարանը կրկին մերժեց ԺԻՐԱՅՐ ՍԷՖԻԼՅԱՆԻ կալանքը չեղարկելու հայցը: Ըստ փաստաբան Արա Զաքարյանի.  «Այն, որ բողոքը մերժվելու էր, մենք կասկածներ չունեինք: Այնուհանդերձ, գոնե Վերաքննիչ դատարանը ձեւական առումով պետք է արտաքին ատրիբուտները պահպաներ` ցույց տալու, որ ինչ-որ նիստ է եղել, եւ այդ նիստի ընթացքում գոնե պաշտպանական կողմին հնարավորություն է տրվել արտահայտվելու, իր փաստարկները ներկայացնելու: Դրանով դատարանը ցույց տվեց, որ ընդհանրապես, պաշտպանական կողմ, ինչ ասեք-չասեք, միեւնույն է, ձեր բողոքը ենթակա է մերժման»: Բայց հարցին նայենք մյուս կողմից` ենթադրենք վաղն ազատ արձակեցին: Ինչ-որ բան դեպի լավը կփոխվի՞. ես կանեմ զարմանալի պնդում, որ դա ընդդիմության համար կլինի փոփոխություն դեպի վատը: Հիմա գոնե կա այն մարդը, ում որպես քաղբանտարկյալ կարող են պաշտպանել, իսկ հենց ազատ արձակվի` մեր ընդդիմադիրների ունեցած միակ քաղբանտարկյալը կմնա ոստիկաններին ութհարկանի հայհոյանքներ տվող սովորական խուլիգան Գեւորգ Սաֆարյանը... Չնայած, միգուցե նրանց հասանելիքը հենց դա՞ է: 

Այն, որ Նժդեհի խոսքով ասած` հայի տականքն անգերազանցելի է, համոզվեցինք Ջավախքի ՎԱՉԻԱՆ գյուղում տեղի ունեցած գարշելի հանցագործության առնչությամբ` 24-ամյա համագյուղացին արդեն խոստովանել է, թե ինչպես է կատարել հանցանքը: Ըստ պատգամավոր Հենզել Մկոյանի. «Տղան տուն է մտել կամ բռնաբարության, կամ գողության նպատակով, ինչը դեռ կպարզի քննությունը: Աղջիկն արթնացել է, հանցագործը դանակով խփել, սպանել է, որից հետո դանակով խփել է նաեւ մորը: Հետո գազը բաց է թողել, գնացել է, դռներն ու պատուհաններն էլ փակել է, որ ընտանիքի մյուս անդամները խեղդվեն»: Եվ զարմանալին այն է, որ այդպիսի ոճիր դեռ չէր տեսել ոչ միայն Ջավախքը, այլ միգուցեեւ ամբողջ Վրաստանը:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА