o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ եղավ նախարարի հրաժարականի հարցը. Հայոց Աշխարհ

21.06.2018 11:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչ եղավ նախարարի հրաժարականի հարցը. Հայոց Աշխարհ

Դժվար է պատկերացնել, որ, ասենք, ինչ-որ մի 3-4 ամիս առաջ որեւէ նախարար հայտարարեր, թե հրաժարական է տալիս, հետո մասնակցեր կառավարության նիստերին, իսկ լրատվամիջոցները, լրագրողները եւ սոցցանցերը բզկտող հայրենակիցները հարցախեղդ ու դիվադադար չանեին նրան, թե ե՞րբ է թողնելու պաշտոնը, ինչո՞ւ է շարունակում աշխատել, եթե հրաժարական է տվել եւ այսպես շարունակ: 
   «Նոր Հայաստանում», եթե կարելի է այդպես ասել, ինչ ասես հնարավոր է: Ինչպես սիրում է կրկնել ժողովրդական վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ անհնարինն է հնարավոր: Զարմանահրաշ քաղաքական կյանք, մի խոսքով: 
   Տեսեք, մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 12-ին, աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, իր գաղափարական անհամաձայնությունն արտահայտելով կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության դիրքորոշմանը, հրապարակավ (ֆեյսբուքում արված գրառմամբ) հայտարարեց թե՛ նախարարի պաշտոնից հրաժարական տալու, թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հեռանալու մասին: 
   Այդ հայտարարությունն ու կեցվածքը շատերը, մենք էլ այդ թվում, ընկալեցին ու մեկնաբանեցին որպես սկզբունքային մոտեցում, քանզի Մանե Թանդիլյանը ակտիվ հասարակական, ապա նաեւ քաղաքական անցուդարձում ներգրավվել է հենց նշված կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ մի քանի տարի առաջ ծավալված «Դեմ եմ» շարժման հետ կապված: 
   Ավելին՝ նրա ներկայացրած «Ելք» դաշինքի նախընտրական խոստումներից մեկը հենց այդ պարտադիր բաղադրիչը չեղարկելն էր, այլ ոչ թե գործարկելը կամ վերագործարկելը, ինչպես հիմա վարվում է թավշահեղափոխական, այդ թվում՝ իր ներկայացրած կառավարությունը: 
   Բայց ուշագրավն այն է, որ արդեն ամբողջ մեկ շաբաթ է, ինչ կառավարության անդամներից մեկը՝ աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարարը հայտարարել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը, պարզ ասած՝ հրաժարական է տալիս ու... վերջ: Այս ընթացքում կառավարության հերթական ու արտահերթ նիստեր են եղել, որոնցում Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցը չի քննարկվել: Իսկ նախարարն էլ, կարծես, մասնակցել է: 
   Հետաքրքիր է նաեւ, որ ինչպես Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան «պատին», այնպես էլ իր գլխավորած նախարարության լրահոսում վերջին գրառումն ու հրապարակումն արված են հենց հունիսի 12-ին: Դրանից հետո ոչ մի բացատրություն, ոչինչ: 
   Ենթադրենք, նա պարզապես շարունակում է կատարել պարտականությունները, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կընդունի կամ չի ընդունի իր հրաժարականը, այն ներկայացնելով նախագահի հաստատմանը:
   Ենթադրենք, Մանե Թանդիլյանին դաշնակից վարչապետն ու նաեւ իր կուսակցության ղեկավարությունն ասել են, թե գնահատում են նրա մոտեցումը, բայց հորդորում են, որ «հանուն հեղափոխության հաղթանակի» մնա եւ շարունակի պաշտոնավարել, մինչեւ...
   Չէ, բայց ինչո՞ւ ենթադրություններ անել, եթե կարելի է կոնկրետ հայտարարել. այսպես ու այսպես, սիրելի հպարտ, բայց անտեղյակ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ նախարարի հրաժարականը չի ընդունվել: Կամ ասվի՝ ընդունվել է: Կամ՝ կուսակցության վերաբերյալ. ի վերջո, Մանե Թանդիլյանը մնո՞ւմ է «Լուսավոր Հայաստանում», թե՞ այնուամենայնիվ դուրս է եկել, ինչպես հայտարարել էր: 
   Քար լռություն է թե՛ մեկ, թե՛ մյուս հարցով: 
   Հասկանում ենք, իհարկե, որ այս հարցն արծարծելով, փաստորեն զբաղված ենք «հակապետական քարոզչությամբ»: Ի՞նչ, կասեք, թե՝ ծաղրական ակնարկնե՞ր ենք անում: Այո, անում ենք: Չէ՞ որ սկսել ենք ապրել այնպիսի իրավիճակում, երբ պետության ղեկավարը, ի դեմս վարչապետի, իրեն իրավունք է վերապահում որեւէ լրատվամիջոցի, որեւէ հեռուստաընկերության հեռուստահաղորդումների, հրապարակումների վերաբերյալ հայտարարել, թե՝ «հակապետական քարոզչությամբ» են զբաղված, ինչ-որ սպառնալից ակնարկներ անել, հետո էլ այդ ամենը փորձում է «ջրել», թե՝ հորդոր ու կոչ է եղել, ուրիշ ոչինչ: 
   Չշեղվենք, սակայն: 
   Հարցը, կարծում ենք, միանգամայն պարզ է. Մանե Թանդիլյանը պնդո՞ւմ է իր հրաժարականը, թե՞ ոչ: Եթե հայտարարվի, որ նա վերանայել է հրաժարական տալու այդ որոշումը, խնդիր չէ, շատերը թերեւս ըմբռնումով կվերաբերվեն: Բայց խնդիրը ոչ թե այդ վերաբերմունքն է, այլ այն վերաբերմունքը, որ կարեւոր քաղաքական հայտարարություն են անում ու... մոռանում, անգամ հարկ չեն համարում հանրությանը որեւէ բան բացատրել: Ինչպես ասվում է՝ այո կամ ոչ:
   Այլապես այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հրաժարականի հետ կապված այդ ամբողջ իրարանցման հիմնական խնդիրն այն էր, որ «Ելքը» ներկայացնող գործչի, նախարարի քաղաքական դեմքն ու վարկը փրկեն, առնվազն՝ «Դեմ եմ» շարժման երբեմնի համախոհների առջեւ: Իբր տեսեք, մարդը պահեց իր սկզբունքը, բայց, դե, կառավարությունն էլ, այդ ամենը հարգելով հանդերձ, խնդրեց շարունակել աշխատանքը եւ այլն: Ճարտար լեզու ունեն, մի բան կգտնեն բացատրելու: Մանավանդ ինչ էլ ասեն, «ֆան-ակումբը» միահամուռ կաջակցի: 
   Ի դեպ, հետաքրքիր կլիներ ի մի բերել տարատեսակ նորապաշտոնյաների հայտարարությունները՝ այս կամ այն ոլորտում այսքան ու այնքան «միլիոններ ուտելու» վերաբերյալ: Անկեղծորեն հետաքրքիր է. անցած 1 ամսվա ընթացքում քանի՞ միլիոն կամ ավելի կոռեկտ՝ որքա՞ն գումար է վերադարձվել պետական բյուջե: Թե չէ, ստացվում է՝ միլիոնների մասին հայտարարությունները կան ու... վերջ: 
   Այս տեսանկյունից ամենից ուշագրավը, նկատենք, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, հեղափոխական Դավիթ Սանասարյանի հայտարարություններն են: Ոչ այնքան վաղուց՝ մայիսի 28-ին, հայտարարեց, թե՝ նշված ծառայությունն իր առաջին ստուգումներն սկսելու է բուհերից: Ընդամենը քսան օր անց, այսինքն՝ հունիսի 18-ին, Դավիթ Սանասարյանն արդեն այսպես խոսեց. «Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում...»: 
   Կարելի է գրեթե կանխատեսել, որ Դավիթ Սանասարյանը հուլիսի 8-ին կհայտարարի. «Պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է առաջին ստուգումները...»: Եվ սա ամենեւին անեկդոտ չէ, այլ իրականություն:

Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չընդգրկվեց ԱՄՆ Սենատի օրակարգում․ VOA

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА